Պահի գլխավոր խնդիրը՝ ինչպե՞ս հասնել Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղեր

27.08.2021 16:56
5113

Գորիս-Կապան ավտոմայրուղում ստեղծված ճգնաժամի հետեւանքով առանձնապես դժվար պայմաններում են հայտնվել Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը…

Մ-2 մայրուղով, հասկանալի է, հնարավոր չէ հասնել այդ գյուղեր: Ճանապարհն արգելափակված է ե՛ւ Էյվազլար գյուղում (երկու տեղ), ե՛ւ Կարմրաքարում:

Ինքներս փորձեցինք գտնել Գորիսի հանրությանը լրջագույնս մտահոգող հարցի պատասխանը՝ ինչպե՞ս գնալ Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան:

Այսօր՝ օգոստոսի 27-ին, որոշեցինք մեկնել  այդ գյուղեր: Գնացինք Խոտ գյուղով, այնուհետեւ՝ Խազալ կապով…

Մոտ 10 կմ երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 1960-ականներին՝ Տաթեւ հէկ-ի շինարարության ժամանակ:

«Սյունյաց երկիր» պարբերականի՝ Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակին նվիրված հատուկ համարում Ժորա Մանուցյանը պատմում է՝

«1962 թ. սկսվեց Խազալ կապից Որոտանի ափ ճանապարհի շինարարությունը: …Տեղանքի  ռելիեֆն  ուներ շատ բարդ կառուցվածք՝ բարձրադիր ու ցածրադիր լեռներ, ձորեր ու ձորակներ, զառիթափներ… Մի քանի ամիս անց լեռան բարձունքից մինչեւ Որոտան ձգվեց ասֆալտապատ ճանապարհը: Եվ օրական հարյուրավոր մեքենաներ էին Կապանից երթեւեկում այդ ճանապարհով, իսկ բեռնատարները Որոտանի ձախ ափին կառուցվող հէկ-ի համար նյութեր, հումք եւ օժանդակ միջոցներ էին տեղափոխում»:

Տաթեւ հէկ-ի շինարարության ավարտից հետո, սակայն, ճանապարհն անտերության է մատնվել եւ տարիների ընթացքում հայտնվել ծայրահեղ անմխիթար վիճակում:

Խոտի մերձակայքում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարից մոտակա այգիների համար բաց թողնված ջրերը, ցավոք, շատ դեպքերում հոսում են ուղիղ ճանապարհով՝ այգետերերի քմահաճության պատճառով: Դրա հետեւանքով էր, որ տարիներ առաջ  ճանապարհի մի հատվածը սողանքի պատճառով փլուզվեց ամբողջովին: Հետո, իհարկե, գրունտային ճանապարհ բացեցին, որը գործում է մինչեւ հիմա, բայց եւ հարմար է հատկապես ամենագնաց մեքենաների համար:

Մեր այցի ընթացքում դժվար չէր նկատել, որ մեկ-երկու օր առաջ այդ ճանապարհին ինչ-որ բուլդոզեր է աշխատել, սակայն դժվարանցանելի տեղերն այդպես էլ մնացել են նույն վիճակում:

Լեռան գագաթից իջնող մոտ 10 կմ երկարությամբ ճանապարհն անցնելուց հետո դուրս եկանք Մ-2 մայրուղի (Որոտան գյուղի եւ Տաթեւ հէկ-ի մերձակայքում):

Բայց, գյուղ գնալուց առաջ, որոշեցինք Մ-2 միջպետական ճանապարհով նախ շարժվել դեպի արեւելք, որտեղ իրար հարեւանությամբ ՌԴ սահմանապահների եւ Ադրբեջանի՝ մարտական դիրքեր հիշեցնող հսկիչ կետերն են:

Այդտեղ մայրուղին ինչ-որ առարկաներով փակ էր, եւ մենք, բնականաբար, կանգ առանք:

Անմիջապես մոտեցան դիմակավորված եւ զինված ռուս սահմանապահները:

Մի քանի մետր այն կողմ էլ ադրբեջանցի զինվորներն անմիջապես հավաքվեցին՝ հավանաբար տեսնելու, թե ինչ մեքենա է ժամանել:

Ռուս սահմանապահը վտանգավոր համարեց մեր այնտեղ գտնվելը եւ հորդորեց անմիջապես հեռանալ: Իսկ որեւէ հարց տալ կամ լուսանկարահանումներ կատարել՝ արգելեց, այլապես դա կարող էր դիտվել կարգի խախտում՝ տհաճ հետեւանքներով…

Մենք հեռացանք երկու պետության՝ միմյանց հարեւանությամբ գտնվող հսկիչ կետերից ու ճամփա բռնեցինք  դեպի Որոտան գյուղ:

Որոտանում, բարեբախտաբար, հանգիստ վիճակի ականատես եղանք…

Այնտեղ նաեւ հանդիպեցինք դրսեկ մասնագետների, ովքեր Տաթեւ հէկ-ում վերազինման աշխատանքներ են իրականացնում եւ  Գորիս քաղաքի հետ հաղորդակցվում են Խազալ կապի ճանապարհով:

Որոտանից հետո ճանապարհը չշարունակեցինք Թասի լեռնանցքով. ցավալի էր տեսնել, որ երբեմնի բանուկ մայրուղին ամբողջովին դատարկ է՝ ոչ մի  մեքենա… Հսկիչ կետի ռուս սահմանապահն էր մեզ հորդորել՝  ձեռնպահ մնալ Շուռնուխ մեկնելուց, քանզի լեռնանցքի գագաթին (Մազրա գյուղի խաչմերուկում)՝ ՌԴ սահմանապահների հենակետի դիմաց, կարող էին եւ ադրբեջանցիներ լինել:

Մենք վերադարձանք Որոտանից: Հետ դարձանք նույն ճանապարհով:

Խոտ գյուղից Խազալ կապ ձգվող ճանապարհին հանդիպեցինք մի անձնավորության, ով գեոդեզիական (երկրաբաշխական) աշխատանք էր կատարում: Ըստ գեոդեզիստի՝ եկող շաբաթվանից հիմնանորոգման աշխատանքներ կսկսվեն Խոտ-Խազալ կապ-Որոտան ճանապարհին, որն Էյվազլարը շրջանցող միակ ճանապարհն է:

Հ.Գ.

Թեեւ դեպի Շուռնուխ ճանապարհը չշարունակեցինք, բայց տեղեկացանք, որ ԱԻՆ-ի մեքենան հաց է հասցրել ե՛ւ Շուռնուխ, ե՛ւ Բարձրավան. այդ մեքենան նույնպես Որոտան է հասել Խազալ կապով:

Իմացանք նաեւ, որ Շուռնուխ-Բարձրավան ճանապարհային կապը գործում է ու անվտանգ է:

Ի դեպ, Բարձրավան գյուղն էլ այլընտրանքային ճանապարհ ունի: Տաթեւ-Կապան վերաշինվող ճանապարհից (Մալդաշ-Քաշունիի խաչմերուկից) կարելի է թեքվել դեպի արեւելք եւ մոտ 10 կմ երկարությամբ  լեռնային ճանապարհով՝ Հարսնաձորի լեռնագագաթով եւ Կատարիի ստորոտով հասնել Բարձրավան: Այդ ճանապարհը, սակայն, դժվարանցանելի է եւ հրատապ վերանորոգման կարիք ունի՝ գոնե թեթեւակի:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25