Սյունիքի մարզի 2022 թ. հոգեւոր-մշակութային գլխավոր իրադարձությունը

31.12.2022 20:30
1880

Մեր խմբագրակազմի երկու տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ծնվել և լույս է տեսել «Սյունյաց երկիր» պարբերականի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում նահատակված 228 սյունեցի քաջերին։

Համարը բաղկացած է A4 չափսի 256 էջից (թուղթը՝ կավճապատ, սկզբի և վերջի էջերը՝ գունավոր)։

https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_585_(19).pdf

Համարը տպագրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Վարդան Ջհանյան, գլխավոր տնօրենի տեղակալ՝ Արթուր Նիկողոսյան, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն՝ Արմեն Ստեփանյան)։ Հատկապես մեծ է եղել Արթուր Նիկողոսյանի դերակատարությունը։

Համարը բացվում է  թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի առաջնորդող հոդվածով՝ «Ձեզ հավիտյանս փա՜ռք՝ զորականներ չպարտված ու նահատակված»,  որը ներկայացնում ենք ստորև։

***

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՄԵՆԱՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ  ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ԵՐԲ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ՊԻՏԻ ԱՍԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԶՈՀՎԱԾ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ...

Բայց եղավ 2020 թ. աղետաբեր աշունը, եղավ տարակուսանքներով լեցուն Արցախյան նոր պատերազմը, որի սկսվելն ու ընթացքն առայսօր էլ հստակ պարզաբանման կարիք ունեն...

Պատերազմը, անշուշտ, հայրենական էր. ոտքի ելան Հայաստանի Հանրապետության՝ ազգային արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր կարելիությունների չափով:

Պատերազմը  յուրօրինակ մի նոր հերոսամարտ էր Սյունյաց աշխարհի բազմադարյա պատմության մեջ, ինչը, անտարակույս, բացատրելի է. Արցախի անառիկությունը հարյուրամյակներ շարունակ պայմանավորված է եղել և՛ է Սյունիքի անպարտելիությամբ, և՛ ընդհակառակը:

Պատերազմում զոհվեց Սյունյաց աշխարհի 228 զավակ, իսկ 11-ի ճակատագրի

մասին մինչև հիմա տեղեկություններ չկան, մեկն էլ գերեվարվել ու կեղծ մեղադրանքներով դատապարտվել է:

Պատերազմի օրերին սրտի անհուն կսկիծով անուն առ անուն ներկայացրել ենք

անմահության ճամփա բռնած մեր լույս տղաներին, որոնց դաժանորեն կուլ էր

տալիս արհավիրքը:

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո (թերթային բոլոր համարներում) շարունակել ենք հիշատակի խոսքեր հնչեցնել իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր նահատակ հայրենակիցների մասին:

Եվ այնուամենայնիվ մեզ պարտավորված զգացինք սերունդներին թողնել մի ամբողջական մատյան՝ ներառելով սեղմ ու համառոտ շարադրանքով հիշատակություններ մեր բոլոր զոհերի մասին:

Ու մեկուկես տարի տեղեկություններ էինք հավաքում պատերազմում նահատակված ամեն մի սյունեցու մասին:

Այդ աշխատանքի արդյունքը «Սյունյաց երկրի» սույն համարն է:

* * *

Հիշատակարան-մատյանում փորձել ենք վերստին կարևորել 44-օրյա պատերազմում Սյունյաց աշխարհի քաջարի զավակների նահատակությունն ու անմար պահել հիշողությունը նրանց մասին:

Եվ պատշաճ համարեցինք դա անել՝ ինչ-որ առումով նրանց հետ նաև մենախոսելու ձևաչափով...

… Հրի և սրի զոհ մեր եղբայրներ, արևաբույր մեր տղաներ, մեր զավակներ, նահատակությամբ սրբացած մեր քաջ զորականներ՝ ողբ ու սուգ այստեղ չենք անելու:

Ձեզանով հպարտանալու ենք, աղոթելու ենք ձեր հոգիների հանգստության համար, ձեր գործած սխրանքների հերոսապատումն ենք ներկայացնելու՝ երդվելով, որ ձեր անկատար երազներն ու իղձերը կյանքի ենք կոչելու:

Իսկ եթե նենգ թշնամին շարունակի իր սուրը մեր գլխին մերկացրած պահել, ի զեն ենք գոչելու, և սյունեցիներս՝ ոգեղենացած ձեր գնդերի հետ, մեր սրբազան նահատակներ Սիսակ Նահապետի, Անդովկ իշխանի, Դավիթ Բեկի ու Մխիթար  Սպարապետի, Զորավար Անդրանիկի ու Արսեն Շահմազյանի, Դրոյի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սպարապետի հաղթական դրոշները վեր պարզած, նոր սխրանքների ենք գնալու...

Դուք դարձաք ազատաբաղձ հայ ժողովրդի անպարտելի ոգու և երազանքների

մերօրյա խորհրդանիշը:

Դուք ձեր արյամբ նոր պատմություն կերտեցիք, որն ապագայում, անշուշտ, ուղղորդելու է մեր ազգային ընթացքը:

Ձեր նահատակությամբ մեր ժողովուրդը վերահաստատեց հարատևելու և արժանապատիվ պետականություն ունենալու իր աստվածատուր իրավունքը:

Դուք մարտնչեցիք արիաբար և հոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ

վերստին սրբացնելով հայրենի հողը:

Ձեր կյանքի նվիրաբերությամբ պարտավորեցրեցիք ողջերիս ու եկող սերունդներին՝ մշտապես ոգեշնչվելու ձեր օրինակով: Դուք ոչ թե վախճանվեցիք, այլ ձեր կյանքը միաձուլեցիք մեր ժողովրդին հավերժորեն ուղեկցող աստվածային լույսի հետ:

Ձեր հիշատակը ոգեշնչում է մեզ, որ բարձր պահենք մեր գլուխը, ոտքի կանգնենք ծնկաչոք վիճակից, ապաքինենք 2020-ի աղետալի պատերազմից ստացած վերքերը, արթուն պահենք մեր հույսը և հավատանք, որ լեռներում նորից հարսանիք է լինելու:

Այդ դուք եք, որ կենսունակ եք պահում նաև անսակարկելի այն ճշմարտությունը, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել մոլագարությամբ և ազգայնամոլությամբ տառապող ադրբեջանական պետության կազմում, որ հազարամյակներով աննվաճ Սյունիքը չի կարող անդամահատված մնալ ու չի կարող թուրք-ազերիների ոտի կոխան դառնալ:

2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմում յուրաքանչյուրդ ճակատ էիք մեկնում գիտակցումով, որ հնարավոր է և զրկվեք կյանքից... Գիտակցում էիք, բայց և գնում էիք անխռով, ու հայրենիքի կանչով խանդավառված…

Հենց այդպիսի վարք ունեցողների համար էր Ավարայրի պատմիչը գրել՝ «…Գիտակցված մահն անմահություն է»:

Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արևաբույր տղաներ, հրի և սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…

***

Համարում ձեռնպահ մնացինք խոսք ասել անհայտ ճակատագրի արժանացած մեր 11 հայրենակցի մասին՝ բավարարվելով նրանց անունները հիշատակելով:

Առայժմ մի ճշմարտություն ենք փաստում՝ նրանց ճակատագրերի անհայտությունը նույնպես զոհաբերություն է հանուն Հայաստանի պետականության:

* * *

Արցախյան մերօրյա պատերազմը, չնայած իր ողբերգական ավարտին, միանշանակ հերոսական էր:

Մեր պարտքն ենք համարում նորից ցավակցել մարտիրոսացած մեր հերոսների հարազատներին, մերձավորներին, սիրելիներին:

Այս հուշամատյանը թող փոքրիկ մխիթարանք լինի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, որբացած մանուկներին:

Այս հիշատակարանով մեր երախտագիտության տուրքն ենք մատուցում իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած մեր նվիրական հայորդիներին:

Փառք տանք մեր զորականներին, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի ու միացան Ավարայրում, Սարդարապատում, Լեռնահայաստանի հերոսամարտերում, Արցախյան առաջին և Ապրիլյան (2016 թ.) պատերազմներում մարտիրոսացած ու սրբացած մեր նախնիներին:

Հիշենք նաև, որ զոհվածների հիշատակի առջև ապրողներիս գլխավոր առաքելությունը մեր հայրենիքին արժանապատվորեն տիրություն անելն է...

* * *

2020 թ. Արցախյան պատերազմը հայ ժողովրդի պատմության ամենածանր գոյամարտերից էր. մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան զինյալները…

Եվ այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ ու անտարբեր հայացքի ներքո, ինչից հայ ժողովուրդը գոնե այս անգամ պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել…

Անկախ ամեն ինչից՝ Արցախյան երրորդ պատերազմը հայ ժողովրդի երբևէ ունեցած նշանավոր հերոսամարտերից էր և նրա ողբերգական ավարտն ամենևին էլ չի կարող ստվերել այն սխրանքը, որ գործել են հայոց մարտիկներն ու հրամանատարները, մեր կամավորական նվիրյալները:

Բոլոր նահատակների անունները պարտավոր ենք փոխանցել սերունդներին, որպեսզի նրանք ոգու կրակ առնեն իրենց նախնիների նվիրական հիշատակից:

«Սյունյաց երկրի» սույն հրատարկություն-հուշամատյանն այդ ուղղությամբ արվող ընդամենը մի համեստ քայլ է:

Հուշամատյանն ամբողջացավ և ծնվեց Արթուր Նիկողոսյանի կամեցողությամբ ու աջակցությամբ, ով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, ում փոխանցում ենք մեր խմբագրակազմի ու ընթերցողների երախտագիտությունը:

Մեր երախտագիտությունը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանմանը (ղեկավար՝ գնդապետ Վահե Աղալարյան), ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցին (ղեկավար՝ գնդապետ Մելիքսեթ Պողոսյան)՝ հիշատակարանի նախապատրաստության ընթացքում մեր ստեղծագործական թիմին օժանդակելու, հրապարակվող տեղեկությունների արժանահավատությունն ապահովելուն աջակցելու համար:

Համարի ծրագրավորումից մինչև հրատարակություն՝ իր աշխարհընկալումների խորախորհուրդ ներկայությամբ մեզ հետ էր Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը, ում խմբագրակազմի խորին երախտագիտությունն ենք փոխանցում:

Օրհնաբեր այս հուշմատյանի նախապատրաստության ամբողջ ընթացքը հավելյալ անգամ ցույց տվեց, որ արժանապատիվ սյունեցիներն իրենց ապրած կյանքով ու խոնարհումով շարունակում են սրբագործել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջերի անունները:

Իսկ դա նշանակում է, որ նահատակներից յուրաքանչյուրի համար սիրով կարող ենք գործածել հայտնի աստվածադիր խոսքը՝ «Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար»: Համոզված ենք՝ Հայաստան աշխարհի և հայոց Սյունիքի ազգային սրբազան երթն անվախճան է լինելու...

Սամվել Ալեքսանյան

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34