Սյունիքի թագավորություն. մի քանի դրվագ պատմությունից, որոնցից արժեր դասեր քաղել

15.08.2024 11:39
1846

Սյունյաց աշխարհի զավակներ, իմ հայրենակիցներ...

Այս անգամ խոսելու ենք մեր երկրամասի պատմության մի շրջափուլի մասին, որը ներառում է 970-ից մինչև 1170 թվականը. դա Սյունիքի թագավորության շրջանն է։

Ժամանակները խիստ հակասական էին, բայց և բախտորոշ, ուստի և անհրաժեշտություն կա նախևառաջ ու շատ համառոտ բնութագրել պատմական տվյալ էպոխան։ Այլապես չի հասկացվի, թե ինչու և ինչ շարժառիթների արդյունքում՝ Բագրատունիների թագավորության օրերում, պատմական ասպարեզ իջավ Սյունիքի թագավորությունը։

Եվ ուրեմն՝ մեզ հետաքրքրող դարաշրջանում տարածաշրջանում խոշոր խաղացողներ էին Արաբական խալիֆայությունը, Բյուզանդական կայսրությունը, ապա և Սելջուկյան իշխանությունները։

Խալիֆայության թուլացման (որ նկատելի էր 9-րդ դարից) և հայերի մղած ազատագրական պայքարի շնորհիվ առաջացավ Բագրատունիների հայոց թագավորությունը (885-1045 թթ.)։

Պետական այդ միավորումն ի սկզբանե ձգտում էր ի մի համախմբել ոչ միայն Հայաստանի մյուս իշխանությունները, այլև Աղվանքը, Վրաստանը և Աբխազիան։

Եթե սկզբնական փուլում դա որոշ չափով հաջողվեց, ապա հետո ի հայտ եկան ներքին պառակտումներ ու արյունահեղ խռովություններ։

Հայկական իշխանությունների ներքին երկպառակություններից օգտվում էին Բյուզանդական կայսրերը, Արաբական խալիֆայությունը, ապա և թուրք-սելջուկները։ Նրանք, բնականաբար, չէին կարող հանդուրժել Հայաստանի զորեղացումը։

Ուստի և քաջալերում էին կենտրոնախույս ուժերին և իրենց հովանու ներքո առնում խռովարար, ըմբոստ իշխաններին։

Այդ ամենի հետևանքով էր, որ 908 թ. Վասպուրականն անջատվեց Բագրատունիների թագավորությունից՝ վերածվելով առանձին թագավորության։ Հետագայում իշխանական այլ տներ նույնպես անջատվեցին Բագրատունիներից։

1045 թ. Բյուզանդական կայսրը խաբեությամբ Կ. Պոլիս հրավիրեց Գագիկ Բ Հայոց թագավորին և պահեց գերության մեջ, որով և վերջ դրվեց Բագրատունիների թագավորությանը։

Դրանից առաջ՝ դեռևս 1022-ին, Հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը համաձայնություն կնքեց, որով Բագրատունի թագավորի մահվանից հետո թագավորությունը պիտի անցնի Բյուզանդական կայսրությանը։

Իհարկե, հնարավոր չէ առանց ցավի ու ափսոսանքի վերհիշել մեր պատմության այդ շրջանը, երբ հնարավոր էր ապահովել վերահաստատված միասնական հայկական պետության հարատևությունը, բայց երկպառակությունները, օտար ուժերի միջամտությունները, դավաճանությունները ցաքուցրիվ արին հայոց պետականությունը։

Պատմական այդ խառնակ ու բախտորոշ ժամանակում էլ ծնվեց Սյունիքի թագավորությունը։

* * *

Ցավալի մի իրողություն կա, որը, կարծեք, չի շրջանցում Սյունիքի թագավորության պատմությունն ուսումնասիրող ոչ մի գիտնական։ Բոլորը, ասես միաբերան, Սյունիքի թագավորության ստեղծումը համարում են Բագրատունիների հայկական կենտրոնական իշխանությունից խույս տալու դրսևորում և անջատողականություն։

Այդ մեղադրանքին ժամանակին պատասխանել է Ստեփանոս Օրբելյան պատմիչը, որը, մասամբ, պատշաճ ենք համարում հիշել։

Ահա՝ «Ո՛վ պատվական ընթերցող, այժմ լսի՛ր ինձ, և ես քեզ կպատմեմ պանծալի բաներ, քանի որ Սիսական տոհմը, որ սերվում է Հայկից, մի ժամանակ միավորված էր Արշակունի և Պահլավիկ թագավորական ցեղին, երբեմն առնչվում էր Խազիրների թագավորության, իսկ ամենից հետո՝ Բագրատունիների հետ, երբեք չըմբոստացավ հայրենի իշխանությունների դեմ։ Իսկ երկար ժամանակ անց, երբ դուռ բացեցին նախ Արծրունիները՝ թագադիր լինելով ընդդեմ հայոց թագավոր Սմբատի, թագադիր եղան նաև Վրաց բդեշխ Ատրներսեհն ու Աղվանից Համամը, Ափշինը մեծարանքով (առաջարկեց) թագադիր լինել Վասակ Սյունիին, բայց սա չկամեցավ ապստամբի անուն վաստակել։ Ապա, երբ թուլացավ Բագրատունիների իշխանությունը, և ուժեղացավ արաբական բռնությունը, տրոհվելով անջատվեցին երկրի բոլոր նախարարական գահերը՝ Վասպուրականինը, վրացականը, աղվանականը, Կյուրիկյան կոչված ձորագետցիները, ինչպես նաև Կարս-Վանանդինը, որ Բասյանք է կոչվում։

... Այն ժամանակ Բագրատունիներն իշխում էին միայն Շիրակին ու Այրարատին՝ մինչև Գեղարքունիք, Ուխտիք, Կարին, Վասպուրականի սահմանը, Ձորագետ ու Գարդման, իսկ Սյունիքը կտրված էր նրանցից։ Այդ պատճառով էլ Սմբատը քրեական մեղք չհամարեց։ Եթե Բագրատունիները, որ գերեվարությամբ բերված էին Հրաչեից, արժանի գտնվեցին դրան, ապա որքա՜ն առավել արժանի էին սրանք, որ Հայկից ակնհայտ հարազատությամբ, որդիները հայրերին փոխարինելով բնիկ իշխանությամբ եկել-հասել են մինչև այժմյան ժամանակները։ Արդ՝ Սմբատը թագավորելով՝ ճոխ ու երևելի փառքով կազմակերպում է թագավորությունը՝ ինքնակալ թագավորների ձևով» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի թագավորություն, Երևան 1986, էջ 256-257)։

Հիմնավոր, փաստարկված այդ խոսքից ևս մեկ անգամ համոզվում ենք՝ Սյունիքի անջատումը և ինքնիշխան թագավորության ձևավորումը պատմական անհրաժեշտություն էին, ժամանակի հրամայականը և թելադրված էին բացառապես Սյունիքի անվտանգության, լինելիության ապահովման գերակա շահով։

Սյունիքի իշխանական տան և Բագրատունիների միջև այնպիսի ջերմ հարաբերություններ կային, որ ազնիվ չէր լինի թագավորության ձևավորումն ընդվզում կամ ապստամբություն որակել՝ ընդդեմ Բագրատունիների թագավորության։ Ավելին, Սյունիքը խիստ դժգոհեց, բայց չընդվզեց Բագրատունիների դեմ նույնիսկ այն ժամանակ, երբ 902 թ. Սմբատ Ա Բագրատունի թագավորը Նախճավան քաղաքը՝ իր շրջակայքով հանդերձ, հանձնեց Վասպուրականին։ Եվ դա այն դեպքում, երբ Արշակունիների ժամանակ ու դրանից հետո այդ տարածքները Սյունիքին էին պատկանում ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեին։

Սյունիքը խիստ դժգոհեց, բայց չընդվզեց, երբ Բագրատունիների նախաձեռնությամբ չապացուցված մեղքեր վերագրեցին Վահան Ա Սյունեցի Ամենայն հայոց կաթողիկոսին՝ բոլոր ժամանակների ամենանշանավոր կապանցիներից մեկին, և 969 թ. կաթողիկոսական աթոռից զրկեցին նրան։ Բագրատունի Աշոտ Ողորմած թագավորի կողմից հետապնդվող և փախուստի մատնված Վահան կաթողիկոսը հանգրվանեց Վասպուրականում, այնտեղ էլ մահկանացուն կնքեց 973-ին, թաղվեց Ձորովանքում՝ Գևորգ Գառնեցի և Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսների մոտ։

Իհարկե, նման իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Սյունիքի իշխանական տան և Բագրատունիների հարաբերություններին, բայց երբեք չէին կարող անջատումի պատճառ լինել։

* * *

Սյունիքի թագավորները...

Երկու հարյուր տարվա ընթացքում ունեցանք յոթ թագավոր, ովքեր երկու հարստության (դինաստիայի) ներկայացուցիչներ էին։ Ընդ որում՝ առաջին դինաստիան, որ կոչում ենք Սյունիների կամ Սիսակյանների դինաստիա, ներկայացնում էին երկու ընտանիք։

Առաջին ընտանիքը Սահակյաններն էին կամ Վասակյանները, ովքեր սերում էին Սյունյաց մեծ նահապետ Վասակից։

Ըստ Ստեփանոս պատմիչի՝ «... Մեր Սիսական աշխարհում առաջինը թագավորեց քաջարի, հզոր և բարեպաշտ արքա Սմբատը»։ Թագավորեց 987-998 կամ 970-998 թվականներին։ «Եվ շատ ճոխություններից ու արքունական երևելի գործերից հետո վախճանվում է։ Նրա դին թաղվում է Տաթևի վանքում՝ աստվածաբնակ աթոռի մեծ սրբարանում՝ համաժողովրդական մարդաշատ հանդեսով» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. Էջ 257)։

Դարձյալ ըստ Ստեփանոս պատմիչի՝ «Սմբատից հետո թագավորում է նրա որդի Վասակը՝ հաճելի, աստվածասեր և բոլոր գործերի մեջ հաջողակ մի մարդ, որը քրոջը կնության էր տվել Աշոտին՝ նույն Սիսական տոհմից»։ Թագավորեց 998-1040 թվականներին, վերջնական հանգրվանը գտավ Տաթևի վանքում՝ հոր կողքին։

Վասակ թագավորը ժառանգ չուներ, ուստի և թագավոր դարձրին Սյունիների (Սիսակյանների) հարստության մեկ այլ՝ Ավագ Աշոտյանների ընտանիքի ներկայացուցչին՝ Սմբատ երկրորդին (1043-1051 թթ.)։

Ավագ Աշոտյանները Ծղուկի տերերն էին։ Սմբատ Բ-ն իր նախորդի՝ Վասակ թագավորի քրոջ որդին էր։ Նույն Սմբատ արքան, ըստ Ստեփանոս Օրբելյանի, «...Առավել հաճելի էր ու հեզահամբույր, սակայն ահարկու՝ շրջակա բոլոր ժողովուրդների համար»։ Նա հողին հանձնվեց Վահանավանքում կամ Հովհաննու վանքում (գերեզմանը՝ տապանաքարով, հայտնաբերված է)։

Սմբատ երկրորդին փոխարինում է իր եղբայրը՝ Գրիգորը (Գրիգոր Ա), ով թագավորեց 1051-1072 թթ.։

Գրիգորի Ա-ի մահվանից հետո (նա նույնպես հողին է հանձնվել Հովհաննու տաճարի դռանը) Սյունիքի թագավորության գահին հայտնվում է Առանշահիկների (Եռանշահիկների) ներկայացուցիչը (Առանշահիկ նշանակում է Առանի տիրակալ)։

Առանշահիկները Կուր և Երասխ գետերի միջև տարածված Աղվանքի ժառանգական կառավարիչներն էին։ Նրանք Խաչենի իշխաններն էին, ովքեր 9-րդ դարում Աղվանքի տեր հռչակվեցին և կրում էին «Թագավոր Աղվանից» տիտղոսը։

Առանը, ըստ Մովսես Խորենացու, Սյունյաց նախահայր Սիսակի սերնդից էր, հայկազուն էր։ Բայց Առանի սերունդը 6-րդ դարում դուրս մղվեց պատմական թատերաբեմից։ Ասել է՝ խաչենցի Առանշահիկները Սիսական Առանից չէին սերում։ Ինչևէ, Սյունիքի թագավոր Գրիգոր Ա-ի մահվանից հետո թագավորության մեջ տեղի ունեցավ դինաստիական փոփոխություն։

Ինչու և ինչ հանգամանքների արդյունքում տեղի ունեցավ այդ փոփոխությունը։ Ըստ Ստեփանոս պատմիչի՝ «Գրիգորն իրեն կին էր վերցրել ամենաօրհնյալ, խորահավատ բարեպաշտուհի Շահանդուխտին՝ Աղվանից տնից. նրանց թագավորազն մեծ իշխան Սևադայի դստերը։ Նրանք անզավակ էին, և թագավորությունը մնալու էր առանց ժառանգորդի։ Ապա իշխանների հետ խորհուրդ անելով՝ Աղվանքից բերում են նույն Շահանդուխտի եղբայր, թագավորազն մանուկ Սենեքերիմին՝ խիստ գեղեցիկ տեսքով, առողջ կազմվածքով, իմաստուն ու հանճարեղ, այլև՝ աստծուց երկյուղած» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. էջ 268)։

Սենեքերիմ Սևադյանը թագավորեց 1072-94 թվականներին։ Նա դավադրության զոհ դարձավ։ «Եվ եկան մեծամեծերն ու (սպանվածի) որդիները, մեծ լացուկոծ արին նրա վրա և վերցրին-տարան Վահանի սուրբ վանքը, այնտեղ գերեզման դրեցին ուրիշ թագավորների շիրիմների մոտ» (Ստ. Օրբելյան, նույն տեղում, էջ 270)։ Ի դեպ, Սենեքերիմ արքայի գերեզմանը չի հայտնաբերվել:

Սենեքերիմից հետո Սյունիքի թագավորական գահն անցավ նրա որդուն՝ Գրիգորին (Գրիգոր երկրորդ), ով թագավորեց 1094-1116 թվականներին (որոշ տեղեկություններով՝ 1103-1166 թթ.)։

Գրիգոր երկրորդ արքան նույնպես ժառանգ չունեցավ։ Ուստի և՝ «Բերել տվեց Խաչենի իշխաններից, գեռաքարեցի մի կտրիճի՝ Հասան անունով, իր դուստր Կատային նրան կնության տվեց ու դարձրեց իր թագավորության ժառանգ... Իսկ երբ սելջուկներն ուզեցին բերդը գրավել, Հասանը բերդապահներ նշանակեց, ինքն էլ վերցրեց կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, գիշերը բերդից դուրս եկավ և անցավ գնաց Խաչեն՝ իր գավառն ու տունը» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. էջ 270)։

Ահա, թե ինչպիսի անփառունակ վարք դրսևորեց Գրիգոր երկրորդ արքային հաջորդած Հասան Գեռաքարեցի թագավորը, ով էլ եղավ Սյունյաց թագավորության վերջին արքան. դա 1170 թվականին էր։

Ի դեպ, Գրիգոր երկրորդ արքայի աճյունը հողին հանձնվեց (ամենայն հավանականությամբ) Սիսիանի Շաքի գյուղի մերձակայքի սրբարաններից մեկում (հետագայում գտնվել է նրա քարե սարկոֆագը, որ ներկայումս պահպանվում է Սիսիանի քարադարանում)։

* * *

Սյունիքի թագավորության պատմությունը, հիրավի, հերոսականության և հայրենատիրության, արժանապատվության և ինքնիշխանության համար համառ պայքարի երկդարյա ժամանակաշրջան է։

Երկիրը ոչ միայն արժանապատվորեն էր դիմակայում հարևանների արշավանքներին, այլև խաղաղության ամենափոքր ժամանակաշրջանը կարողանում էր ծառայեցնել ստեղծագործ աշխատանքին, թագավորության հզորացմանը, բանակի ուժեղացմանը, կորսվածը վերականգնելուն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել խոշոր պատերազմները, որոնք խնդիր ունեին երկիրը պաշտպանել օտար նվաճողներից։

Այսպես՝ 1064 թ. սելջուկյան զորքերն արշավանք կազմակերպեցին Սյունիքի դեմ։ Բազմապատիկ անգամ գերազանցող ուժերին թագավորության բանակն արժանապատվորեն դիմագրավեց։ Այդուհանդերձ թագավորության որոշ տարածքներ ասպատակության ենթարկվեցին Մելիքշահի ու նրա վեզիր Նիզան ալ-Մուլքի զորքերի կողմից։ Արդյունքում ձեռք բերվեց հաշտություն։ Պայմանները ծանր էին, մի քանի գավառ խլվեցին իրենց բնիկ տերերից։

Նոր պատերազմ տեղի ունեցավ 1094 թ.։ Գանձակի սելջուկյան կուսակալությունը, կամենալով վերջ տալ Սյունիքի թագավորությանը, արշավանք կազմակերպեց դեպի մեր երկրամաս։ Պաշարեցին Կապանը, բայց սյունեցիների հերոսական պաշտպանության շնորհիվ նրանք հաջողության չհասան։ Հանդիպելով համառ դիմադրության՝ թշնամին դիմեց նենգ միջոցի. Գրիգոր Ապիրատյան իշխանի միջնորդությամբ Սենեքերիմ թագավորը հրավիրվեց բանակցությունների, որի ժամանակ էլ սպանվեց։ Չնայած դրան, սելջուկները հաջողության չհասան ու նահանջեցին։

Դրամատիկ իրադարձություններով լեցուն էր 12-րդ դարը։ Գտնվելով սելջուկյան օղակման մեջ՝ Սյունյաց թագավորությունը ստիպված եղավ շուրջ յոթ տասնամյակ համառ պայքար մղել թշնամու դեմ։

Առաջին մեծ բախումը (այդ ընթացքում) տեղի ունեցավ 1103 թվականին։ Թուրք–սելջուկները՝ Չորթմանի առաջնորդությամբ, գրավեցին, կողոպտեցին և ավերեցին Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանը։

Այո, 1103 թվականին կորստյան մատնվեց Կապան քաղաքը, որը մարդկանց համար անառիկ էր։

1104-ին թշնամու ձեռքն ընկավ Որոտն ամրոցը, որը թագավորության հյուսիսային դարպասն էր։

1105-ին թշնամին գրավեց Բղենը։ Այդ կռիվների ժամանակ գերվեց Սյունյաց Խոսրովիկ իշխանը։

1126 թվականին սելջուկները կրկին փորձեցին վերջ տալ Սյունյաց թագավորությանը։ Այդ ժամանակ Հարոն ամիրան նորից հարձակվեց Կապանի և Արևիք գավառի վրա՝ գրավելով Կաքավաբերդն ու Բաղակու քարը։ Ընդ որում՝ վերջինս վանք էր, որտեղ կուտակված էին մեծ հարստություններ, նաև ձեռագրեր։ Եվ, այդուհանդերձ, հայկական ուժերը կարողացան Կաքավաբերդն ու Բաղակու քարը վերադարձնել Սյունիքի թագավորությանը։

1151-52 թթ. Ատրպատականի Ելտկուզ Աթաբեկի զորքերը հարձակվեցին Սյունիքի վրա։ Հանդիպելով լուրջ դիմադրության՝ նրանք ամրապնդվեցին միայն Շլորուտ բերդի մերձակայքում։

1157 թ. Ատրպատականի զորքերը հարձակվեցին Մեղրու վրա և գրավեցին այն։

1162 թ. Ատրպատականի Ելտկուզ Աթաբեկի զորքերը կրկին շարժվեցին դեպի Սյունիք։ Մի քանի տարի տևած ռազմական գործողություններից հետո՝ 1166-69 թթ., թշնամին կարողացավ գրավել թագավորության նշանավոր բերդերից Գրհամը, Գեղին և Կաքավաբերդը։

1170 թ. սելջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը՝ Բաղաբերդը, որտեղ գտնվում էր Հասան թագավորը։ Որոշ ժամանակ անց Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական։ Թագավորը հեռացավ բերդից ու ճանապարհվեց դեպի Խաչեն՝ իր հայրենական կալվածք։

Դրանից շատ չանցած՝ սելջուկները խաբեությամբ տիրացան Բաղաբերդին և մեծ կոտորած կազմակերպեցին։

Տերության ամենաանառիկ այդ ամրոցում էին պահվում թագավորության բազմաթիվ հարստություններ և մեծարժեք իրեր։ Այդտեղ էին նաև Տաթևի եպիսկոպոսական աթոռի մասունքները, որոնց թվում՝ 10 հազարի հասնող ձեռագիր։

Բաղաբերդի անկումից հետո թագավորության մյուս բերդերը ստիպված էին հանձնվել թշնամուն։

* * *

Սյունիքի թագավորության գոյության ճանապարհին տեղ են գտել դեպքեր և իրադարձություններ, որոնցից այսօր հետևություններ անելու, դասեր քաղելու կարիք ունենք...

Սյունիքի թագավորության գլխավոր ամրոցը՝ Բաղաբերդը, որ աննվաճ է եղել դարեր շարունակ, ընկավ 1170 թվականին (ինչպես նշեցինք վերևում)։

Անառիկ այդ ամրոցը բոլորի ապավենն ու ապաստարանն էր: Իսմայելցիների բազմաքանակ զորքերը երբեք չեն կարողացել նվաճել Բաղաբերդը։ Ուստի և գործի դրեցին խաբեությունը, սուտ խոստումներով խաբեցին մերձակայքում գտնվող Աչաղու գյուղի պարզամիտ հայ քրիստոնյա մարդկանց ու նրանց օգնությամբ գիշերը մտան Բաղաբերդ, որտեղ էլ սաստիկ կոտորած սարքեցին։ Եվ առաջինը սրի քաշեցին այն հայերին, որոնց օգնությամբ կամ որոնց դավաճանությամբ խուժել էին բերդի տարածք։

Այդպես ընկավ Սյունյաց թագավորության մայրաքաղաքի գլխավոր ամրոցը...

Տեղի հայ բնակչության մի փոքր մասը հավատացել էր թուրք-սելջուկներին, հավատացել, որ նրանք երջանկություն ու ապահովություն կբերեն Սյունիքին, բայց...

Թագավորության ողբերգական անցքերից մեկը, անշուշտ, Սենեքերիմ արքայի սպանությունն էր և այդ դավադրությանը հայերի ակտիվ մասնակցությունը։ Սենեքերիմ արքան, ինչպես Սյունիքի պատմիչն է արձանագրում, «Երևելի փառքով թագավորեց Բաղաց տանը, ընդարձակեց իր տերության սահմանները, իր թագավորությունը հաճելի և խաղաղ կյանքով վարեց բազում տարիներ» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. էջ 269)։

Իսմայելականները նախանձով էին լցված Բաղքի գեղեցիկ և ամուր թագավորության հանդեպ ու այն իրենց համար մեծ խոչընդոտ էին համարում։

Եվ Գանձակի ամիրան մեծ զորքով եկավ Սենեքերիմի դեմ։ Որքան էլ զարմանալի է, Սենեքերիմի դեմ պատերազմին (թշնամու կողմից) մասնակցում էր Շիրակի իշխան Գրիգորը՝ Ապիրատի որդին։ Բայց համոզվելով, որ ռազմի դաշտում չեն կարողանում հաղթել Սենեքերիմի զորքերին, դիմեցին դավի։ Բագրատ Ուլուբաբյանն իր «Խաչենի իշխանությունը X-XVI դդ.» մենագրության 111-րդ էջում նշում է. «Աղբյուրները վկայում են, որ Գանձակի Փադլունյաններին օժանդակում էին հայ իշխանները, ինչպես «Վասակ Պահլավ՝ որդի Գրիգոր Մագիստրոսի», որի առաջնորդությամբ Գանձակի ամիրա Փադլունը պաշարում է Բաղաց Կապանը, դավով սպանում Սենեքերիմ թագավորին»։

Շատ ցավալի ու սոսկալի է, որ Սյունիքի թագավորի և թագավորության դեմ ձեռք էր բարձրացրել Շիրակի հայոց իշխանությունը։

Պատկերացնո՞ւմ եք, Կապան մայրաքաղաքի մատույցներում (սելջուկների հետ ձեռք ձեռքի տված) կռիվ էր տալիս անեցի իշխան Գրիգոր Ապիրատը (որոշ տեղեկություններով՝ Վասակ Պահլավունին)։ Ավելին, հենց նրանցից մեկն էր, ով խաբեությամբ, սուտ երդումներով Սենեքերիմին համոզեց ու տարավ ամիրայի մոտ, որտեղ էլ սպանվեց մեր թագավորը։

Այդպես է եղել. մենք՝ մեր դեմ։ Այդպես՝ մեզ պառակտելով, միմյանց դեմ հանելով ջլատել են հայոց ուժերը։ Ու միշտ էլ մեզանում գտնվել են ուժեր, անհատներ, ովքեր զինվորագրվել են մեր թշնամիներին, ներսից թուլացրել, քանդել հայոց պետականությունը։

Չափազանց ամոթալի դրվագ էր Սյունիքի վերջին թագավորի՝ Հասան Գեռաքարեցու փախուստը պաշարված Բաղաբերդից, ինչին անդրադարձանք վերևում։ Միգուցե և այլ ելք ունենար Բաղաբերդի պաշտպանությունը, եթե թագավորը, ասել է թե՝ սյունիքյան զորքերի գլխավոր հրամանատարը, մնար ու գլխավորեր ամրոցի պաշտպանությունը։ Նա կարող էր և պարտավոր էր դա անել։ Միգուցե և մնար ու հերոսաբար զոհվեր՝ այդկերպ իր տեղը գտնելով Սյունյաց աշխարհի սուրբ նահատակների պանթեոնում։ Կամ՝ կամավոր գերության հանձնվեր՝ իր հպատակներին փրկելու պայմանով, ինչպես վարվեցին սյունիքյան իշխանական տների բազմաթիվ ներկայացուցիչներ, բայց... Ինքը փախավ, քանզի Սյունիքն իր համար հայրենիք չէր, այլ թագավորելու-վայելելու երկիր...

Այո, միշտ էլ Սյունիքը չափազանց թանկ է վճարել, երբ ինչ–որ թյուրիմացություն, պատահականություն և թշվառական եկել է գլխավորելու մեր երկրամասը...

Քանիցս ապացուցված այդ ճշմարտությունից նույնպես դասեր չենք քաղում։

* * *

Ամփոփենք. Սյունիքի թագավորությունը բացառիկ մեծ նշանակություն ունեցավ հայոց մեր երկրամասի լինելիության և անվտանգության ապահովման գործում։ Դժվար չէ կռահել, թե ինչ կկատարվեր Սյունիքի հետ, եթե այստեղ անկախ պետական միավորում չձևավորվեր։

Ավելին, Սյունիքի թագավորությունը, ինչպես Ստեփանոս Օրբելյանն է նշում իր «Ողբ»-ում, Հայոց ազգի աջ բազուկն էր երկու դար շարունակ։ Եվ թագավորության կործանումով այրիացավ մեր երկրամասը։ Ու պահանջվեցին տասնամյակներ, նույնիսկ դարեր, մինչև Սյունիքը վերագտավ իրեն։

Սյունիքի թագավորության պատմությունը, ճակատագիրը երիցս հուշում են ապրողներիս ու գալիք սերունդներին՝ արժանապատիվ տերը լինել մեր երկրի, մեր պետության, այլապես ամեն մի կորուստ (առավել ևս՝ տարածքային) դժվարությամբ է վերականգնվում, եթե, իհարկե, վերականգնվում է։

Երախտապարտ սյունեցիներն իրենց նախնիների պատմությունը, իրենց փառապանծ հերոսներին ու առաջնորդներին գնահատել–արժևորել, սրբագործել գիտեն։ Դրա վկայությունն է նաև Դավիթ Բեկի, Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Պողոս Տեր-Դավթյանի, ֆիդայական-հայդուկային շարժման առաջնորդների, ինչպես և Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակի հավերժացումը։

Արդարացի կլիներ, եթե (գոնե ուշացումով) հավերժացնեինք Սյունիքի վեց թագավորների հիշատակը (գուցե և մոնումենտալ արվեստի մեկ բարձրաճաշակ գործ ստեղծելով), չէ՞ որ 200 տարի շարունակ նրանք են ապահովել Սյունիքի արժանապատիվ լինելիությունը։

Կարևոր ենք համարում մեր պատմության այդ շրջանն աճող սերնդին ճանաչելի դարձնելը, գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները հանրայնացնելը, պետական ու զորական նշանավոր դեմքերին հանրությանը ներկայացնելը. այդ նպատակն է հետապնդում «Սյունյաց երկրի» սույն համարը։

Անհրաժեշտ է նաև Սյունիքի թագավորության՝ գոնե պաշտպանական խոշոր ամրոցների, մայրաքաղաք Կապանի վերջնական ու ամբողջական տեղորոշման ուղղությամբ կատարվող աշխատանքների ակտիվացումը, որն առանց պետական աջակցության հնարավոր չի լինի գլուխ բերել։

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01