Տիգրան Փարվանյան. «Պատերազմ է տեսել սյունեցին, մահ ու ավեր. թող այդ ամենն անդառնալիորեն մնա անցյալում»

26.12.2017 11:09
1790

Դեկտեմբերի 2-ին հայկական երկու հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում անցկացվեց  զորավարժություն՝ միտված զինված ուժերի մարտական պատրաստվածության ստուգմանը: Ռազմական այդ կարեւոր միջոցառմանն էր նվիրված մեր զրույցը ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հետ: 

- Առաջին բանակային կորպուսն իմ գլխավորությամբ անցկացրեց զորավարժություն, որի նախադեպը չի եղել,- ասաց Տ. Փարվանյանը: - Զորավարժությանը հետեւում էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, երկու հանրապետության պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը, Լեւոն Մնացականյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ, պետական այրեր, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Զորավարժությունն անցավ բարձր մակարդակով, որի ավարտին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը զինծառայողներին մաղթեց բարի ծառայություն եւ խրախուսական պարգեւներ հանձնեց առավել աչքի ընկած զինվորներին ու սպաներին: Մեր հարեւաններն էլ տեսան եւ զգացին, որ եթե, Աստված մի արասցե, ոտնձգություն կատարվի մեր սահմանների վրա, իրենց ինչ է սպասվում: 

- Կան բաներ, որոնք բարձրաձայն չեն ասվում՝ կապված ռազմական գաղտնիք լինելու հետ, բայց հանրապետական լրատվամիջոցներով, մասնավորապես «Հ-1»-ի «360 աստիճան» կիրակնօրյա ամփոփիչ հաղորդման մեջ, հայտնվեց, որ զորավարժության ընթացքում նոր զինատեսակ է գործածվել:  

- Զորավարժությանը նոր զինատեսակ փորձարկեցինք, որն իրեն շատ լավ արդարացրեց, նշանակետին հասան բոլոր հրթիռները: Ինձ թվում է, որ փորձարկումը ստացվեց, եւ նոր զինատեսակը դեռ կատարելագործվելու է: Այսքանը կասեմ: 

- Ո՞րն է այս զորավարժության առանձնահատկությունը: Ի՞նչով էր տարբերվում այլ զորավարժություններից: 

- Առանձնահատկությունը մարտավարության մեջ էր. ըստ սցենարի՝ պայմանական հակառակորդն անցել է «հարձակման» եւ ճեղքել հայկական բնագիծը: Պաշտպանության զորքերի առջեւ խնդիր էր դրված կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ տարբեր ուղղություններով թշնամուն ջլատել, ջախջախել, մասնատել: Զորքերի տարբեր տեսակներ իրար հետ համակցելով՝ կազմակերպել ենք համազորային մարտ եւ մեր առջեւ դրված խնդիրը կատարել: Հիմնականում սա կարող եմ ասել: 

- Սովորաբար զորավարժությունների ժամանակ խնդիր է դրվում վարժանքներն առավելագույնս մոտեցնել իրական ռազմական գործողություններին: Մեր նախնական զրույցի ընթացքում տեսանյութ դիտեցինք զորավարժությունների ընթացքի մասին եւ համոզվեցինք՝  այդ խնդիրը կատարվել է: 

- Բնական է, որ յուրաքանչյուր զորավարժություն դիտվում է որպես պատերազմական գործողություն: Շատերը համոզվեցին, որ զորավարժությունն անցկացրինք իրական մարտական գործողություններին համահունչ: Հրթիռային եւ հրետանային կրակն արձակվում էր հակահարձակվող յուրային շարակարգի գլխավերեւով: Նպատակն այն էր, որ զորավարժությունը հնարավորինս մոտենա իրական մարտական իրավիճակին, ուստի տարբեր զինատեսակներ օգտագործեցինք՝ մարտական հրթիռներ, մարտական փամփուշտներ…

- Արդեն նշեցիք, որ կիրառվեց նոր զինտեխնիկա: Հետաքրքիր է՝ սպայական անձնակազմը, շարքային զինվորը կարողացա՞ն քննություն բռնել, գործածել այդ զինատեսակը:

- Ոչ թե կարողացավ օգտագործել կամ քննություն բռնել, ինչպես ասում եք, այլ իր խնդիրը գերազանց կատարեց: Որովհետեւ նոր զինատեսակը չեն վստահում անտեղյակ մարդուն: Տվյալ զինատեսակին անձնակազմն ուսուցանված էր եւ պատրաստ իր առջեւ դրված խնդիրը կատարել՝ անկախ եղանակային պայմաններից: 

- Եթե դատելու լինենք զորավարժության արդյունքով՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո մեր զորքերի մարտական պատրաստությունն աճել է: 

- Ապրիլյան պատերազմից անցել է 1.5 տարի, եւ շատ բան է փոխվել հայկական զինված ուժերում, բանակն անհամեմատ առաջընթաց է գրանցել թե՛ մարտավարության, թե՛  սպառազինության, թե՛ զինվորի վարժվածության, թե՛ սպայական կազմի պատրաստվածության առումներով: Այդ բոլոր ճանապարհներն անցել ենք ու օր օրի կատարելագործվում ենք: Ես, կարծեմ, ձեր թերթին տված հարցազրույցում ասել եմ՝ եթե բանակը թեկուզ մի ամիս անգործության մատնվի, կդառնա անմարտունակ: Բանակի համար յուրաքանչյուր րոպեն թանկ է: Ժամանակի յուրաքանչյուր միավոր պիտի օգտագործել բանակի զարգացման համար: Ինչո՞վ է դա արտահայտվում: Կան մշակված պլաններ: Օրինակ, արդեն նախանշված է 2018 թվականի պլանը: Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ արտացոլված է այդ պլանի մեջ, թե ինչ պիտի անենք, ինչ առաջադրանքներ կատարենք: Իհարկե, լինում են արտապլանային ինչ-ինչ խնդիրներ, որոնք լուծելով հասնում ենք ցանկալիին, բայց հիմնականում առաջնորդվում ենք պլանով ու ամեն օր կատարելագործվելով՝ առաջ շարժվում:

- Մենք հետեւում ենք աշխարհի անցուդարձին եւ չենք հիշում մի զորավարժություն՝ առավել եւս տվյալ երկրի նախագահի մասնակցությամբ, որ հարեւան երկրի կողմից արձագանք չունենա: Այս անգամ եւս, կարծում ենք, արձագանքներ եղած կլինեն հարեւան պետության կողմից: Եթե գաղտնիք չէ…

- Որքան տեղյակ եմ համացանցից, մեր հարեւանները հերթական անգամ իրենց լավ չեն զգացել, հայտարարություններ են արել, թե իբր հայկական երկու պետության ղեկավարներն ինչ-որ համահավաք զորավարժության են մասնակցել: Այսքանը գիտեմ:

- Բանակում, ինչպես ամեն մի ոլորտում, ինքնակատարելագործվելու խնդիր կա, երեւի նաեւ վերլուծել եք, ու եթե ինչ-որ բան Ձեր սրտով չի եղել, ձգտում եք ավելի կատարյալին հասնել հետագա զորավարժությունների ժամանակ: Ճի՞շտ է մեր դիտարկումը:

- Եթե հաջորդ զորավարժությունն անցկացնենք այնպես, ինչպես այս զորավարժությունը, կնշանակի՝ ոչնչով չենք զբաղվել: Կնշանակի՝ եղածով բավարարվել ենք ու առաջ գնալու խնդիր չենք դրել: Նաեւ գլխավոր շտաբի նպատակն էր, որ զորավարժությունները չպիտի կրկնեն իրար: Այո, այս զորավարժությունը հաջողված էր, անձնակազմն իր առաջ դրված խնդիրները կատարեց: Վերջնական գնահատականը, բնականաբար, կտա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը: Իսկապես, որպես հրամանատար, կարծում եմ, որ մեր առջեւ դրված առաջադրանքները կատարել ենք բավարար: Ինչ վերաբերում է բացթողումներին, իհարկե, կլինեն նաեւ այդպիսիք: Սահմանվում է ժամանակ, որի ընթացքում կատարվում են թերությունների վերլուծություն ու արդյունքների ամփոփում, այնուհետեւ վերացվում են դրանք: Շտկելով թերությունները, համոզված եմ, հաջորդ զորավարժությունների ժամանակ կունենանք այլ պատկեր: 

- Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ եւ Արցախի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը: Եթե գաղտնիք չէ, նրանց գնահատականը զորավարժությանը: 

- Քանի դեռ զորավարժության վերլուծությունն ու ամփոփումը պաշտոնապես չի արվել, գնահատականը չի տրվել: Բայց որպես մարդ եւ հրամանատար ես զգացի, որ մեր երկու գլխավոր հրամանատարն էլ բավարարված ու գոհ գնացին զորադաշտից: Կարծում եմ՝ հետո մեր վերադասն այդ գնահատականը պաշտոնապես կհայտնի: Թեեւ թվում է՝ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն անձնակազմի առջեւ այդ գնահատականն իր խոսքում արդեն իսկ տվել է՝ ասելով՝ «Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ եւ պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է»: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այդ գնահատականն ասվել է ի լուր աշխարհի: 

- Այս թեմայից դուրս՝ մի հարցի մասին, որ հանրության մեջ քննարկվում է վերջին շրջանում: Որպես բարձրաստիճան զինվորական, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը. խոսքը Սյունիքի մարզի զինկոմների՝ վերջին շրջանում կատարված փոփոխության մասին է՝ պայմանավորված տարիքով: Երբեմն կողքից ասում են՝ դեռեւս մենք կարիք ունենք փորձված սպաների: Արդյո՞ք ճիշտ է նման սպաներին զորացրելը: Չնայած դա արվում է օրենքի շրջանակում, բայց արդյո՞ք այդ ուժերն օգտագործելու կարիք չունենք հիմա: 

- Գիտե՞ք ինչ, օրենքում ամրագրված է, որ սպան պիտի ծառայի 25 տարի, բնական է՝ այդ ժամկետը լրանալուց հետո նա գնում է վաստակած հանգստի: Քառորդ դար մարդը ծառայել է հայրենիքին, ազգին, բանակին, եւ որպեսզի նրա օրգանիզմը չջլատվի մինչեւ վերջ, որպեսզի իր հետագա կյանքն ապահովի, ապա պետք է գնա վաստակած հանգստի: 

Զինվորական ծառայության մեջ իրականությունը մի քիչ այլ է: Օրինակ, գնդապետներին 50 տարեկանում զորացրում են, ամեն տարի պայմանագիր կնքելով կարող է ծառայել մինչեւ 55 տարեկանը: Եթե բաղդատենք քաղաքացիական կյանքում աշխատանքը եւ զինվորական ծառայությունը՝ դրանք տարբեր բաներ են: Ճիշտ է՝ մենք զինվորական ենք, բայց ունենք մեր ընտանիքը, մեր կողքին կա քաղաքացիական կյանք: Զինվորականի կյանքը երկփեղկված է, ըստ ամենայնի՝ զինվորականը երկու կյանքով է ապրում, որն էլ բարդացնում է մարդու ե՛ւ հոգեկան վիճակը, ե՛ւ ֆիզիկական վիճակը, իսկ օրենքը հնարավորություն է ընձեռում, որ նա իր հանգիստը վայելի իր զավակների, թոռների հետ: Իմ ենթակաները մինչեւ զեկուցագիր չեն գրում, կայազորի տարածքից չեն բացակայում: Տարբեր կենցաղային հարցեր են ծագում, չմոռանանք հայի մեր հոգեկերտվածքը՝ եթե մեկի մատը փուշ է մտնում, բոլոր հարազատներով հավաքվում ենք: Բայց նույն այդ սպան հնարավորություն չունի ամեն անգամ գնալ-գալու, նա անձնակազմի համար պատասխանատու անձ է: Խնդիրը դրա մեջ է: 

- Հավանաբար չպիտի անտեսել նաեւ սերնդափոխության խնդիրը:

- Ճշմարիտ եք, երբեք չպիտի մոռանալ, որ ունենք աճող սերունդ: Ավագներին փոխարինել է պետք, երիտասարդ սերնդին ինքնադրսեւորվելու հնարավորություն պիտի տրվի: Հինգ տարի հետո, օրինակ, ես չեմ կարող այսօրվա պես մտածել ու աշխատել: Ճիշտ է, շատերը դժգոհում են դրանից՝ դեռ իմ էներգիան տեղն է, ես կարող եմ շարունակել ծառայությունս եւ այլն: Եթե մեկին բացառություն անես, մյուսին էլ պիտի ընդառաջես, երրորդին՝ նույնպես: Բայց նաեւ ծառայության մեջ լճանալու վտանգը կա:  Երիտասարդներին ճանապարհ պիտի տանք, նրանք էլ ասելիք ու անելիք ունեն,  բա նրանց էներգիան ու ջիղը որտե՞ղ օգտագործենք:

- Պարոն գեներալ, թեմայից դուրս եւս մի հարց ենք ուզում տալ. շատ է խոսվում ինչպես բանակային 1-ին կորպուսում, այնպես էլ բանակում առհասարակ կատարվող կրճատումների, կառուցվածքային փոփոխությունների մասին: Ձեր հրամանատարության ներքո գտնվող կորպուսում եւս նման կրճատումներ եղան:

- Չի կարելի ասել կրճատում, թերեւս վերակազմավորում, վերադասավորում, թեպետ այս վերջինը զինվորական բառապաշարից չէ, համենայն դեպս հաստիքային, կառուցվածքային փոփոխություններ եղան, եւ բանակային կորպուսը դրանից ավելի հզորացավ, ավելի ուժեղացավ ու կոնկրետ այդ ստորաբաժանումներն էին մասնակցում տվյալ զորավարժություններին, ու տվյալ ստորաբաժանումների համար նաեւ ներդաշնակման փուլ էր, որ կարողացան իրենք համատեղ  գործել նույն խնդրի շուրջ, նույն տարածաշրջանում, նույն տեղում, նույն զորավարժարանում: Եթե զորամիավորումը լիներ նախկին հաստիքային կառուցվածքով, կլիներ այլ պատկեր, ոչ թե վատ, այլ լրիվ ուրիշ պատկեր: Հետեւաբար՝ նաեւ համոզվեցինք, որ կառուցվածքային այդ փոփոխությունները զարգացման եւս մի աստիճան են, որ բերեցին-հանգեցրեցին վերջին զորավարժության՝ նման արդյունքների: Տվյալ փոփոխությունները դեռեւս շարունակվելու են բանակում (չգիտեմ, թե որերորդ անգամ եմ կրկնում)՝ մենք զարգանում ենք ամեն օր: Բանակը կենդանի օրգանիզմ է, ինչպես մանուկը ծնվելով օրեցօր մեծանում է, հետո դառնալով դպրոցական, գիտելիքներ ձեռք բերում, պատանի լինելով՝ մի այլ կյանքով ապրում ու այդպես շարունակ: Ի տարբերություն մարդկային օրգանիզմի՝ բանակը երբեք չի ծերանում: Բանակն իրավունք չունի ծերանալու: Երբ ծերացավ, համարիր, որ այլեւս այն չկա:

- Այս հարցազրույցը հրապարակվելու է 2017 եւ 2018 թվականների սահմանագծում, ուստի կուզեինք իմանալ, թե ի՞նչ կփոխանցեք սյունեցիներին, մեր թերթի բոլոր ընթերցողներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով:

- Մեր երկրի յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրահատուկ կոլորիտը: Սյունիքի յուրաքանչյուր համայնք իր առանձնահատկություններն ունի, դարերով ձեւավորված ավանդույթները: Բոլորին շնորհավորում եմ ամենասպասված տոնի առթիվ: Ով ինչ նվիրական ցանկություն ունի, թող կատարվի 2018 թվականին: Սյունիքը մի այլ աշխարհ է, մի յուրահատուկ բնաշխարհ: Այստեղ հինավուրց ավանդույթներ կան, այստեղ դարերից եկող բնակավայրեր կան եւ նոր կառուցված քաղաք ու գյուղ: Սյունիքում զարգացող ընթացք եմ տեսնում, եւ պատահական չէ, որ Գորիս քաղաքը հռչակվել է  ԱՊՀ երկրների 2018 թվականի մշակութային մայրաքաղաք: Ինը տարի է՝ Գորիս համայնքում եմ, եւ նկատում եմ վերջին դրական փոփոխությունները քաղաքային տնտեսության մեջ: Ինձ համար կարեւորն այն չէ, թե ով է գլխավորում համայնքը, կարեւորն այն է, որ ժողովուրդն իրեն լավ զգա: Ես դա տեսնում եմ մարդկանց դեմքին: Շփվում եմ շատ մարդկանց հետ: Նրանք ինձնից խորհուրդ են հարցնում՝ ի՞նչ անենք հրամանատար, որ այս գործը ճիշտ հունով գնա: Ես էլ իմն եմ ասում՝ ի՞նչ անենք, որ դուք լավ զգաք: Եվ դա Սյունիքի բոլոր ոստաններին է վերաբերում: Սյունիքի ժողովրդին՝ մաղթում եմ առողջություն: Ցանկանում եմ բոլորին ամենայն բարիք, երկար կյանք, եւ ամենակարեւորը՝ ոչ մի տան կողքով ոչ մի փամփուշտ չանցնի: Պատերազմ է տեսել սյունեցին, մահ ու ավեր, թող այդ ամենն անդառնալիորեն մնա անցյալում:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25