Թովմաս Պողոսյան. «Աշուղ Աշոտի երգերի մեջ մեղեդի հյուսելու ձեւը, բնույթը, ճաշակը Սյունիքինն է, Սյունյաց աշխարհինն է»

25.04.2017 11:11
2086

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:


- Պարոն Պողոսյան, վերջին անգամ մենք հանդիպել էինք աշուղ Աշոտի ծննդյան 100-ամյակի առիթով, այժմ լրանում է վարպետի 110-ամյակը, եւ վերստին որոշել ենք անդրադառնալ նրա ժառանգությանը: Որպես մեր զրույցի նախաբան՝ նախ վերհիշենք հայ աշուղական արվեստի պատմության ակունքներն ու փուլերը:

- Աշուղական արվեստը համաարեւելյան երեւույթ է, Հայաստան է ներթափանցել 15-րդ դարի ընթացքում, մինչեւ հիմա մեզ հայտնի առաջին հայ աշուղի անունը Ղուլ օղլի Երզնկացի է:

- Բայց անունն ինչ-որ թուրքական արմատներով է կազմված:

- Դա կարեւոր չէ, Այվազովսկին, օրինակ, ռուսական է, լեհական է ազգանվան կառուցվածքը, դա կարեւոր չէ, թուրքերի տիրապետության տակ ենք եղել, դա նորմալ պիտի ընդունվի, վեց հարյուր տարի թուրքական իշխանություն է եղել Արեւմտյան Հայաստանում: Ղուլօղլի Երզնկացի՝ Ղուլը պարսկերեն ծառա է նշանակում, օղլին թուրքերեն՝ որդի, ծառայի որդի: Ապրել է 15-րդ դարի երկրորդ կեսին: Մատենադարանում պահպանվել է նրա ձեռագիր մատյանը, որ հայտնաբերեց Մատենադարանի գիտաշխատող Խաչիկ Ամիրյանը: Այդ դավթարում զետեղված երգերից մեկը, որքան էլ կարող է զարմանալի թվալ, «Կռունկ, ուստի՞ կուգաս» հանրահայտ երգի թուրքալեզու տարբերակն է: Հիմա շատ դժվար է ասել՝ արդյո՞ք ինքն է հեղինակը, թե՞ ինքն է հետո փոխադրել հայերենի կամ ինքն է փոխադրել թուրքերենի, - սրանք հարցեր են, որ կարիք ունեն լուրջ գիտական ուսումնասիրության:

Մենք ունեցանք երեք նշանավոր աշուղական դպրոց՝ վիրահայ, տաճկահայ եւ պարսկահայ: Իսկ 19-րդ դարի երկրորդ կեսերին ձեւավորվեց, ի դեմս մեծ աշուղ Ջիվանու, եւ կայացավ հայոց ազգային աշուղական դպրոցը: Մեկընդմիշտ աշուղական արվեստը հայացվեց: Եվ պետք չէ դրանից խրտնել, որովհետեւ չունեինք սիմֆոնիկ նվագախումբ, չունեինք օպերա, այսօր ունենք ազգային օպերա, ազգային սիմֆոնիկ երաժշտություն: Երեւույթն այն աստիճանի կատարյալ դարձավ, որ աշուղական երգը դարձավ մեր ժողովրդական երգի պրոֆեսիոնալ թեւը: Մեր ազգային ժողովրդական երգը հայ երգարվեստի ակունքն է, աշուղական երգը դարձավ այդ ակունքի պրոֆեսիոնալ թեւը: Ինչո՞վ էր ժողովրդական երգը ոչ պրոֆեսիոնալ, աշուղականը՝ պրոֆեսիոնալ: Ժողովրդական երգը (ֆոլկլորը) փոխանցվում էր բերնեբերան, ականջից ականջ, իսկ աշուղական երգն ուսուցանվում էր վարպետի կողմից աշակերտին:

- Եկեք վերջնականապես ճշտենք գուսան-աշուղ տերմինների սահմանները, ո՞ր դեպքում գուսան եւ ո՞ր դեպքում աշուղ:

- Թե աշուղը եւ թե գուսանը փոխառություններ են, գուսանը՝ պահլավերենից, աշուղը՝ արաբերենից: Մինչդեռ Հրաչյա Աճառյանը մեզ փոխանցում է, որ հայոց մեջ եղել է գուսան բառը գովասան ձեւով, փոխառնվել է պահլավերենին, վերջինս փոխ է առել հայերենից, գուասանը դարձել է գով(ւ)սան, որ հայերենի մեջ է մտել գուսան ձեւով:

Գուսանական արվեստը հայոց հնագույն մշակութային շերտն է: Մեր պատմիչներն են վկայում այդ երգերի գոյության մասին՝ Երկնէր երկիր, երկնէր երկիր, երկնէր եւ ծովն ծիրանի եւ այլն: Եվ այսպես բազում պատառիկներ է բերում Խորենացին: Սա մեր հնագույն մշակութային շերտն է, որից մեզ պատառիկներ են հասել, եւ աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կարող են նման արժեքներ ունենալ: Աշուղական արվեստը, ինչպես արդեն նշեցի, համաարեւելյան է, եւ Հայաստան մուտք գործեց 15-րդ դարում: Աշուղն արաբերեն բառ է՝ աշք արմատով, որ նշանակում է սեր, սիրահար, հայոց մեջ մտել եւ մեր լեզվական օրենքներին համահունչ դառնալով ձեւակերպվել է աշուղ, թուրքերի մոտ այն աշիկ է, պարսիկների մոտ էշխ է, Միջին Ասիայում՝ աշկիյա է: Եվ ոչ ոք այսօր չի կարող հաստատապես ասել, հայերենի՞ միջոցով է աշուղ բառն անցել թուրքերենին, թե՞ թուրքերենի միջոցով անցել է հայերենին: Եվ գուսանական արվեստը, եւ աշուղական արվեստը երկուսն էլ երգին են առնչվում, հեղինակային երգ է, բայց գուսանական երգերն ազատ ոճի երգեր են, աշուղական երգերը՝ կանոնիկ, թրծված, տաղաչափական օրենքներին ենթարկվող: Նման են իրար միայն նրանով, որ երկուսն էլ վերաբերում են երգարվեստին: Սակայն դարեր շարունակ բոլոր ստեղծագործողները կոչվել են աշուղներ, բերեմ մի օրինակ եւս, ինչպես կվերաբերվեք, եթե այսօր ասեն երգահան Բեթհովենի սետղծագործությունները: Չէ՞ որ նա միայն երգ չի գրել: Ճիշտ այդպես էլ Սայաթ-Նովային չենք կարող կոչել գուսան Սայաթ-Նովա, գուսան Ջիվանի: Երբ այդ մարդիկ այդ բառը չեն օգտագործել իրենց երգերում երբեւէ:

- Անցնենք մեր զրույցի բուն թեմային՝ աշուղ Աշոտին:

- Աշուղ Աշոտն իր հին երգերում գրել է աշուղ Աշոտ, որոնք հրատարակված հասել է մեզ: Նախ՝ ուզում եմ պարզաբանել, թե ինչպես աշուղը դարձավ գուսան: 1939 թվականին հայ մշակույթի տասնօրյակն էր Մոսկվայում: Հայաստանի այն օրերի վարչապետը՝ Սահակ Խորենովիչը հրահանգում է, որ մեր աշուղներին Մոսկվայում հայտարարեն գուսան, որովհետեւ թուրք աշուղները ողջունելու են, որպեսզի թուրք աշուղների հետ մերոնց չխառնեն: Ստալինյան բռնատիրության ժամանակներ էին, վարչապետի հրահանգը հրահանգ չէր, այլ հրաման: Աշուղագետ Շավիղ Գրիգորյանը վկայում է, թե ինչպես այն ժամանակվա թերթերը գրել էին, որ մեր աշուղները գնացին Մոսկվա աշուղ, վերադարձան գուսան: Եվ ամբողջ երկրով մեկ այդ օրենքը դարձավ պարտադիր: Եվ թյուրիմացաբար բոլորը դարձան գուսան՝ գուսան Աշոտ, գուսան Հավասի, գուսան Շահեն, գուսան Ռազմիկ: Սա իբր քիչ էր, անցյալի աշուղներին եւս կոչեցին գուսան՝ գուսան Շիրին, գուսան Շերամ եւ այլն:

- Երկար տարիներ ի վեր դասավանդում եք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որքանո՞վ են Աշոտի ստեղծագործություններն ընդգրկված ուսումնական ծրագրում:

- 29 տարի է՝ դասավանդում եմ կոնսերվատորիայում, որից 17 տարին՝ հայ աշուղական արվեստ, ժամաքանակը, եթե անկեղծ լինենք, սակավ է, շաբաթական մեկ դաս, բայց այդ սակավության մեջ աշուղ Աշոտն այնքան կարեւոր տեղ ունի հայ աշուղական արվեստի պատմության մեջ, որ առանձին մեկ դաս հատկացվում է նրա ստեղծագործական ժառանգությանը, կյանքին եւ գործունեությանը: Սա, ըստ իս, շատ կարեւոր փաստ է, որ վկայում է հայ աշուղական արվեստում, պատմության մեջ նրա տեղի եւ դերի մասին:

- Դուք նաեւ երաժիշտ-կատարող եք, աշուղ Աշոտի երգերից ո՞րն է ձեզ ավելի սրտամոտ, եւ ընդհանրապես ի՞նչ դեր ունի աշուղ Աշոտը ձեր կատարողական արվեստում:

- Ընտրություն կատարելը շատ բարդ է, որովհետեւ Աշոտի երգարվեստը շատ հարուստ է, բայց ես երգել եմ նրա «Սյունյաց սարեր»-ը, «Հով սարեր, մով սարերը»-ը, «Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ», «Հով գիշեր» երգը, «Ո՞ւր է»: Եվ երբեմն, երբ մենակ եմ լինում, ինքնամփոփ հոգեվիճակում հայտնվում, քթիս տակ երգում եմ, դնդնում եմ «Ո՞ւր է» երգը, որ աշուղ Աշոտը ձոնել է վաղամեռիկ առաջին կնոջը:

- Որքանո՞վ էր նման եւ որքանով տարբեր Աշոտն իր ժամանակակից աշուղներից:

- 20-րդ դարն աշուղական արվեստում երեք մեծություն տվեց՝ Հավասի, Աշոտ եւ Շահեն: Հետաքրքիր զուգադիպություն ասեմ. երեք մեծություններն էլ ապրեցին 82 տարի: Արդյո՞ք նախախնամության մատը խառը չէ այստեղ: Եվ երեքն էլ աշուղ լինելով՝ իրարից շատ տարբեր են: Աշուղ Աշոտն իր հայրենի հող ու ջրի, զուլալ աղբյուրի ծնունդ է, սյունյաց երգիչ է, նրա երգերի մեջ ակնհայտորեն մեղեդի հյուսելու ձեւը, բնույթը, ճաշակը Սյունիքինն է, Սյունյաց աշխարհինն է: Նրա անմահական, քչքչան աղբյուրների, նրա խոր ձորերի եւ ամպերի մեջ մխրճված սարերի կատարների, քերծերի երգիչն է աշուղ Աշոտը:

- Դուք բանասիրական բարձրագույն կրթություն ունեք, նաեւ սովորել եք Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, որպես բանասեր, կուզեինք ներկայացնել աշուղ Աշոտի երգերի տաղաչափությունը, այն համընկնո՞ւմ է աշուղական երգերի տաղաչափությանը: Ասում են, որ նրա երգերի տեքստերը ավանդական տաղաչափության ձեւեր են:

- Միանշանակ: Աշուղությունը նրա ստեղծագործելու ժամանակաշրջանում այնքան բարձր համարում ուներ, որ մեր մեծ դասականներն էլ էին փորձում գրել նման տաղաչափությամբ: Լավագույն օրինակը Եղիշե Չարենցն է, ով իր «Տաղարանը» գրեց աշուղական տաղաչափությամբ: Այնպես որ առաջին փորձն աշուղական արվեստում արել է Շերամը, ով հեռացել է աշուղական տաղաչափությունից, բայց դա բոլորովին չի խանգարել, որ նա մնա մեր երեւելի աշուղը, եւ ինքն էլ իր երգի մեջ գրել է՝ ճամփա ընկիր, աշուղ Շերամ:

- Նախորդ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ աշուղ Աշոտն է ձեզ հորդորել մասնակցելու ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական վաստակավոր անսամբլի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին եւ անձամբ ինքը ձեզ տարավ այդ մրցույթին մասնակցելու:

- Ճիշտ այդպես, դպրոցն ավարտելուց հետո, երբ Թիֆլիսից եկա Երեւան, առաջին երեւելի մարդը, ում հետ ծանոթացա, աշուղ Աշոտն է եղել: Երբ երգեցի իր համար, զարմացավ, թե իր երգերը որտեղ եմ սովորել: Երբ Վաղարշակ Սահակյանը հայտարարություն էր տարածել, թե «Սայաթ-Նովա» անսամբլի համար հավաքագրում է երիտասարդական կազմ, աշուղ Աշոտն ինձ հորդորեց մասնակցել մրցույթին: Չէի ուզում, ասացի՝ չէ, վարպետ, ուզում եմ մնալ ձեզ մոտ: Ասում էր, բալաս, ջահել ես, չես հասկանում, էն ուրիշ բան ա, բարձր տեղ ա: Եվ ի պատիվ իրեն, դիմում գրեցի: Մրցույթի օրն ինձ հետ եկավ, տարավ մի սենյակ, ճանաչված երաժիշտներից մեկի մոտ երգել տվեց: Նա լսեց եւ հավանեց: Հետո երգեցի մրցույթում եւ ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան աշուղական անսամբլ՝ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ:

Տարիներ անց, երբ արդեն երգում էի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլում, Էմմա Ծատուրյանը՝ անսամբլի ղեկավարը, ինձ ուղարկեց աշուղ Աշոտի տուն, Ծատուրյանը պայմանավորվել էր վարպետի հետ, որ իր չերգված մի գեղեցիկ երգ սովորեցնի ինձ՝ անսամբլում երգելու համար: Հիշում եմ այդ երգը՝ «Երազումս, թեւեր առած Արազն անցա էն կողմը»… (երգում է), շատ գեղեցիկ երգ է, շատ մեղեդային են նրա երգերը: Վարպետի ձայնը շատ կոշտ էր: Մեծ էր արդեն տարիքով, խնդրեցի իրեն ձայնագրել, ասաց. «Չէ, բալաս, իմ ձենը կիրելու ձեն չի»:

- Այս համատեքստում ինչի՞ մասին կուզեիք խոսել աշուղի հետ կապված:

- Աշուղական երգը սիրո երգն է, սերը հավերժ է, քանի մարդ կա այս արեւի տակ, եւ եթե տեր լինի, մարդու հետ հավասար պիտի քայլի նաեւ աշուղական երգը:

- Մամուլից տեղյակ ենք եւ Ձեր սեղանին տեսնում ենք աշուղական երգերի ընտրանու՝ «Գանձարանի» մի հատորյակ: «Գանձարանում» ի՞նչ տեղ է հատկացվելու աշուղ Աշոտին:

- Մենք հրատարակում ենք «Գանձարան հայ աշուղական երգերի»՝ 20 հատորով: Դրանք պիտի ներկայացնեն հայ աշուղական արվեստի գանձերը, որոնք հասել են մեր օրերը՝ սկսած 15-րդ դարից: Նպատակ ունենք պահպանել մեզ հասած ժառանգությունը եւ փոխանցել սերունդներին: Առաջին հատորը ներկայացնում է Սայաթ-Նովային՝ 31 երգով: Արդեն հրատարակվել է չորս հատոր: «Գանձարանում» մի առանձին հատորով ժողովրդին ներկայացնելու ենք անմահ երգիչ աշուղ Աշոտին:

- Մի քանի խոսք էլ Ձեր ղեկավարած աշուղական դպրոցի մասին:

- Եկող տարի լրանում է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ստեղծման 20-ամյակը: Մեր դպրոցն ավարտել են մոտ երկու հազար պատանի ու աղջիկ, որոնցից ոմանք այսօր դարձել են հանրահայտ երգիչներ, եւ շատերն էլ ընդհանրապես թողել են երգարվեստը: Եվ շատ ավելի կարեւորում եմ ոչ թե այն երգիչներին, ովքեր այսօր հայտնի են, այլ բոլոր նրանց, ովքեր երգարվեստը թողել են՝ խորապես համոզված լինելով, որ նրանք դարձան լավ մարդիկ, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, լավ ծնողի զավակ եւ վաղվա օրինակելի ծնող: Նաեւ ասեմ, որ Սայաթ-Նովայի անվան աշուղական դպրոց են գալիս աշխատավորական խավի երեխաները: Ազգային նվագարաններ նվագելու մեջ հմտանալ  նախընտրում են հասարակ ժողովրդի երեխաները:

- Եվ ընդհանրապես, ինչպես երեւում է, համընդհանուր է ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրության նվազումը:

- Անշուշտ, այդպես է, եւ այդ երեւույթը խոր արմատներ է ձգում մեր իրականության մեջ, բայց 2006 թվականին Հայաստանի կառավարությունը ծրագիր ներկայացրեց Ազգային ժողով, որը հաստատեց այն, ըստ որի ազգային նվագարանների ուսուցումը երաժշտական հաստատություններում իրականացնել պետպատվերի շրջանակում: Եվ ընդամենը տասը օր (հարցազրույցը կայացել է 2016թ. նոյեմբերի 9-ին, խմբ.) առաջ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մանկապատանեկան գեղագիտական դաստիարակության կենտրոնն անցկացրեց ազգային նվագարանների նվագախմբերի փառատոն-մրցույթ եւ ի զարմանս մեզ եւ մեր ժողովրդի, փառատոնին մասնակցեց շուրջ 30 նվագախումբ: Կարո՞ղ եք երեւակայել մեր հրճվանքն ու համոզմունքն այդ կարեւոր փաստի առիթով: Եվ նույնքան զարմանալի էր, որ փառատոնին իր ներկայությունը չուներ Սյունիքի մարզը: Զարմանալի եմ ասում, քանզի Սյունիքը շատ երաժշտական մարզ է, մեր հավատքի մեծ կենտրոններ ունեցող մարզ է:

- Տարբեր առիթներով, նաեւ մամուլում մտահոգություն եք հայտնում, որ ցածրաճաշակ երեւույթները՝ երաժշտական անունով, ռեստորանային երգը բարձրացել են բեմ, նվաճել պրոֆեսիոնալ երգարվեստի տեղը: Ընդ որում՝ Ձեր դիտարկմամբ, պատկերը նույնն է՝ եւ դրսում, ե՛ւ հայրենիքում:

- Մտահոգությունը շարունակում է ապրել մինչ մեր օրերը, բայց հույսը վերջինն է մեռնում: Համոզմունք ունեմ, որ ինչ-որ բան փոխվելու է: Թեպետ այդ ռեստորանային երաժշտությունն ապրելու է մեզ հետ, շարունակելու է կյանքը, բայց ցավը նրա կենսագործունեությունը չէ, այլ այն, որ այդ ցածրաճաշակ երեւույթը նվաճել է Կոմիտասի ու Սայաթ-Նովայի տեղը բեմարվեստում, ցածրաճաշակությունը բարձրացել է բեմ եւ հավակնում է կոչվելու բարձր արվեստ:

- Ապրիլին լրանում է աշուղ Աշոտի ծննդյան 110-ամյակը: Որպես աշուղական համույթի ղեկավար եւ աշուղագիտական դպրոցի տնօրեն, ի՞նչ եք նախատեսում ճանաչված աշուղի հոբելյանի առթիվ:

- Անշուշտ, որեւէ բան կձեռնարկենք, ինչպե՞ս կարող ենք լուռ անտարբերությամբ անցնել աշուղ Աշոտի հոբելյանի կողքով:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

23.04.2024 22:46

«Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում

23.04.2024 20:13

Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

23.04.2024 20:06

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

23.04.2024 17:12

Ադրբեջանում COP-29-ի անցկացումը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունք է․ Ալիև

23.04.2024 17:09

ՔԱՋԱՐԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՅՐ

23.04.2024 15:43

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ

23.04.2024 14:51

Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը․ Էրդողան

23.04.2024 14:49

Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ

23.04.2024 12:43

Տպագրվել է Արցախի Քաշաթաղի շրջանի հուշարձանների մասին պատմող գրքի անգլերեն տարբերակը

23.04.2024 12:27

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. Կառավարություն

23.04.2024 12:12

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

23.04.2024 11:12