Ուսուցչի նկատմամբ հարգալից վերաբերմունքը մնացել է անցյալում

23.11.2014 17:00
3138

Մինչեւ 1919թ. Աղքենդում (ներկայիս` Աշոտավան) դպրոց չի եղել, միայն Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո, երբ իշխանությունները սկսեցին զբաղվել կրթության հարցերով, գյուղում ստեղծվեց ծխական դպրոց: 1922թ. գյուղում բացվեց առաջին տարրական դասարանը: 1938-62թթ. դպրոցը յոթնամյա էր, իսկ 1962-89թթ.` ութամյա: 1989 թվականից առ այսօր միջնակարգ դպրոց է: 1975-90-ական թվականներին դպրոցում սովորում էր 160-180 աշակերտ: Սակայն հետագայում տնտեսական ճգնաժամով եւ արտագաղթով պայմանավորված` երեխաների թիվը նվազեց. 2003թ.` 133, 2010թ.` 100, ներկայումս` 60: Դպրոցը տվել է նշանավոր շրջանավարտներ, ովքեր հետագայում դարձան հասարակական-քաղաքական գործիչներ (Քաջիկ Օհանյան, Սիմոն Մարգարյան, Գրիգոր Հասրաթյան եւ այլք):

2013-14 ուստարում առաջին դասարան է հաճախել յոթ աշակերտ, որ երկու աշակերտով հետո համալրվել է, 2014-15 ուստարում` երեք, իսկ դպրոցն ավարտել է ութ աշակերտ, այս ուսումնական տարում կավարտի հինգ աշակերտ: Ուրախալի է այն, որ հաջորդ ուսումնական տարիներին առաջին դասարան կհաճախի հինգից ավելի աշակերտ: Նախորդ ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել հինգ շրջանավարտ: Աշոտավանի մանկապարտեզ է հաճախում 20 երեխա:

Մեր այցելության ժամանակ ինֆորմատիկա առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել: Մնացած բոլոր հաստիքները համալրված են. դպրոցում աշխատող 20 մանկավարժից 18-ն ունի բարձրագույն կրթություն, իսկ 2-ը` միջին մասնագիտական, ովքեր երկար տարիների փորձ ունեն: Դպրոցն աստիճանաբար համալրվում է երիտասարդ կադրերով: Դպրոցում նորանշանակ տնօրենին հեշտությամբ հարմարվեցին (Էդգար Հովհաննիսյանն Աշոտավանի միջնակարգ դպրոցում պաշտոնավարում է 2014թ. հուլիսից), քանի որ նրա գործունեությանը վաղուց էին ծանոթ:

Երեք աշակերտ մասնակցել է շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլին, ինչպես նաեւ արդեն մեկնարկել է այս ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադաների դպրոցական փուլը: Տնօրենն ակնկալում է, որ որոշ առարկաներից հաջողություն կունենան:

Այս ուսումնական տարում ուսուցիչների աշխատավարձը թեթեւակի բարձրացել է: Նշենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն են ապահովված դրույքաչափով

Աշակերտներն ապահովված են դասագրքերով, յուրաքանչյուր դպրոցի դասագրքերի վարձավճարների 10 տոկոսի չափով զեղչ է տրամադրվում, որը, բնականաբար, հատկացվում է անապահով ընտանիքի երեխաներին:

Թեմատիկ, կիսամյակային գրավոր աշխատանքների տետրերը միայն որոշ առարկաներից են վերցրել, իսկ դպրոցում ուսուցիչները կարող են պատճենահանել մնացած գրավոր աշխատանքները:

Ուսուցիչները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու, նորագույն մեթոդներով դասապրոցեսն անցկացնելու համար:

Աշոտավանի միջնակարգ դպրոցը հիմնանորոգման կարիք ունի: Տանիքը, հատակը, պատուհաններն ամբողջովին պիտի փոխվեն: Ձմռանը դիմակայելու համար պատուհանները փակել են պոլիէթիլենային թաղանթով, որ չի խոսում մեր պետությունում հանրակրթական դպրոցի բարձր վարկանիշի մասին: Ջեռուցումն իրականացվում է փայտե վառարաններով, քանի որ գյուղը գազիֆիկացված չէ: «Սրանից ավելի վատթար վիճակում գտնվող դպրոցներ էլ կան: Ճարտարապետներից մեկի խորհրդով կազմել ենք դպրոցի հիմնանորոգման նախահաշիվ 45 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, հուսով ենք` առանձին անհատներ եւ կազմակերպություններ կլինեն, որ կցանկանան տրամադրել այդ միջոցները, բայց պետք է նշեմ, որ նախեւառաջ ակնկալում ենք պետության աջակցությունը», – մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Էդգար Հովհաննիսյանը:

Դպրոցի նախկին տնօրեն Հովսեփ Օհանյանի օրոք մարզադահլիճում որոշակի աշխատանքներ են կատարվել, բայց դպրոցական գույքն ամբողջովին փոխելու կարիք կա:

Տարիներ շարունակ համագործակցում են «Վորլդ վիժն Հայաստան»-ի հետ, իսկ մոտ ապագայում նրա աջակցությամբ նախատեսվում է օժանդակ տնտեսություն ստեղծել. 10 մեղվափեթակ կտրամադրեն դպրոցին, ինչպես նաեւ ջերմոցային տնտեսություն կստեղծեն: Կազմակերպությունն աջակցում է նաեւ աշակերտական խորհրդի աշխատանքներին, դպրոցական միջոցառումներին տրամադրում համապատասխան պիտույքներ:

«Dasaran.am» կրթական ծրագրին Աշոտավանի միջնակարգ դպրոցը նույնպես միացել է, թեպետ չենք կարող այստեղ մի կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն չդարձնել: Ճիշտ է, դպրոցներն ապահովված են համապատասխան ինտերնետային կապով (անվճար տրամադրում է Կրթության տեղեկատվական ազգային կենտրոնը), բայց այն երբեմն չի ապահովում համապատասխան արագություն: Այն պահին, երբ մենք դպրոցում էինք, կապ չկար, քանի որ հոսանքի խնդիր էր առաջացել. Տոլորսի միջնակարգ դպրոցի հետ միասին մի կապից են օգտվում: Պետք է նշենք նաեւ, որ եթե ցանցում ուսուցիչները գրանցումները ճիշտ ժամանակին չեն կատարում, դպրոցի վարկանիշը ցածրանում է: Փաստորեն, ստացվում է, որ ոչ իր մեղքով դպրոցը հայտնվում է պրոբլեմի առաջ, եւ ուսուցիչը ստիպված, եթե համակարգիչ չի ունենում, պիտի դիմի հարեւանի, բարեկամի օգնությանը: «Գրանցում անելուն հատկապես տարիքով ուսուցիչները դժվարությամբ են հարմարվում, նրանց օգնում են երիտասարդ ուսուցիչները, դպրոցի օպերատորը», – նշեց տնօրենը: Ուսուցիչները դժգոհեցին կապի արագությունից, կայքի ծանրաբեռնվածությունից, ինչպես նաեւ բավարար քանակով համակարգիչ չունենալուց: Նշենք, որ հաճախ այդ կապը միայն մեկ համակարգչի է միացված լինում:

Աշակերտներին տաք սնունդ տալու համապատասխան պայմաններ դպրոցում կան, բայց դեռեւս ծրագիրը չի գործում, իսկ չոր սնունդ տրամադրում են:

Դպրոցի տնօրենը հատկապես շեշտեց, որ թղթաբանության պատճառով հաճախ չեն հասցնում լիարժեք հետեւել ուսումնական պրոցեսին: Մարզկենտրոնից ուղարկվող գրություններին էլեկտրոնային եղանակով են պատասխանում, բայց կապի անորակ լինելու պատճառով հաճախ ստացվում է, որ թերանում են իրենց աշխատանքում եւ ժամկետի մեջ չեն տեղավորվում:

Անցյալ միասնական քննություններին դպրոցի շրջանավարտներից մեկը ֆիզիկա առարկայից ստացավ 19.75 միավոր. «Բնական է, որ առանց կրկնուսուցման չեն կարող բարձր միավորներ ստանալ, բայց ասեմ, որ այդ երեւույթը պայմանավորված է ե՛ւ կրթական ծրագրերի թերությամբ, ե՛ւ ընդունելության քննությունների բարդությամբ, ինչու չէ, երբեմն նաեւ մոդային տուրք տալով: Մենք ունեցել ենք աշակերտներ, ովքեր առանց լրացուցիչ պարապմունքի ընդունվել են բուհ», – նշեց տնօրենը:

Տնօրենի հավաստմամբ` ժողովուրդը հարգում է ուսուցչին, գիտի նրա արժեքը, մինչդեռ հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցիչ Գոհար Օհանյանը հակառակը պնդեց. «Անցյալում է մնացել ուսուցչի նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքը, որ կարելի է պայմանավորել աշակերտների` չափից դուրս ազատամիտ լինելով, առանց բարդույթների պահվածքով, պետության կողմից ըստ արժանվույն չգնահատվելով, ինչպես նաեւ համացանցում ուսուցիչների մասին հաճախակի ներկայացվող ոչ հաճելի տեսանյութերով»:

Դպրոցը սերտորեն համագործակցում է գյուղապետարանի հետ` հանդիպումներ, զանազան միջոցառումներ կազմակերպելով: Ի վերջո, եթե անկեղծ լինենք, այսօրվա բազմաթիվ մեռնող գյուղերի չափանիշը նաեւ դպրոցն է. եթե դպրոց կա, ուրեմն գյուղը դեռ «շնչում է»: Գյուղապետ Արմեն Բեգլարյանի խոսքով. «Սերտորեն համագործակցում ենք դպրոցի հետ: Նորընտիր տնօրենն էլ դպրոցի նվիրյալ է, մեծ ուշադրություն է դարձնում դասի արդյունավետությանը, աշակերտների դաստիարակությանը»:

Նոր ուսումնական տարում դպրոցի նորություններից էր տեսախցիկը, որով վերահսկվում է դպրոցի առօրյան: Հարցին, թե արդյոք դա չի կաշկանդում ուսուցիչներին, նրանք պատասխանեցին, որ սկզբնական շրջանում անսովոր էր, բայց հիմա արդեն հարմարվել են: Բացի դրանից` նրանք առանց տեսախցիկի էլ գիտեն ճիշտ ժամանակին կատարել իրենց պարտականությունները: Աշակերտներին ավելի զգոն պահելու համար սա լավագույն միջոցներից է համարվում:

Դպրոցում տիրում է առողջ մթնոլորտ: Ուսուցիչներն ու աշակերտները կարող են իրենց հուզող ամեն հարցով դիմել տնօրենին, վերջինս էլ հնարավորության սահմաններում փորձում է աջակցել նրանց: «Քանի որ ներկայիս տնօրենն ավելի երիտասարդ է, մենք ավելի անկաշկանդ ենք շփվում, նա հարցերի լուծմանը յուրովի ու հետաքրքիր է մոտենում: Մի խոսքով` նա դպրոց նոր շունչ բերեց», – նշեցին աշակերտները: (Հանուն արդարության պետք է նշենք, որ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները նախկին տնօրենի գործունեությունը նույնպես բարձր են գնահատում): Բացի ուսումնական հարցերից` մեծ տեղ է հատկացվում նաեւ դաստիարակությանը: Թեպետ գյուղում արատավոր բարքերը գրեթե բացակայում են, բայց յուրաքանչյուր ուսուցիչ նախեւառաջ կարեւորում է մարդ դաստիարակելու գաղափարը:

12-րդ դասարանի աշակերտներին հարցրինք, թե կցանկանային սովորել ավագ դպրոցում, եւ որոնք են դրա առավելությունները: Աշակերտները նշեցին` քանի որ ավագ դպրոցում հոսքային դասարաններ են եւ հնարավորություն ունեն իրենց նախընտրած առարկաներն ավելի շատ ժամերով անցնել, նախընտրում են ավագ դպրոցը: Աշոտավանում ներկայումս չկա աշակերտ, ով սովորում է Սիսիանի ավագ դպրոցում:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը նշեց, որ դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են, երբեմն աշակերտները չեն հասցնում լիովին նախապատրաստվել դասապրոցեսին, նույնիսկ բակում արդեն հազվադեպ է լսվում խաղացող երեխաների աղմուկ: Որպես երիտասարդ ուսուցիչ` նա նշեց, որ գյուղի դպրոցը լավագույն տարբերակ է ուսուցչական գործունեություն սկսելու համար:

Մանավանդ մայրենի լեզվի ուսուցիչների համար գերխնդիր է աշակերտներին ընթերցանության մղելը: Այսօր սոցիալական կայքերը բավականին շատ ժամանակ են խլում երեխաներից, որ ավելի է հեռացնում նրանց ընթերցանությունից:

Ավելի փորձառու ուսուցիչները պնդում են, որ մինչ կրթական համակարգի փոփոխությունները, որ ոչ միշտ կարելի է բարեփոխում համարել, իրենք նույն կերպ են աշխատել, պարզապես հիմա դասավանդման մեթոդների անուններն են փոխվել եւ ավելորդ թղթաբանությամբ շատ են զբաղվում: Ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ նույնպես դժգոհում են աշակերտների ուսման մակարդակից, ընթերցելուն շատ ժամանակ չտրամադրելուց: Նրանք ե՛ւ ժամանակ չունեն, քանի որ զբաղմունքի միջոցները շատացել են, ե՛ւ ցանկություն, քանի որ համակարգիչը շատ տեղեկություններ պատրաստի է մատուցում: Որպես ներկայիս սերնդի առավելություն նշվում է ժամանակակից տեխնիկային հեշտությամբ տիրապետելը, անկաշկանդ կարծիք հայտնելը:

Մեր օրերում գյուղական դպրոցների առաջնային խնդիրներից է աշակերտների թվի աստիճանական նվազումը, եւ, ինչպես ցույց տվեցին վերը նշված տվյալները, տասը տարվա ընթացքում Աշոտավանի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 50 եւ ավելի տոկոսով պակասել է: Այս երեւույթը սոցիալական ենթատեքստ ունի. գյուղում աշխատատեղերի գրեթե բացակայությունը: Երիտասարդները, չկարողանալով տեղում աշխատանք գտնել, ստիպված կա՛մ քաղաք են մեկնում, կա՛մ էլ արտագաղթում են:

12-րդ դասարանում սովորող հինգ աշակերտն էլ նպատակ ունի ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանց երազանքն է տարիներ հետո Աշոտավանի հիմնական դպրոցը տեսնել բարեկարգ, տեխնիկապես վերազինված ու աշակերտներով լի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25