Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

03.12.2019 10:33
1491

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

 

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սկիզբն՝ այստեղ

Արտաքին վտանգների ու դրանց պատճառների դեմ ընդվզող, ըմբոստացող Խանզադյանը հաճախ նույն վերաբերմունքն է արտահայտում ներքին վտանգների  և նրանց հետևում թաքնվող պատասխանատուների դեմ:

Գրողը հրաշալի ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, փաստական նյութի առատ գործածությամբ էլ ներկայացնում է Արցախի ազատագրական պայքարի նախադրյալները:  20-րդ դարասկզբի ներքաղաքական վիճակի մանրակրկիտ նկարագրությունը մի նպատակ ունի՝ ի ցույց դնել նորօրյա իրականության կենսահիմքերը՝ պատմության փորձին առերեսվելու ճակատագրականությամբ: 

Խանզադյանի համար հստակ է՝ «Ստալինի գռեհիկ միջամտությամբ որոշվեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում»[1]: Հայ ժողովրդի դեմ կատարված նոր ոճրագործության, պետական ու կուսակցական ուրացության պատասխանատուն հենց Նարիմանով-Ստալին երկյակն էր՝ Օսմանյան Թուրքիայի թելադրանքով: Նույնն արեց նաև Բրեժնև-Սուսլով սև լծասարքը՝ քանիցս մերժելով ԼՂԻՄ-ի՝ տարեցտարի նոսրացող հայ բնակչության կամավոր սկզբունքի դրսևորումները. ժողովուրդը նախ՝ 1966-ին 45.000 ստորագրությամբ, ապա 1977-ին՝ 70.000 ստորագրությամբ, հայրենիքին միավորվելու պահանջով դիմեց Մոսկվա՝ կրկնակի մերժվելով և շարունակելով ենթարկվել անօրինակ հալածանքների: 1977-ին, երբ ընդունվում էր նոր Սահմանադրությունը, ավելի քան մեկ միլիոն հայերի խնդրանքը Բրեժնևին, որ գոնե ԼՂԻ մարզի պաշտոնական անվանն ավելացվի «հայկական» տերմինը, ինչպես երկրի բոլոր մյուս ինքնավար մարզերն ունեին, ևս դեն նետեցին: Մեծագույն ցավով է Խանզադյանը երկրորդում պատմական այդ ցավալի փաստերը, ոգեսթափության կոչ անում՝  տալով համարձակ  գնահատականներ:

Ներազգային բարդ իրադրության մեջ տեսակետների, դիրքորոշումների հստակ բանաձևումներով Խանզադյանը լուսաբանում է համազգային շարժման նպատակը, ձևավորում, ուղղորդում է հայ զանգվածներին, ստեղծում հանրային կարծիք: Իր համամիութենական հեղինակությամբ, գրչի ուժով, կոնկրետ գաղափարական աշխատանքներով Խանզադյանը մեծապես նպաստեց, որ շարժումը վերածվի համաժողովրդական պայքարի: Նա օրվա տագնապների մեջ էր, վերահաս իրադարձությունների, հանդիպումների ու քննարկումների կենտրոնում, որոնց մասին օրագրային ճշգրտությամբ ներկայացնում է իր մատյանում: Այսպես, օրինակ, «Դեպքերը նոր թափ են առնում: Գրողների տանն եմ: Ասացին՝ Մոսկվայից ժամանել են Դոգիխն ու Լուկյանովը: Մարդկային վիթխարի հոսանք է բարձրանում Բաղրամյան պողոտայով: Ես, Սիլվան, Հենրիկ Իգիթյանն ու Վարդգես Պետրոսյանը ևս միացանք ցուցարարներին: Հզոր, վեհ ցույց է Կենտկոմի շենքի առաջ»[2](23.08.88թ.),«Ժամը 12-ին գրողների ժողով կայացավ: Լսեցինք հայ ժողովրդին հղած Գորբաչովի ուղերձը: Իմ խոսքը սա է: - Ղարաբաղը Հայաստանին միավորելու շարժումը նոր չէ: 1965-ին ևս ծագեց: Մոսկվայից հանձնաժողով եկավ՝ Սեմիչաևսկու գլխավորությամբ: Ես ու Էդուարդ Թոփչյանը նրա հետ զրույց ունեցանք յոթ ու կես ժամ: Ասացի, որ Գորբաչովը ճիշտ չի դիրքորոշվում ազգային հարցում: Սխալ է, երբ միտինգներ անելը ոմանք որակում են իբրև վնասակար: Ասում են՝ ամրացնել մեր երկրի ազգերի բարեկամությունը: Այո, ամրացնել, բայց ոչ մեր՝ հայրերիս հաշվին: Մեր Կենտկոմում ոմանք մեզ մեղադրում են իբր մենք մթագնում ենք հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը: Սա պրովակացիա է: Բայց ԼՂԻՄ-ի հարցը շուտափույթ պետք է քննարկվի Մոսկվայում՝ Հայկ.ԽՍՀ-ին վերադարձնելու որոշումով: Հայաստանի կառավարությունը պետք է իր բողոքը ներկայացնի Միութենական կառավարությանը և պաշտպանի ժողովրդի պահանջը: Սակայն Հայաստանի կառավարությունը վախկոտ է ու ոչինչ չի անում»(27.02.88թ.):

Պատմական փաստերի վկայակոչումներին զուգահեռ գրքում բերվում են «արյունոտ դեպքերի» նկարագրություններ, որպեսզի «շատ միամիտ հայերի համար պարզ լինի, թե ինչ դժոխային վիճակում է ապրում հայը հայի Ղարաբաղում: Ուզում եմ «ինտերնացիոնալիստ» կոչված քողով կուրացած շատերի աչքը բաց անել: Կհաջողվի՞, չգիտեմ»[3]: Խանզադյանն իրավունք ուներ այդքան հոռետես լինելու, գալիք օրերը գուշակելու: Եվ այդ բոլոր նախատեսությունները տարիներ անց շոշափելի իրականություն պիտի դառնային: Կյանքն ու իրականությունը ցույց տվեցին, որ այն, ինչ համարվում էր հոռետեսություն, իրականում հեռատեսություն էր ու հստակատեսություն:  Հայ ժողովրդի տառապանքների ու տխուր ճակատագրի թիվ մեկ պատասխանատուն, Խանզադյանի համոզմունքով, խորհրդային վարչակարգն է, որ հաճախ թիրախ է դառնում նրա նոթագրումներում: «Օ՜, դժոխք, որիդ անունը «Խորհրդային է»[4]: Խանզադյանը, մատնանշելով պատմության չարաղետ փորձը, սուր քննադատություններ է ուղղում պետական ու կուսակցական հայ վերնախավին, որ «պարզապես անպետք զանգված է մեզ համար:» Հայի գլխով անցնող սոսկալի իրողություններից հետո գոռալ, թե «մեր երկրում մարդու ազատություն է, ազգերի կատարյալ եղբայրություն, պարզապես անբարոյական սրտխառնուք է»,-գրում է Խանզադյանը: Ինչպես կարելի է համակերպվել հայի անարդար ճակատագրի հետ, «համակերպվելու հիմնական կողմնակիցներն ու քարոզիչները կուսակցական փափուկ աթոռների ու պետական լիքը ախոռների վրա նստածներն են»[5]:

Հայի փորձառությունը, գրողի ու մտավորականի առողջ բնազդը, ազգային խնդիրների լուծման համառ պարտավորվածությունը թելադրում էին Խանզադյանին՝ սթափ հետևելու իրադարձություններին, ժամանակին ու տեղին արձագանքելու կուսակցական հայավնաս ու պառակտիչ որոշումներին, Ադրբեջանի ղեկավարների պրովակացիոն ելույթներին, մամուլի հրապարակումներին, որոնց նպատակը բոլոր հնարավոր միջոցներով պատմական ճշմարտության պարտակումն էր: Հատկանշական են Զիա Բունիաթովի հայտնի կեղծաշարադրանքների վերաբերյալ Խանզադյանի կոշտ դիրքորոշումները, ժխտողական ելույթներն ու բաց նամակները: Գրքում նա առատ մեջբերումներ է անում իր ելույթներից՝ անխնայորեն մերկացնելով «խորհրդային ակադեմիկոսի սքեմ հագած», բարբարոս, ցեղասպան ու աշխարհաքանդիչ տարրերին նոքարի պես երկրպագող, «փորձված ու մոլի կողոպտիչ», պատմության ստոր կեղծարար Զիա Բունիաթովին: «Կամենա, թե չկամենա Բունիաթովը, հայ ժողովուրդը ավելի քան երեք հազար տարի շարունակ իր պետական կազմակերպված էությունն ու բովանդակությունն ուներ և ունի իր հայրենիք Հայաստանում: Կարծես թե հենց նրան նկատի ունենալով է ասվում՝ շունը հաչում է, իսկ քարավանը գնում է»[6]:   Արցախցիների ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Խանզադյանն անընդհատ իր մտահոգություններն է արտահայտել խորհրդային ղեկավարներին ուղղված նամակներում ու դիմումներում: Վավերագրության մեջ Խանզադյանը զետեղել է Ղարաբաղի հարցի շուրջ տեղական ու միութենական մամուլին հղած իր բոլոր խնդրադիր գրությունները, որոնցից շատերը չեն հրապարակվել կամ հրապարակվել են զգալի կրճատումներով: «Երևանի «Կոմունիստը» իմ խոսքը չտպագրեց: Դե, պարզ է, «Կոմունիստը» ևս հայի թերթ չէ, իմ թերթը չէ»[7]: «Խորհրդային մամուլը կեղծում է ամեն ինչ: Այդ կեղծիքը ևս ուժ է ստանում պետությունից»[8]: Խանզադյանը քաղաբերումներ է արել նաև արտասհամանյան թերթերից, որոնք արձագանքել են օրվա իրադարձություններին և ավելի ճշգրիտ լուսաբանել Ղարաբաղյան հարցի էությունը՝ առանց տուրք տալու սովետական մտակաղապարներին:

Պատմական մեծ հնչեղություն ունեն հատկապես Բրեժնևին, Գորբաչովին Խանզադյանի հասցեագրած նամակները, որոնք ժամանակին լայն, կարելի է ասել ոչ միայն միութենական, այլև միջազգային արձագանքներ ունեցան: Վավերագրելով Ղարաբաղյան շարժման ծավալման գրեթե ամբողջ ընթացքը՝ Խանզադյանը մանրամասնորեն ներկայացնում է նաև այդ աղմկահարույց նամակների գրության շարժառիթներն ու կենսահանգամանքները:

Առաջին նամակը հասցեագրվել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին՝ 1975 թվականի մայիսի 13-ին: Ազդակը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի զեկուցումն էր մարզկոմի պլենումում, որ «հակահայկական, հակամարդկային, պանթուրքիստական հայհոյանքների կույտ էր»[9]: Զեկուցումը տպագրվել էր նաև «Խորհրդային Ղարաբաղ» թերթի 1975 թվականի մարտի 23-ի համարում, որից հետո հակահայկական նույն վտանգավոր կրակը բորբոքել էին նաև մարզի շրջանների բոլոր թերթերը: Կևորկովի վարքագծի մասին Խանզադյանը նախ հեռագրել էր Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին, որը չէր արձագանքել: Խանզադյանը կենտկոմի ղեկավարությանը մեղադրում է բացահայտ հայահալած քաղաքանություն վարելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը Ադրբեջանի ճիրաններում խեղդելու համար: Այնինչ «թե՛ ազգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նկատառումներով Ղարաբաղի Հայկական Ինքնավար Մարզը պետք է մտնի Հայկական Հանրապետության կազմի մեջ»: Նա Բրեժնևի ուշադրությունն է հրավիրում Ղարաբաղի պատկանելության հարցը հանկարծագյուտ վճռելու՝ Կևորկովի ապօրինի կեցվածքին և պատասխան ակնկալում՝ հորդորելով զսպել զազրախոսին: Խանզադյանը համոզմունք է հայտնում, որ «Խորհրդային պետության ստեղծման առաջին օրերից օրակարգի մեջ մտած Ղարաբաղի հարցը կլուծվի, այն կվերադարձվի Հայկ. ԽՍՀ-ին, դրանով իսկ կամրապնդվի հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև եղած բարեկամությունը, ինչ-որ չափով կբարձրացվի մեր սոցիալաիստական կարգերի վարկաբեկված հեղինակությունը»[10]:  Խանզադյանը ցավով նշում է, որ նամակի պատասխան չստացավ, ավելին՝ բոլոր փորձերը՝ այն մամուլում հրապարակելու, ապարդյուն անցան:

Երկրորդ բաց նամակը Բրեժնևին Խանզադյանը հասցեագրել է 1977 թվականի հուլիսին: Նոր նամակի առիթը «Проблемы мира и социализма» ամսագրի 1977 թվականի թիվ 6 համարում հրապարակված մի հոդվածն էր, որում հերթական անգամ աղավաղվում էր Ղարաբաղի պատմությունը: 32 լեզվով տպագրվող և աշխարհի 145 երկրներում տարածվող պարբերականի հրապարակումը ստիպում է Խանզադյանին՝ կրկին դիմելու ԽՍՀՄ ղեկավարին՝ պահանջով. «Մեր միասնական հզոր պետության սահմաններում գտնվող զուտ հայկական մարզը, ավելի քան 8 տոկոս հայ բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում»[11]: ԽՍՀՄ առաջին դեմքը պարտավոր է լուծել մի հարց, որ «ավելի քան կես դար անարդարություն է մարմնավորում» և որի արդարացի լուծումը «կգնահատվի որպես ազգային քաղաքականության հաղթանակ»:

Խանզադյանը նույն ընթացքում նամակ է հղել նաև ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Ե.Տյաժլնիկովին և գրքում քաղաբերումներ արել նաև այդ նամակից: Նա հիշեցնում է, որ Ղարաբաղի խնդիրը գոյություն ունի 1921-1923 թվականներից, երբ հայկական մարզը ապօրինի մտցրին Ադրբեջանի կազմի մեջ: Նամակում խոսում է նաև Նախիջևանի մասին՝ որպես նույն անարդարության դրսևորում: Ժամանակն է արդարամտությամբ ու սկզբունքայնությամբ նայելու ճշմարտության աչքերին և Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ-ին:

Խանզադյանը խստադատ մի նամակ էլ հղել է «Проблемы мира и социализма» ամսագրի խմբագրությանը՝ մասնավորապես նշելով. «Ձեր հրապարակած ռեպորտաժի շատ երզարակցություններ ու վկայություններ պարզապես հրեշավոր են: Դուք մի ամբողջ ժողովրդի ամենից սրբազան զգացմուքներն եք վիրավորել»[12]: Երկու նամակներն էլ անպատասխան են մնացել: Եվ քանի օր «Проблемы мира и социализма» ամսագիրը տպագրվում էր Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում, Խանզադյանը մի նամակ էլ հասցեագրում է այդ երկրի ղեկավար Հուսակ Գուստավին, հորդորում արձագանքել հայ ժողովրդի արդար պահանջին և դատապարտել շրջանառվող կեղծիքը: «Համոզված եմ, որ շուտ թե ուշ, Ղարաբաղյան հարցը պետք է որոշվի: Չի կարելի հանդուրժել այն, որ Հայկական Ինքնավար Մարզը անջատված է իր մայր հայրենիքից»[13]:

Բրեժնևին հղած երկրորդ նամակը վիթխարի արձագանք ունեցավ աշխարհասփյուռ հայության շրջանում: Առաջինն այն տպագրեց սփյուռքի «Զարթոնք» թերթը(1977թ., հոկտեմբերի 20), հետո աշխարհի գրեթե բոլոր հայկական թերթերը: Այն թարգմանվեց ու հրապարակվեց նաև այլ լեզուներով, հաղորդվեց  հեռուստացույցով, ռադիոյով:

Նամակի առաջ բերած աղմուկից հետո Խանզադյանին իր մոտ է կանչել նաև Կարեն Դեմիրճյանը, պարզաբանումներ պահանջել: «Այսպես՝ մի ամսվա ընթացքում ութ անգամ ինձ կանչեցին Կենտկոմ»,-հիշում է Խանզդայանը[14]: Նամակի առնչությամբ վավերագրության մեջ նա քաղաբերումներ է անում նաև սփյուռքահայ մամուլի ոգեշունչ արձագանքներից: «Հայ ազգի արժանագույն զավակներից մեկի» սխրալից քայլին բանտից շտապել է գնահատական տալ նաև Գուրգեն Յանիկյանը, որ, Խանզադյանի վկայությամբ, «մինչև իր հերոսական գործը կատարելը մեկ տարի առաջ եղել է իմ տանը(Նորքում)»: Խանզադյանի հանրահռչակված նամակին 1978 թվականին արձագանքել է նաև Բեյրությում Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ լույս տեսնող «Սփյուռք» շաբաթաթերթը՝ «Ղարաբաղ և անոր պաշտպանները» վերտառությամբ հոդվածով, որին ամենայն հավանականությամբ Խանզադյանը ծանոթ չի եղել և չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ ազատախոհ «Սփյուռք»-ը բառիս բուն իմաստով մերժված էր Հայաստանում, որովհետև հանդգնել էր 1958 թվականից արդեն Ղարաբաղի հարցը արծարծել՝ դառնալով հիմնախնդրի բարձրաձայնման առաջամարտիկը ոչ միայն Սփյուռքի, այլև հայ մամուլի պատմության մեջ ընդհանրապես: Հոդվածի հեղինակ Լևոն Երկաթը, ողջունելով հայրենի գրողին համահայկական շահեր հետապնդող բաց նամակի համար, զուգահեռ մեղադրում է արտասահմանի հայ քաղաքական կուսակցություններին, որոնք քար լռություն են պահպանում հայկական հողերի հարցի վերաբերյալ: Վավերագրության մեջ Սերո Խանզադյանի արտահայտած այն համոզմունքը, թե «միջազգային մասշտաբով Հայ Դատը առաջ է մղվում նաև Բրեժնևին գրածս իմ նամակ-պահանջի շնորհիվ», փոքր-ինչ ինքնագովություն է, որովհետև հարցին միջազգային հնչեղություն տվեց «Սփյուռք» պարբերականը՝ ի դեմս խմբագրապետ Սիմոն Սիմոնյանի, որ 1960 թվականին առաջին բաց նամակը հասցեագրեց Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ հրապարակելով հենց «Սփյուռք»-ում:

Վավերապատումի երկրորդ ասքը՝ վերնագրված «Մարտը տալիս է ձնծաղիկ», գրեթե եղեռնապատում է: Խանզադյանը նկարագրում է Սումգայիթյան դեպքերը, փաստավավերագրական ճշգրտությամբ ներկայացնում Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված բռնությունները՝ հենվելով ականատեսների վկայությունների, փաստական հարուստ նյութի վրա: «Սումգայիթի հայերի կոտորածը նման է 1915-ի Կ.Պոլսի հայերի նախնական ջարդին»,- դառնորեն եզրակացնում է Խանզադյանը և պատում առ պատում բացում այդ զարհուրելի օրերի երակները: «Մեր ձնծաղիկները, սակայն, սպիտակ չեն, այլ կարմիր՝ հայի արյամբ ներկված»:

Ամփոփենք. Խանզադյանի «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստական վավերագրության մեջ ներկայացված է Ղարաբաղյան շարժման ամբողջ ընթացքը՝ հիմնականում օրագրային ու փաստագրական եղանակով, ինչը հնարավորություն է տալիս բոլոր նրբերանգներով պատկերացնելու ժամանակին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, Արցախյան ազատամարտի պատմաքաղաքական նախադրյալները, ժողովրդի հերոսական ոգու թռիչքը, միահավքվելու, մեկտեղվելու զորընդեղ կամքը՝ հանուն Արցախի գոյահաստատման: Գրող-վավերագրի գրչի տակ հմտորեն ու բազմակողմանիորեն, հաճախ պատմաքննական լուսաբանման են ենթարկվել Արցախյան համազգային շարժման ծավալման բարդ ու ոչ միանշանակ գործընթացները, օբյեկտիվորեն երևակվել հիմնահարցի հետագա զարգացումներն ու հնարավոր բոլոր ելևէջները, որոնց կենտրոնում հենց ինքն է՝ Արցախյան շարժման նախանձախնդիրներից ու դրոշակակիրներից մեկը, ազատագրության դարավոր երազի օրհներգուն: Խանզադյանը հաճախ պատմագետի հայացքով է փորձում բացահայտել Ղարաբաղյան հարցի առաջացման խորքային պատճառահետևանքային կապերը, թե ինչու՞ և ինչպե՞ս այն դուրս մղվեց դիվանագիտական ակտիվ գործառույթների քաղաքական դաշտից՝ պարզապես տեղափոխվելով խորհրդային հանրապետությունների շահադիտական հարաբերությունների ոլորտ:  Գրողն անընդհատ վերակոչում է պատմության դասերը, որովհետև Արցախյան հիմնախնդրին վիճակված էր առերեսվել պատմության դառը փորձի հետ:


[1] Նույն տեղում, էջ 8:

[2] Նույն տեղում,էջ 109:

[3] Նույն տեղում,էջ 29:

[4] Նույն տեղում, էջ 66:

[5] Նույն տեղում, էջ 67:

[6] Նույն տեղում, էջ 60:

[7] Նույն տեղում, էջ 145:

[8] Նույն տեղում, էջ 165:

[9] Նույն տեղում, էջ 37:

[10] Նույն տեղում, էջ 39:

[11] Նույն տեղում, էջ 42:

[12] Նույն տեղում, էջ 44:

[13] Նույն տեղում, էջ 45:

[14] Նույն տղում, էջ 46:

 

Բախումներ, տուժածներ, ձերբակալություններ․հետընտրական Թբիլիսի

04.12.2024 10:44

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

04.12.2024 00:24

Նորաստեղծ լարային քառյակի առաջին բեմելը

03.12.2024 21:46

Սիսիանի համայնքապետը՝ համայնքային կազմակերպություններում

03.12.2024 21:26

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

03.12.2024 21:15

Կայացավ Քաջարան համայնքի ավագանու արտահերթ նիստը

03.12.2024 21:09

Հանրային քննարկում՝ Մեղրի համայնքի 2025 թ. բյուջեն հաստատելու վերաբերյալ

03.12.2024 21:04

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան

03.12.2024 18:43

Բռնի տեղահանցված արցախցիները Կապանում․ հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»

03.12.2024 17:55

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 22 սմ-ով

03.12.2024 16:50

Օրվանը պատշաճող ցերեկույթ՝ կրթահամալիրում

03.12.2024 16:32

Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը․ Պեսկով

03.12.2024 16:25