Գյուղին կփրկի հավատը, բայց արդյո՞ք կփրկի

03.07.2015 06:22
2169

Սեւաքար համայնքին թերթը վերջին անգամ անդրադարձել էր 2013 թվականի մարտի 21-ին «Փլուզվել է Սեւաքարի եկեղեցին» հրապարակման մեջ: Այդ թվականի մարտի 9-ին կեսօրից հետո փլուզվել էր գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Գյուղի հավատի տաճարը սկսվել է կառուցվել 19-րդ դարում, իսկ շինարարական աշխատանքներն ավարտվել են 1901 թվականին:

Մինչեւ 2013 թվականը համայնքի հավատի տունը կիսախարխուլ վիճակում էր, անձրեւաջրերից եւ ձյան հալոցքից, տանիքի վրա աճած բուսականությունից այն գրեթե ամբողջովին քանդվեց, ավելի ստույգ՝ կառույցը 80 տոկոսով դուրս եկավ շարքից: Տեղական հեռուստատեսությամբ եկեղեցու փլուզման մասին տեղեկանալուց հետո դրա վերանորոգումը հովանավորելու պատրաստակամություն էր հայտնել Կրասնոյարսկում բնակվող մի հայ գործարար՝ պատվիրելով, որ չհրապարակվի իր անունը: Հայտնեց միայն, որ ինքն արմատներով Սյունիքից չէ: Քանի որ դստեր անունն էլ Հռիփսիմե է, որոշեց փլուզված եկեղեցու վերականգնմանն օգտակար լինել:

Իրոք, բարեգործի հովանավորությամբ համարյա շինարարությունն ավարտվում էր, երբ տեղի ունեցավ անհավատալին ու անսպասելին. ավտովթարի զոհ դարձավ բարեգործը: Եվ անպատճառ պիտի տրվի այդ մարդու անունը՝ Լեւոն Նահապետյան՝ Էջմիածնի Նորակերտ գյուղից: Այդտեղ էլ ամփոփվեց նրա աճյունը:

Գյուղապետ Արշավիր Հակոբյանը փոխանցում է, որ մինչ այդ միայն հեռախոսազրույց էր ունեցել հովանավորի հետ, կարողացավ մասնակցել նրա հուղարկավորությանը, քառասունքի եւ մահվան տարելիցի արարողություններին: Լեւոն Նահապետյանի ընտանիքը եղել է Սեւաքարում, երբ եկեղեցին այսօրվա վերականգնված տեսքը չուներ, հյուրասիրության արժանացել գյուղում:

Ինչեւէ, այժմ անհրաժեշտ է եկեղեցու տարածքը բարեկարգ տեսքի բերել, որից հետո այն կծառայի համայնքի (եւ ոչ միայն) հավատավոր մարդկանց:

Բացի այդ, գյուղապետը տեղեկացնում է, որ որոշակի գումար դեռեւս պարտք է շինարարներին. խնդրել է, վերջիններս ավարտել են աշխատանքը, հիմա կատարված գործի դիմաց վճարելու խնդիր է ծագել: Համագյուղացիներին հանգանակության կոչ է արել, հավաքվել է 2,8 մլն դրամ, այն էլ իր հարազատներից… «Էսօր ոչ մի բան աչքիս առաջ չի գալիս, բացի նրանից, որ եկեղեցին սկսի ծառայել ժողովրդին», - թեման եզրափակում է մեր զրուցակիցը:

Գյուղապահպան մյուս կարեւոր կառույցը՝ դպրոցը, փակվել է 1994 թվականին: Սրանով ամեն ինչ ասված է, մանավանդ նկատի ունենալով «Գյուղը դպրոցով է կանգուն» ճշմարտությունը: Համայնքի հինգ դպրոցահասակ երեխաները հաճախում են հարեւան՝ ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Եղեգի դպրոցը, ավտոբուսով առավոտյան գնում եւ նույն փոխադրամիջոցով վերադառնում են ժամը տասնվեցին: Գյուղում եւս յոթ-ութ նախադպրոցական տարիքի երեխա կա: Մինչդեռ պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սեւաքարում դպրոց կառուցվել է 20-րդ դարի սկզբներին՝ Բաքվում բնակվող սեւաքարցիների «Մասիս» ընկերության հովանավորությամբ:

Սեւաքարում խորհրդային տարիներին կյանքը բնական հունով էր ընթանում, դեռեւս 1932-ին կազմակերպվել է կոլտնտեսություն, որ 1964 թվականին միավորվել է Սյունիքի խորհտնտեսությանը, գյուղի անասնապահական ֆերմայի համար կառուցվել էր հսկա տիպային անասնագոմ: Այժմ գյուղում 175 մարդ է բնակվում՝ գրանցված-չգրանցված (գյուղապետի բնութագրումն է): Ծխերի թիվը 33 է, մոտ այդքան էլ փակ դռներ կան: Համայնքի կյանքն ամռան ամիսներին որոշակի աշխուժանում է հովեկների հաշվին: Բայց դա գյուղի հարատեւման հետ հեռավոր աղերսներ ունի: Իրողությունն (չափազանց տխուր) այն է, որ ով մահանում է, հանգուցյալից հետո այդ տանն այլեւս ապրող չի լինում, եւ կողպեք է կախվում դռնից… Տխուր է խոստովանելը, բայց Սեւաքարը լեռնային որոշ գյուղերի նման ծերացող-մարող համայնք է:

Համայնքային բյուջեի յոթ միլիոն դրամից կեսը լրավճարն է, սեփական եկամուտները հիմնականում գոյանում են հողի հարկից, այն էլ դժվարությամբ: «175 հողաբաժին կա, 25-ն են հարկ վճարում, ճարահատյալ դիմում եմ սեւաքարցի քչից-շատից ունեւոր մարդկանց, որ գումար հատկացնեն անվճարունակ մարդկանց հարկային պարտքերը փակելու համար», - իրավիճակն է ներկայացնում Ա.Հակոբյանը:

Ի դեպ, վերջերս լայնորեն քննարկվեց, այդ թվում Ազգային ժողովում, Ողջու, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի համալիր մշակման հարցը: Նախատեսվում է լցակույտերի մշակման գործարան կառուցել: Նույնիսկ ծրագրի պատասխանատուները եղել են Սեւաքարում: Որքան հասկացանք, այդ ծրագրի հետ Սեւաքարում հույսեր են կապում…

Սեւաքարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը չորս տարի առաջ 100 հեկտար հող է հատկացրել՝ վարձակալական հիմունքներով: Ընթերցողին հիշեցնենք, որ դա կատարվեց կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N627-N որոշմամբ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»: Բայց ցայսօր պայմանագիր կնքված չէ, եւ գյուղի բյուջեն դրանից առայժմ ոչ մի օգուտ չի ստանում, ավելի վաղ տրված 32 հեկտար հողատարածության դիմաց կոմբինատը տարեկան 2,6 մլն դրամ է մուծում համայնքային բյուջե: Բացի այդ կոմբինատը խոստացել է նորոգել 40-50 տարվա վաղեմություն ունեցող մեկ կիլոմետր երկարությամբ ջրագիծն ու ջրի ակունքը:

Սեւաքարը նաեւ հանքարդյունաբերության ազդակիր համայնք է. Արծվանիկի պոչամբարը համայնքի հարեւանությամբ է: Գյուղապետն ասում է, որ առավոտյան պոչամբարից յուրահատուկ հոտ է տարածվում եւ դառը կատակում է՝ ասում են այդ հոտը շնչողին քաղցկեղ, ինֆարկտ, կաթված եւ այլ հիվանդությունները շրջանցում են: Մի խոսքով, շատ գյուղերի համեմատ՝ Սեւաքարի հիմնախնդիրներին գումարվում է նաեւ բնապահպանականը: Այդ հիմնախնդիրներից ամենախնդրահարույցն այն է, որ գյուղը գազիֆիկացված չէ, եւ հայտնի չէ, թե կապույտ վառելիքը երբ կբոցկլտա սեւաքարցու օջախում:

Սեւաքարի մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, դաշտավարությամբ քչերն են զբաղվում: Որոշները նաեւ խոզ են պահում: Բնականաբար, հետաքրքրեց անասնապահական մթերքների իրացման վիճակը: Կաթի մթերման հարցում լուրջ խնդիրներ կան. մի ժամանակ կաթի վերամշակմամբ զբաղվողներից մեկը գյուղում սառնարան էր դրել, մեկ լիտր կաթը գյուղացիներից գնում էր 120 դրամով (ակնհայտորեն ցածր գին), հիմա այդ էլ չկա: Միսը տեղում գնում են մսավաճառները, բնականաբար, իրենց գինն ու պայմանները թելադրելով, փաստորեն անասնապահական մթերք արտադրողը, քրտինք թափողը հայտնվել է երկու քարի արանքում…

Գյուղապետ Արշավիր Հակոբյանը 1994 թվականից հիմնավորվել է հայրենի գյուղում, համայնքը ղեկավարում է 1999 թվականից: Տարիներ առաջ ստեղծել է «Քարի նավ» գյուղացիական տնտեսությունը, ժամանակին 150 խոշոր եղջերավոր ուներ, հիմա 30-ն է մնացել: Ասում է, որ այդքանից 60 լիտր կաթ է ստանում, որովհետեւ օգնող ձեռք չունի:

Սեւաքարի գյուղապետարանին մերձ հուշայգին է, որտեղ հուշարձան է կանգնեցված Երկրորդ աշխարհամարտում ընկած սեւաքարցիների հիշատակին: Արցախյան գոյամարտում համայնքը եւս կորուստներ է ունեցել: 1991-ի մայիսի 6-ին ականի փորձարկման ժամանակ ստացած վերքերից մահացել է Արցախյան շարժման ակունքներում կանգնած Համլետ Քոչարյանը, ով հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1992 թվականի ապրիլի 25-ին մարտական ընկերների հետ զրահամեքենայի մեջ հակառակորդի արկից զոհվեց Գագիկ Ալավերդյանը: 1993-ին երիտասարդ տարիքում զոհվեց Կարեն Դավթյանը: Համլետ Քոչարյանի կիսանդրին, երկու ազատամարտիկների հուշաքարերը գալիք սերունդներին կհիշեցնեն մերօրյա ազատամարտի մասին:

Այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու լեռնային այս գյուղի ճակատագիրը, ի՞նչը կփրկի գյուղին, - վերջում հարցնում ենք գյուղապետին:

«Հա-վա-տը», - պատասխանում է՝ բառը վանկատելով, - պիտի հավատանք, որ վերջը լավ է լինելու:

Բայց հույսով ու հավատով ապրելն էլ մի բան չէ, ինչպես իմաստուններից մեկն է ասել, հույսը լավ նախաճաշ է, բայց վատ ընթրիք:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04