Հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրությո՞ւն, թե՞...

31.07.2023 17:29
4620

ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ ուժի մեջ է մտել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» նոր կարգը: Դրան նախորդել էր նոր կարգի նախագծի քննարկումը, որի ընթացքում բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ են հնչեցվել, սակայն այս դեպքում ևս գործեց հայտնի «мы подумали и я решил» սկզբունքը: Ինչևէ, կարգն ընդունված է, և ստիպված ենք բարձրաձայնել այն մի շարք խնդիրների մասին, որոնք, կարծում ենք, մեծապես վնասում են կրթական համակարգին:

Նոր կարգով նախատեսված է, որ տնօրենի պաշտոնի հավակնորդները պետք է կազմեն ու կրթության կառավարման լիազոր մարմնին ներկայացնեն ուսումնական հաստատության զարգացման ծրագրեր և պատասխանատվություն կրեն դրանց իրականացման համար: Հիշեցնեմ՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, իսկ դպրոցի տնօրենը լինելով գործադիր մարմին՝ իր գործողություններում պարտավոր է առաջնորդվել բացառապես գործող օրենքներով, կարգերով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ուսումնասիրելով հայաստանյան հանրակրթական (հատկապես՝ գյուղական) դպրոցների գերակշիռ մեծամասնության առջև ծառացած հիմնախնդիրները, դրանք կարելի բաժանել 3 հիմնական խմբի: Դիտարկենք դրանք և փորձենք պարզել, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դպրոցի տնօրենը դրանց վրա:

1. Դպրոցական շենքերի հիմնանորոգում և նյութատեխնիկական բազայի համալրում: Դպրոցի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության հաստատած կարգով, որի վրա տնօրենն ունի զրո ազդեցություն, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն հատկացված ֆինանսական և նյութական միջոցներով զբաղվում է բացառապես վարչատնտեսական համակարգողը (ով, ի դեպ, որևէ զարգացման ծրագիր չի ներկայացնում):

2. Ուսուցչական կադրերի կատաստրոֆիկ պակաս: Ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի գործող կարգը, ուսուցիչների վարձատրության՝ վիրավորանքի հասնող խղճուկ չափն ու ուսուցիչներին ներկայացվող՝ օրեցօր աճող և անիրատեսական պահանջները նույնպես սահմանվում են կրթության կառավարման լիազոր մարմնի և կառավարության կողմից, իսկ դրանք ներկա պայմաններում պարզապես որևէ հնարավորություն չեն տալիս տնօրենին՝ համալրել ուսուցչի թափուր տեղերը:

3. Աշակերտների թվի նվազում: Սա արդեն համապետական նշանակության դեմոգրաֆիական խնդիր է, որի համար ուղղակի պատասխանատվություն են կրում գործող իշխանությունները, և դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դպրոցի տնօրենն ազդել, ասենք, բնակավայրում ծնելիության աճի վրա: Իհարկե, կա նաև մեկ այլ տարբերակ, երբ սկսում են գործել, այսպես կոչված, «ավտոբուսային» դպրոցներ, որտեղ մանկավարժական և աշակերտական կազմն ամբողջությամբ կամ գերակշիռ մասով երթևեկում է մի բնակավայրից մյուսը, սակայն համաձայնեք, որ դա չի կարող հարցի լուծում համարվել, այլ ընդհակառակը՝ բազմաթիվ նոր հարցեր է առաջացնում:

Այսպիսով, ստացվում է այնպես, որ որոշում է ընդունում մի մարմին, իսկ իրականացման պատասխանատվությունը դրվում է այն մարմնի վրա, որը գրեթե զրոյական ազդեցություն ունի այդ որոշումների կայացման վրա: Ակնհայտ է նաև, որ այս պայմաններում հավակնորդների կողմից ներկայացված ծրագրերը՝ կամա թե ակամա, կրելու են պոպուլիստական, ոչ իրատեսական բնույթ, ինչն ապագա տնօրեններին կդնի խիստ խոցելի վիճակում:

Հաջորդ խնդիրը մասնագիտական հանձնաժողովին հավակնորդների կողմից արդեն ներկայացված զարգացման ծրագրերի փորձաքննության ձևն է: Այն իրականացվում է ոչ թափանցիկ, առանց հավակնորդի ներկայության. չկա երկխոսություն, չկա քննարկում, չկան հարցեր ու պատասխաններ: Պարզապես՝ մայրաքաղաքային կաբինետներից մեկում հավաքվում են մի խումբ մասնագետներ, ովքեր կարծում են, թե իրենք ավելի լավ են տիրապետում իրավիճակին, քան նույն դպրոցում տարիներով աշխատած տնօրենը, և յոթ կնիքների հետևում փորձաքննություն են իրականացնում: Վերջում հավակնորդին տրվում է եզրակացություն (առավելապես՝ բացասական), և կցվում է ինչ-որ աղյուսակ՝ ինչ-որ միավորներով: Ակնհայտ է, որ այսպիսի ոչ թափանցիկ գործընթացը չի կարող կասկածներ չառաջացնել՝ կոռուպցիոն ռիսկերի առկայության տեսակետից:

Մյուս խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, դրական եզրակացություն ստացած հավակնորդների հետ լիազոր մարմնի կողմից անցկացվող հարցազրույցի անցկացումն է: Վերոնշյալ կարգի 34-րդ կետն ասում է. «... հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների և անձնային որակների շրջանակներում»: Այստեղ չպարզաբանված է մնում «անձնային որակներ» հասկացությունը, ինչը, համաձայնեք, սուբյեկտիվ մոտեցման լայն հնարավորություն է ընձեռում հարցազրույցն անցկացնողին: Եթե զարգացման ծրագիր կազմող հավակնորդից պահանջվում են գնահատման հստակ չափանիշներ, ապա հարց է առաջանում. իսկ ի՞նչ չափանիշներ են նախատեսված «անձնային որակների» գնահատման համար: 

Նկատենք նաև՝ այս ամբողջ գործընթացից բացարձակապես դուրս է մնացել ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը՝ դպրոցի խորհուրդը, որը «հանրակրթական դպրոց» կոչված օրգանիզմում աստիճանաբար և հետևողականորեն ստանում է «ռուդիմենտ» օրգանի կարգավիճակ:

Այսպիսով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներկայացված զարգացման ծրագրերի բացարձակ մեծամասնությունը ստանում են բացասական եզրակացություններ, ինչի արդյունքում բազմաթիվ գործող տնօրեններ փոխարինվում են ժամանակավոր պաշտոնակատարներով, ովքեր շատ հաճախ ունեն փորձի զգալի պակաս և ոչ պրոֆեսիոնալ են: Եթե այս ամենին գումարենք ուսուցիչների՝ վտանգավոր չափերի հասնող թափուր տեղերի քանակը, նոր չափորոշիչներով պայմանավորված զգալի անորոշությունն ու ուսուցիչների զգալի մասի կողմից արտահայտվող դժգոհությունները, ապա կարելի է արձանագրել, որ նոր ուսումնական տարին կրթական համակարգը կդիմավորի մեծապես անպատրաստ, խիստ խոցելի վիճակում: Կհամարձակվեմ ենթադրել՝ արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ անխուսափելի կդառնա հանրակրթական դպրոցների թվի կտրուկ կրճատումը, ինչը, միգուցե, արդեն իսկ պլանավորված է: Ակնհայտ է նաև, որ թիրախում առաջին հերթին կհայտնվեն գյուղական դպրոցները. գյուղերի դատարկումը նոր թափ կստանա և արդյունքում կունենանք բազմաթիվ «դժբախտ և դժգույն» բնակավայրեր, իսկ դրա հետ միասին՝ լրջագույն անվտանգային խնդիրներ:

 

Խաչատուր Բադալյան

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10