Հայացք Սյունիքից. Ռուսաստանի և Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն այլընտրանք չունի մեր ընթացքի ներկա հանգրվանում

14.03.2024 16:30
498

2024 թ. մարտի 6-13-ը «Սյունյաց երկիրը» Սյունիքի մարզում անցկացրեց հարցախույզ՝ «Շարունակե՞նք հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունն ու համագործակցությունը, թե՞ տարանջատվենք Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած ռազմաքաղաքական ու տնտեսական համագործակցությունից՝ նախապատվությունը տալով հավաքական Արևմուտքին ու նրա տարածաշրջանային ներկայացուցիչ Թուրքիային»:

Հարցախույզի վերաբերյալ հայտարարությանը կամ առաջարկությանը ծանոթացել է 50 590 մարդ (միայն մեր էլեկտրոնային հարթակներում):

Նույն հարթակներում նախաձեռնությանը հավանություն է տվել 295 հոգի:

Այդ հարթակներում մասնակիցները գրառել են 326 մեկնաբանություն:

Երեսունութ հոգի զանգահարել է խմբագրություն՝ ներկայացնելով տեսակետ:

Հիսուն հոգի նկատառում է հայտնել էլեկտրոնային փոստով:

Ի՞նչ իրողություններ ի հայտ եկան հարցախույզի ընթացքում, ի՞նչ նկատառումներ հայտնեցին մասնակիցները. այդ ամենը խմբավորել և ներկայացնում ենք ստորև:

Առաջին. ակնհայտ արդյունքն այն է, որ խնդրո առարկայի վերաբերյալ հանրության մի ստվար հատվածի մեջ առկա է անտարբերություն:

Երկրորդ. առաջարկված հարցախույզը (այնուամենայնիվ) վերածվեց թեմայի շուրջ ակտիվ բանավեճի: Ընդ որում՝ բանավեճն ու կարծիքների բախումն ավելի ակտիվ էին ու բազմաբևեռ, քան ենթադրում էինք ի սկզբանե:

Երրորդ. հարցախույզ անցկացնելու մեր նախաձեռնությունը չափազանց ջղայնաբար ընդունեցին որոշ մարդիկ: Ընդ որում՝ ջղաձգության տեսարաններ էին ցուցադրում ոչ թե սյունեցիները, այլ հանրապետության տարբեր վայրերում բնակվող և Սյունիքի հետ առնչություն չունեցող մարդիկ:

Իմիջիայլոց, մեր նպատակը սյունեցիների դիրքորոշման որոշակիացումն էր: Ելակետն այսպիսին էր՝ Երևանում բնակվողը և Սյունիքում բնակվողը (Սյունիքի հետ վաղվա ծրագրերը կապողը) չեն կարող միևնույն դիրքորոշումն ունենալ հատկապես անվտանգային հարցերում:

Չորրորդ. ոմանք, հատկապես ոչ սյունիքաբնակները, իրենց մեկնաբանությունները կառուցում էին ոչ միայն իրավիճակի վերաբերյալ ակնհայտ անտեղյակությամբ և ցնցող անգրագիտությամբ, այլ հայհոյախոսությամբ, անգամ մեր լրատվամիջոցի հասցեին վայրահաչությամբ, ասել է թե՝ այդ ո՞վ է «Սյունյաց երկիրը», որ նման հարցախույզ է ձեռնարկել, որ փորձում է ճշտել սյունեցիների կարծիքը:

Այդքանով հանդերձ մենք դրսևորեցինք զուսպ պահվածք և ոչ մի դեպքում չարձագանքեցինք հայհոյախոսությանը՝ մտածելով ու համոզված լինելով՝ սովորաբար հայհոյախոսում են նրանք, ովքեր ասելիք չեն ունենում, ովքեր փորձում են իրենց տգիտությունը քողարկել, ովքեր փորձում են իրենց (այսպես կոչված) «արմատականության» փուչիկը քողարկել:

Հինգերորդ. հարցախույզը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր հանրությունը չափազանց պառակտված է, ազգային ու պետական խնդիրների շուրջ համախմբվելուն, մեկ բռունցք դառնալուն անպատրաստ:

Վեցերորդ. հարցախույզը ցույց տվեց վերստին, որ Սյունիքում արթուն է հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Դա առնչվում է և՛ Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ (առայսօր շարունակվող) քաղաքականությանը, և՛ մեծ տերությունների ու հատկապես Մեծ Բրիտանիայի՝ ընդդեմ հայերի խաղերին, և՛ Ուկրաինայի կողմից (ըստ հանրային կարծիքի) Ադրբեջանին մատակարարված ու Արցախում և Սյունիքի սահմանամերձում օգտագործված արգելված զենքներին, և՛ ԱՄՆ-ի ու Արևմուտք կոչվածի երկակի ստանդարտներին, և ...

Յոթերորդ. հարցախույզը ցույց տվեց, որ Սյունիքում հավատում են Արցախի ազատագրմանը, սպասում են մեր երկրամասից բռնազավթված հողերի վերադարձին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների վերադարձին: Հավատում են, որ հայոց բանակը կվերականգնի իր փառքն ու մարտունակությունը և ի վիճակի կլինի արժանապատվորեն պատասխանելու ադրբեջանական ցանկացած ոտնձգության: Սյունիքում չեն ուզում պատկերացնել մի վիճակ, երբ այսպես կոչված ադրբեջանցի փախստականները կվերադառնան Սյունիք, որը ժողովրդագրական արհեստական փոփոխության շնորհիվ մեր երկրամասը բռնազավթելու նոր ուղի կբացի:

Ութերորդ. Հայաստանի Հանրապետությունը նախ և առաջ հույսը պետք է իր վրա դնի: Ողջամիտ այդ տեսակետը, սակայն, շարունակություն չի ունեցել և չի ներառել կարևոր հարցի պատասխանը՝ իսկ աշխարհափոխումի մեր օրերում ունե՞նք ներուժ՝ հույսներս մեզ վրա դնելու կամ երկիրը արտաբլոկային ռելսերի վրա դնելու համար:

Իններորդ. հատկապես մեր ժամանակներում և ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխությունը պետք է կատարվի բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Առանց նման հանրաքվեի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է, ի վերջո, փոխակերպվել արկածախնդրության:

Տասներորդ. արևմտականությունը կամ արևմուտքին միտվածությունն այլևս իրողություն է նաև Սյունիքում, թեև ոչ ծայրահեղ դրսևորումներով, ինչպես մայրաքաղաքում:

Հարցախույզի մասնակիցների մի մասը կողմ է դեպի արևմուտք ամբողջապես շրջվելուն, ինչը, ըստ նրանց, Հայաստանի զարգացման միակ ճիշտ ուղին է ստեղծված իրավիճակում:

Այդ տեսակետի կողմնակիցները, սակայն, լուրջ հակառակորդներ ունեն Սյունիքում: Բազմաթիվ սյունեցիներ այն կարծիքն ունեն, որ հավաքական Արևմուտքին իրականում չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը, որ հավաքական Արևմուտքն ընդամենը մեզ օգտագործում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու (թեկուզ և մեր դժբախտությունների հաշվին), Հայաստանը հակաիրանական պլացդարմ դարձնելու դիվային ծրագրերն իրագործելու ճանապարհին:

Կասկածները շատ են հատկապես Մեծ Բրիտանիայի հանդեպ: Շատերն էլ արևմտյան կոչված ուղղության մեջ տեսնում են Հայաստանը ՆԱՏՕ-ի կովկասյան ներկայացուցիչ Թուրքիայի գիրկը նետելու անթաքույց միտում:

Տասնմեկերորդ. մեկնաբանությունների մեծագույն մասն առնչվում է Ռուսաստանին: Հիմնականում երկու տեսակետ է հայտնվում:

Նախ՝ սյունեցիների մի մասը (մեղմ ասած) նեղացած է Ռուսաստանի Դաշնությունից և հատկապես այդ երկրի ղեկավարությունից: Մարդիկ հիշում են 2020-ի պատերազմը, դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիայի բազմաթիվ դեպքերը, որոնց հետևանքով օկուպացվեց նաև մեր երկրամասի մի հատվածը: Հիշում են Արցախի շրջափակումը, Արցախի 2023 թվականի ողբերգությունը, արցախցիների ցեղասպանությունը: Եվ այդ ամենը, ըստ նրանց, կարող էր տեղի չունենալ, եթե Ռուսաստանն անկեղծորեն կամենար...

Ոմանք նույնիսկ պատմության տարբեր ժամանակներից են օրինակներ բերում և հայտարարում՝ ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիների իրադարձություններում, նաև այսօր Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ «առևտուր» է անում հայ ժողովրդի հաշվին:

Մյուս կողմից՝ սյունեցիների զգալի մասի կարծիքն է՝ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն են այն եզակի երկրները, որոնց շահերն ուղղակիորեն համընկնում են հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերին:

Նաև հարց է հնչեցվում՝ ո՞րն է մոլորակի այն երկիրը, որ կարող է (ի վիճակի է) շատ թե քիչ երաշխավոր լինել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգությանը, եթե (ասենք) Ռուսաստանը  հեռանա Հայաստանից կամ Հայաստանը դուրս գա գործող անվտանգային համակարգից: Խոսքը կենացներ հիշեցնող և գործնականում զրոյական նշանակություն հիշեցնող հայտարարությունների մասին չէ, որ գրեթե ամեն օր լսում ենք եվրոպաներից, այլ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը միտված գործնական քայլերի մասին:

Ոմանք էլ կարևորում են հայ-ռուսական հարաբերություններ տնտեսական բաղադրիչը, ասել է՝ տնտեսական կապերի գործող համակարգից հրաժարվելու դեպքում հանրապետությունը կհայտնվի ծանր վիճակում կամ (Աջարիայի օրինակով) կդառնա թուրքական էկոնոմիկայի կցորդ:

Եվ գլխավորը՝ մենք ի վիճակի՞ ենք Թուրքիայի և Ադրբեջանի կողքին ունենալ ևս մեկ թշնամի, ինչպիսին հզոր Ռուսաստանն է:

Ռուսաստանին առնչվող նաև այլ նկատառումներ հնչեցին: Շատերի կարծիքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների ճգնաժամը նախ և առաջ երկու երկրների ղեկավարության հարաբերությունների ճգնաժամ է և ոչ հայ-ռուս ժողովուրդների: Դրանից բխում են ակնկալիքներ՝ կողմերը (ամենաբարձր մակարդակով) պարտավոր են առերեսվել ու երկխոսության ճանապարով լուծել առկա հարցերը:

Մարդիկ նաև հույս են հայտնում, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում (հաշվի առնելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը) Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ արմատական քայլեր չի ձեռնարկի և համբերատար կերպով, հետևողականորեն կգնա երկխոսության ճանապարհով:

Եվ վերջին հանգամանքը. ինչ-որ տեղ բացատրելի է, երբ մեզանում ծավալված հակառուսականության պայմաններում գրեթե ոչ ոք չի համարձակվում խոսել հայ-ռուսական հարաբերությունների լուսավոր էջերի մասին, որոնք քիչ չեն: Բայց, ըստ հարցախույզի մասնակիցների, բացատրելի չէ ռուսական կողմի իրավասու մարմինների լռությունը կամ կցկտուր, մակերեսային մոտեցումն այն հարցերին, որ հետևողականորեն հնչեցնում են ծայրահեղ հակառուսականության քարոզիչները՝ ՌԴ-ն Հայաստանում իշխանափոխության փորձեր է անում, ՌԴ-ն մեր անկախ պետականությունը վերացնել է կամենում, ՌԴ-ն քաջալերում է Թուրքիային և Ադրբեջանին՝ նոր պատերազմ սանձազերծելու ընդդեմ Հայաստանի, ՌԴ-ի համաձայնությամբ է 2020-ի աշնանն Ադրբեջանը սկսել Արցախյան պատերազմը, ՌԴ-ի հրահրմամբ է արցախահայությունը 2023-ի աշնանը հեռացել իր բնօրրանից և այլն...

Իհարկե, հանրության շատ թե քիչ իրազեկ խավերը բոլոր այդ հարցերի վերաբերյալ ունեն իրենց համոզմունքը, բայց լայն զանգվածներն այդ և նման շատ հարցերի մասին ավելի փաստարկված ու հասկանալի պարզաբանումներ են ակնկալում ՌԴ-ի պատկան մարմիններից:

Չի կարելի հենց այնպես հնչեցված որևէ հարց թողնել անպատասխան կամ անհետևանք:

Ահա այն հարցերը (խտացված, ամփոփված), որ բարձրացվել են մեր հարցախույզի ընթացքում:

Եվ վերը շարադրվածին կողմ ու դեմ կարծիքները, նաև փաստարկներն ու հիմնավորումները համադրելով՝ ակնհայտ է դառնում ընդհանրական դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմաքաղաքական համագործակցությունն այլընտրանք չունի մեր ընթացքի ներկա փուլում:

Ակնկալում ենք, որ պատկան մարմինները, նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ուշադրություն կդարձնեն սյունեցիների մտածումներին, մանավանդ որ իրական Սյունիքն իր մտահոգությունները բարձրաձայնելու և լսելի դարձնելու ուրիշ եղանակ  առայժմ չունի:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53