ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

27.02.2014 14:23
2176

Սկիզբը

Ասեմ, որ այսօր էլ` տարիներ անց, մնում եմ իմ հին կարծիքին: Ու գտնում եմ, որ այն ժամանակ Շուշիում տեղի ունեցածը պարզապես միշտ ուրիշինը խլելու միտված եւ ուրիշինն իր պատկերացումներում իրենը համարող թուրքի գազանաբարո հոգեկերտվածքի դրսեւորման հերթական տարերային պոռթկում է եղել, որ նախամարդու նկարագրին հարիր վայրենի մոլեռանդությամբ Ղարաբաղի որոշմանը Շուշիում արձագանքած թուրք խուժանն իր ցեղի ապրելու բնազդի ճիվաղային էությանը տուրք տալով` հենց էն գլխից կարծես անուղղակիորեն ահաբեկում էր ԽՍՀՄ ղեկավարությանը` Ղարաբաղի մարզխորհրդի որոշման հայանպաստ հեռանկարի հնարավորությունը կանխելով, միաժամանակ մեզ` հայերիս, փորձում սարսափեցնելով ու սթափեցնելով հիշեցնել իրենց տարածքներում ապրող հարյուր հազարավոր հայերի պատանդ լինելու փաստը: Ու թեեւ ենթադրաբար, բայց հակված եմ պնդելու, որ զարգացման ցածրակարգ աստիճանի վրա գտնվող ցեղին հատուկ ինքնահաստատման պարզունակ մղումների հենց նման անթաքույց տարերային պահվածքի խորքերում է թաքնված «թուրքի դիվանագիտություն» կոչված ֆենոմենի գաղտնիքը, որ անգամ այդ ցեղի ենթագիտակցականով ապրող խաժամուժի մակարդակներում անվրեպ գործում է...

Վերադառնալով իմ պատմությանը` ասեմ, որ Շուշիի տեղական իշխանություններին վերաբերող նկատառումներս ներկայացնելուց հետո, ի ականջ թե՛ ինձ մոտ կանգնածների, թե՛ «Յոթ աղբյուրին» հարող հատվածում հավաքվածների, բորբոքված հայտարարեցի, որ վաղը պետք է անպայման համաքաղաքային հանրահավաք անենք, որպեսզի պատմական արդարությունը վերականգնելուն միտված մեր այս վրդովված դատողությունները, որպես Ղարաբաղի որոշմանը սատարող մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտություն, ներկայացնենք իշխանություններին: Վճիռ հրապարակելու պես բարձրաձայն հնչեցրած իմ խոսքը ոչ այնքան ստեղծված իրավիճակին ազգանվեր կեցվածքով դիմակայելու հորդոր ու կոչ էր` ուղղված հավաքվածներին, որքան համարձակ համախոհների արձագանք ակնկալող ուղերձ, որովհետեւ ինձ համար արդեն ակնհայտ էր դարձել, որ հանրահավաք անելու իմ առաջարկն ինքս էլ պիտի փորձեմ իրականացնել, այլապես այդ առաքելությունը ոչ ոք իր վրա չի վերցնելու:

Առաջինն ինձ մոտեցավ Յուրի Սաֆարյանը, ով այն ժամանակ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի դասախոս էր: Դեռ պատանեկան տարիներից մենք բարեկամական, մտերմիկ հարաբերությունների մեջ էինք: Բարեւելուց հետո իմ կողքին կանգնածների համար անլսելի ձայնով ականջիս մոտ ասաց. «Եթե էդ գործը կազմակերպես, համարիր, որ ամբողջ ինստիտուտը քեզ հետ է»: Այդ նախադասությունն իմ ցանկության իրականացմանը ոգեշնչող առաջին ամենամեծ խթանը եղավ:

Քիչ անց մեր խմբին մոտեցավ նաեւ ժողովրդի կողմից Մերգելյանի ինստիտուտի մասնաճյուղ անվանված, բայց իրականում Գորիսի ֆիզիկա-տեխնիկական բաժանմունք կոչվող գիտահետազոտական հիմնարկի ղեկավար Ռազմիկ Վարդանյանը եւ մի կողմ հրավիրելով ինձ` ասաց. «Տիգրա՛ն ջան, եթե հանրահավաքը կազմակերպում ես, ուրեմն իմացիր, որ վաղն առավոտյան իմ բոլոր աշխատակիցների հետ, Որոտան աշխատանքի գնալու փոխարեն (նրանց հիմնարկությունը Որոտանի գետի ափին գտնվող համանուն գյուղում էր), գալու ենք հրապարակ»: Ասացի, որ անպայման փորձելու եմ կազմակերպել, ու հաշվի առնելով մեր տարիքների բավականին տարբերությունը` որոշակի պատկառանքով, իր խիզախ պահվածքի համար, նրան իմ երախտագիտությունը հայտնեցի:

Ղարաբաղի մարզխորհրդի որոշման շուրջ կրքոտ քննարկումներն ընդհանուր առմամբ շարունակվում էին: Շատերը Շուշիի իրադարձություններից զայրացած` պարզապես թուրքերի հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում: Այդ ժամանակ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողների 30-40 հոգուց բաղկացած մի խումբ քայլերթով եկավ ու անցավ մեր կողքով` վանկարկելով. «Ղարաբա՛ղ, մենք քեզ հե՛տ ենք «կարգախոսը»: («Միացում» վանկարկումը մի քանի օր հետո շրջանառության մեջ մտավ):

Հաջորդ օրվա համաքաղաքային հանրահավաքն ինձ համար արդեն ամբողջովին ուրվագծվել էր: Երբ արդեն ներքին համոզվածություն ունեի, որ այն իրականություն եմ դարձնելու, այլ բնույթի կասկած մտավ մեջս: Եվ այդ պահին բարձրաձայն երկմտանք հայտնեցի այն մասին, թե հանկարծ չստացվի այնպես, որ մենք ի պաշտպանություն Ղարաբաղի հանրահավաք անենք, իսկ ղարաբաղցիները հետ կանգնած լինեն իրենց պայքարից: Ասլան Գրիգորյանը, ում մեր սերունդը Գըջի անվամբ է ճանաչում, իմ տարակուսանքին տեղում պատասխանելով` ասաց. «Հենց նոր էի գնացել փոստի հեռախոսավարուհիներից նորություններ իմանալու: Աղջիկներն ասացին, որ Ղարաբաղի բոլոր շրջաններից մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտ ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր թափ է վերցրել: Իսկ Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկա...»:

Հուզմունքս թաքցնելով` ցանկացա իմ ականջով լսել նրա հայտնած լուրը եւ քայլեցի դեպի փոստ, որը մեր կանգնած վայրից մի քանի քայլի վրա էր: Փոստի` փողոց նայող պատուհաններում երեւացող հեռախոսավարուհիները հաստատեցին Գըջիի հայտնած տեղեկությունը` ավելացնելով, որ իրենց ղարաբաղցի գործընկերուհիները խոսափողները երբեմն պահում են դեպի ցուցարարները, եւ իրենք պարզորոշ լսում են Ստեփանակերտի հրապարակում հնչող բոլոր վանկարկումները:

Տեխնոլոգիաներով հագեցած մեր օրերի երիտասարդներին այս դրվագի նկարագրությունը գուցե թե անհասկանալի թվա: Բայց այդ ժամանակ քաղաքների միջեւ միակ տեղեկատվական կապը գծային հեռախոսն էր, այն էլ արագորեն կարող էին իրականացնել միայն փոստի հեռախոսավարուհիները: Այնպես որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների լրատվական կենտրոնն ակամայից մեր քաղաքային փոստն էր դարձել:

Համոզվելով, որ ղարաբաղցիները հետ քայլ անելու բացարձակ մտադրություն չունեն` սկսեցի մտորել մտահղացումս իրականացնելու մասին: Վերադառնալով «Յոթ աղբյուրին» հարող հատվածը` որեւէ մեկին այն երիտասարդներից, որոնց մոտ հայտարարել էի համաքաղաքային հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտությունը, չգտա:

Այդ պահին հիշեցի Ժիրայր Մարտիրոսյանին, ում հետ մտերիմ ու ջերմ ընկերական հարաբերությունների մեջ էի: Նա քաղաքի մշակույթի տան տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: Աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել, եւ ես քայլեցի դեպի մշակույթի տուն: Ասեմ, որ Գըջին քայլում էր իմ կողքով: Ես նրան իմ ծրագրերի մասին ոչինչ չէի ասել, նրան ոչինչ չէի առաջարկել: Նա անգամ չէր իմանում, թե հիմա ուր եմ գնում, բայց լուռ ու մունջ քայլում էր ինձ հետ` իր վճիռը կայացրած ոգեպինդ հայորդու առինքնող կերպարի մեջ: Սկսած այն պահից, երբ նա մոտեցել էր մեր խմբին, որում ես էի կանգնած, մինչեւ գիշերվա ժամը մեկը` մոտավորապես իննից տասը ժամ, Գըջին իմ կողքին է եղել: Գուցե անհավատալի ու զարմանալի թվա, եթե ասեմ, որ տասը ժամվա մեջ նրա հետ երեւի թե չորս նախադասություն չեմ փոխանակել…

Գըջիի հետ հասանք Ժիրայրի աշխատասենյակ: Բարեւելուց հետո լուրջ ու պաշտոնական տեսք ընդունած` ասացի. «Հիշում ես, չէ՞, որ քո զբաղեցրած այս տարածքներին ես եմ բովանդակություն հաղորդում, որովհետեւ ես մշակույթն եմ, իսկ դու ընդամենն այս շենքի տնօրենն ես»: Նա` իր լույսով թաթախված ու խորամանկությամբ փայլող ժպիտը դեմքին, ասաց. «Ո՞նց չեմ հիշում, ես դա մի՛շտ եմ հիշում»: Մի քիչ հեռվից սկսած իմ խոսքն ավարտեցի այն եզրահանգմամբ, որ նրա վերադասն իրականում ո՛չ թե կուսակցության շրջկոմն է, այլ ես եմ: Ինձնից պրծնելու ճար չունեցողի տեսք ընդունած` Ժիրայրը հարցրեց. «Ի՞նչ կա, վերադա՛ս, լսում եմ»: Առանց ավելորդ երկարաբանությունների ասացի, որ վաղը պետք է համաքաղաքային հանրահավաք կազմակերպենք ու մեր համերաշխությունը հայտնենք Ղարաբաղի մարզխորհրդի որոշմանը, որպեսզի ղարաբաղցիներն իրենց պայքարի մեջ միայնակ չզգալով` ոգեպնդվեն: Նա մի ակնթարթ լրջացավ, հետո շողարձակող հայացքով ասաց. «Կազմակերպենք»:

Այդ պահից սկսած Ժիրայրի աշխատասենյակը վերածվեց համաքաղաքային գործադուլների, ցույցերի ու հանրահավաքների կազմակերպման շտաբի: Սկսեցինք միասին գործողությունների ծրագիր մշակել: Ցույցերի կայացման առաջին պլանում ուսանողությանն էինք տեսնում: Այդ պատճառով սկզբից սկսեցինք ցուցակագրել վստահություն ներշնչող այն մարդկանց անունները, ովքեր, ըստ մեր պատկերացումների, կարող էին ուսումնական հաստատությունների սովորողներին ցույցերի դուրս բերելու հարցում ակտիվ գործողություններ ձեռնարկել: Հետո որոշեցինք, որ ցույցերը, նայած իրավիճակին, սկսելու ենք կամ «Ավանգարդ» թաղամասից` որտեղ ինստիտուտն էր կամ «Վանքի տափ» թաղամասից` որտեղ գտնվում էին գյուղտեխնիկումն ու մանկավարժական ուսումնարանը: Իսկ եթե իշխանությունների դիմակայությունը կարողանայինք հաղթահարել, ապա ցույցերը երկու վայրից էլ պետք է միաժամանակ սկսվեին: Ուսանողների այդ երկու զանգվածները պիտի վերին կամրջի մոտ հանդիպեին իրար, քայլերթով, ցուցարարների շարքերը ստվարացնելով իջնեին քաղաք, իրենց միացնեին «Միկրոշարժիչ» գործարանի, տրիկոտաժի ֆաբրիկայի, արտադրական կոմբինատի աշխատողներին եւ շարժվեին դեպի Լենինի անվան հրապարակ, որտեղ էլ տեղի էր ունենալու հանրահավաքը…

Այդ իսկ պատճառով սկսեցինք մտմտալ նաեւ այն հարցի շուրջ, թե տրիկոտաժի ֆաբրիկայի, «Միկրոշարժիչ» գործարանի կամ արտադրական կոմբինատի կոլեկտիվներին ցույցերի հանելու հարցում այդ ձեռնարկությունների ներսի աշխատողներից ո՞ր տղաների վրա կարելի է հույս դնել:
Ժամն իննին արդեն մեզ շրջապատել էինք մեր գործին աջակցելու պատրաստ մեկ տասնյակից ավելի մարդկանցով: Ժիրայրի աշխատասենյակը եռանդուն կերպով գործող շտաբի էր վերածվել:

Հանրահավաքի կազմակերպման առաջին այդ ամենածանր օրը` մինչեւ գիշերվա ժամը երկուսը, մշակույթի տան ելումուտը չէր դադարում: Հրավիրված բոլոր տղաները, առանց բացառության, մեծ ոգեւորությամբ` մեր նախաձեռնությունն իրականություն դարձնելուն իրենց նվիրական պատրաստակամությունն էին հայտնում:

Այստեղ ուզում եմ ներկայացնել այդ օրվա հետ կապված նաեւ այս պատմությունը: Երեկոյան ժամը տասին մոտ, որոշակի հարցեր հստակեցնելու եւ որոշ մարդկանց տեսնելու համար, տաքսի էի զբաղեցրել ու մեկ ժամի չափ շրջում էի քաղաքում: Ուր ասում էի` տաքսու վարորդը քշում էր, յուրաքանչյուր վայրում ստիպված լինելով 15-20 րոպե սպասել` մինչեւ իմ «բանակցություններն» ավարտած հետ կվերադառնայի: Չնայած վարորդն ու ես իրար ճանաչում էինք, բայց մեքենայի մեջ նրան ոչ մի ակնարկ չէի անում, թե ուր ենք գնում, ինչի համար ենք գնում: Երբ այցելություններս ավարտեցի եւ ձեռքս դեպի գրպանս տանելով հարցրեցի, թե` ի՞նչ եմ տալու, նա վրդովված հայացքով նայեց ինձ ու ասաց. «Տիգրան ջան, կարո՞ղ ա կարծում ես էդքան կույր եմ, որ չեմ տեսնում` ինչով ես զբաղված»: Ինչքան պնդեցի` փողը չվերցրեց, այլ միայն բարեհոգաբար ասաց. «Ինչքան մեքենան քշել եմ` էդ էլ իմ կողմից»: Շարադրվածին ինձ մնում է միայն ավելացնել, որ այդ վարորդը Սերո Խանզադյանի քրոջ որդի Վաչե Արզումանյանն էր: Ու չեմ կարող չհիշել նաեւ, որ այդ ժամանակ էլ Գըջին, էլի լուռ ու մունջ, հետս էր:

Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ փետրվարի 22-ին համաքաղաքային ցույցերն ու գործադուլներն իրողություն դարձան, եւ Լենինի անվան հրապարակում երեք հազարի հասնող բազմությամբ հանրահավաք տեղի ունեցավ: Երբ տեսածից ոգեւորված` մեր փոստի հեռախոսավարուհիներից մեկն այդ լուրը հայտնել էր ստեփանակերտցի իր գործընկերուհուն, վերջինս հեռախոսափողի մեջ փղձկացել ու սկսել էր հեկեկալ…

Ցույցերն ու հանրահավաքները շարունակվեցին մինչև փետրվարի 28-ը: Ամեն ցույց ու հանրահավաք հսկայական ջանքերի գնով էր կազմակերպվում: Մեր տղաներն ամբողջ ժամանակ շարժման մեջ էին: Ղարաբաղը մեզ մոռանալ էր տվել ամեն ինչ: Մենք մեզ նետել էինք ազատագրական պայքարի հորձանուտը եւ անմնացորդ` հոգով ու սրտով նվիրվել Ղարաբաղին սատարելու նպատակին: Իշխանությունների կողմից ամեն Աստծո օր ցույցերի կայացումը խափանելու տարատեսակ ու նորանոր փորձեր էին արվում: Անընդհատ կազմակերպչական խնդիրներ էին ծառանում մեր առջեւ, եւ մենք ստիպված էինք լինում ցույցերի իրականացման համար նոր դժվարություններ հաղթահարել:

Հրապարակում օրեցօր ցուցարարների բազմությունը ստվարանում էր: Հանրահավաքներին սկսել էր մասնակցել նաեւ գյուղական ազգաբնակչությունը. գալիս էին շրջանի բոլոր գյուղերից: Ժողովրդական շարժումն ահագնանում էր…

Հանրահավաքների սկզբնական օրերին շատ կարիերիստ-մորթապաշտներ, հանուն իրենց աթոռների, ոչ միայն փորձում էին խանգարել ցույցերի կազմակերպմանը, այլեւ ղարաբաղցիների դարդին անհաղորդ` վերեւից ու քամահրանքով էին նայում ներշնչված ժողովրդի ու նրա հասարակ ներկայացուցիչների ըմբոստ պահվածքին: Բայց ժողովրդական շարժման անկասելի դարձած հեղեղը սրանց շատ հեռու շպրտեց այդ օրերի մեր ազգային իրականության ասպարեզից:

Իշխանություններն ու նրանց պնակալեզները` ժողովրդից մեկուսացած, ասես հայտնվել էին ազգից վտարվածների համար նախատեսված մի անմարդաբնակ կղզում` պատռված դիմակներով ու զրկված հայ կոչվելու իրենց բարոյական իրավունքից: Միայն շատ հետո, երբ պարզ դարձավ, որ ղարաբաղյան ազատագրական շարժումն անշրջելի է, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հաճկատարները` իրենց նոր նպատակներին հետամուտ, եկան ու խառնվեցին ժողովրդական շարժման զուլալված գետին` հետագա ինչ-որ փուլերում նորից պղտորելով նրա մաքուր ջրերը:


Խորհրդային Միության ամբողջ պատմության մեջ` բոլոր առումներով ու հատկապես իր գաղափարական ուղղվածությամբ, շարժումն աննախադեպ էր: Մենք պարտավոր էինք խորհրդային վարագուրված իրականության մեջ ապրած, հանրահավաքներին մասնակցող ժողովրդի համար իր իսկ պատմության լղոզված էջերը հստակեցնել, ներկայացնել նրան մոտ անցյալի իր պատմությունը, խոսել մեր պատմական վերջին կորուստների ու դրանց պատճառների մասին: Ժողովուրդը պիտի իմանար, թե ինչպես է հայկական Ղարաբաղը հայտնվել օտար Ադրբեջանի կազմում: Հրապարակ դուրս եկած ժողովրդին իր պատմական արդարացի պայքարի մեջ տեղեկացվածության շնորհիվ վստահություն ներշնչելը շարժման գլխավոր նպատակներից մեկը դարձրինք: Տարիներ շարունակ զանգվածների ուղեղները հարթեցրել էին կոմունիստական հեքիաթասացությամբ` ժողովրդից թաքցնելով իր պատմության իրական պատկերը: Մեր պարտքը համարեցինք բացել պատմության կոծկված էջերը, մարդկանց տոգորել ազգային ինքնագիտակցությամբ: Հարկավոր էր ժողովրդին մեկընդմիշտ դուրս հանել խորհրդային գաղափարախոսության կեղծապատիր մշուշից ու բերել դարասկզբին մեզ պատուհասած պատմական իրողությունների գնահատման իրատեսական հարթություն:

Ի դեպ, շարժման այդ փուլում բոլորիս մոտ քաղաքական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման նկատմամբ հավատը կար: Մենք հույս ունեինք, որ գոնե հիմա` դարավերջին, աչք ծակող այդ անարդարությունը Մոսկվան չի շրջանցի ու կվերականգնի պատմական ճշմարտությունը: Այդ հույսով ու հավատով էլ տասնյակ հազարավոր մարդկանց անունից մենք գորիսյան մեր բաժին պահանջն էինք հեռագրում «վերակառուցում» հռչակած Կրեմլի ղեկավարին:

Այդ օրերին, երբ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին ու հայաստանյան զանգվածային ցույցերին չէր արձագանքում ու դրանց պատմական իրական պատճառները չէր լուսաբանում միութենական մամուլը, դա հասկանալի էր, բայց երբ նույն կերպ էր վարվում հայկական մամուլը, դա միանշանակ ազգային ողբերգություն էր…

Կուսակցության Գորիսի շրջկոմի «Զանգեզուր» պաշտոնաթերթի արխիվներում 1988թ. փետրվարյան բուռն օրերի մասին գրված որեւէ բան չես գտնի: Ցավոք, այդ օրերի մասին այս տարիներին էլ համարյա ոչինչ չի գրվել: Մինչդեռ դա ժողովրդական զանգվածների գաղափարական հասունացման ու հայ ժողովրդի քաղաքական պայքարի ամենահիմնական շրջանն է եղել, որում ղարաբաղյան ազատագրական շարժումն ինքնակազմակերպվեց ու համազգային նպատակ դարձավ:

Թե՛ երիտասարդ, թե՛ տարեց մարդիկ հաճախ են փորձել ինձ համոզել, որ հուշեր գրեմ 1988թ. փետրվարյան իրողությունների մասին: Անշուշտ, հասկանում էի, որ դա շատ կարեւոր է, սակայն այն հանգամանքը, որ այդ իրադարձությունների կենտրոնում էի եղել` դժվարացնում էր իմ գործը, որովհետեւ ես չէի կարող առանց իմ կերպարը ներկայացնելու, ինձ շրջանցելով` գրել այդ օրերի մասին: Ու մտածում էի` թող ուրիշները գրեն…

Եվ այստեղ պիտի իմ երախտագիտությունը հայտնեմ Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանին ու խոստովանեմ, որ Գորիսի փետրվարյան իրադարձությունների մասին բարձրաձայնելու նրա ցանկությունն ու հորդորները միայն վերջնականապես ինձ «հասկացրին», որ ոչ ոք, ինձնից բացի, 1988թ. փետրվարյան այդ օրերի իրականությունը տեսանելի դարձնող, անկեղծ, ճշմարիտ ու անաչառ խոսք չի կարող ասել:

Ու հիմա, երբ խորհրդային պետականության պայմաններում Գորիսում տեղի ունեցած այդ աննախադեպ իրադարձությունների ու ղարաբաղյան շարժման ակունքներում անձնվիրաբար կանգնած մարդկանց մասին վերջապես ինչ-որ խոսք եմ գրում, ասես տարիներ ի վեր սրտիս վրա ծանրացած հոգուս պարտքն եմ մարում` պարուրվելով իր պարտականությունն ուշացումով ի կատար ածող, խիղճը հանգստացնող մարդու ներքին խաղաղությամբ:

Գորիսի վերջին ժամանակների տարեգրությունը, անկասկած, թերի կլիներ առանց այդ բուռն օրերի հիշատակության:

Դրանք հիրավի հերոսական օրեր էին` հնարավոր ձերբակալությունների, դաժան հաշվեհարդարների վտանգներով ներծծված: Կուսակցական եւ խորհրդային իշխանությունների ողջ համակարգն ամբողջ թափով գործում էր: Պետական անվտանգության մարմիններն իրենց մոլեռանդ տարերքի մեջ էին: Այդ պայմաններում ժողովրդին պայքարի կոչել ու տանել իշխանությունների կամքին հակառակ ուղղությամբ, մեղմ ասած, դժվարին գործ էր: Ճիշտ է, իշխանությունները հետո սկսեցին լրջորեն վախենալ ահագնացող ժողովրդական պայքարից, բայց առանձին անհատների, այնուամենայնիվ, դարձյալ հետապնդում ու ահաբեկում էին: Սակայն տղաները չէին ընկրկում: Նրանք շարունակում էին աներկյուղ իրենց նպաստը բերել ղարաբաղյան շարժմանը:

Այդ հերոսական օրերին անձնվեր ինքնադրսեւորման օրինակներ շատ են եղել, բայց գորիսյան շարժման մեջ Ժիրայր Մարտիրոսյանն առանձնահատուկ դերակատարություն է ունեցել:

Նվիրվածության բացառիկ օրինակ էր նա եւ շարժման առաջին ոգեշնչողներից մեկը: Գորիսում փոքր ու մեծ շատ ղեկավար աշխատողներ կային, ովքեր, պաշտոնները կորցնելուց սարսափած, կամ բացեիբաց իշխանությունների կողքին էին կանգնել կամ խորհրդավոր լռությամբ` ընդհատակ էին անցել: Ժիրայրը, այդ օրերին, որպես պաշտոն զբաղեցնող անձնավորություն, եզակի օրինակ էր: Լինելով Գորիսի քաղաքային մշակույթի տան տնօրեն` նա առանց երկմտելու իր աշխատասենյակը դարձրել էր շարժման շտաբ: Նրա աշխատասենյակում էին հավաքվում շարժման ակտիվիստները: Այնտեղ էին տեղի ունենում խորհրդակցությունները, մշակվում անելիքները, տրվում հանձնարարությունները: Նրա ղեկավարած մշակույթի տան երրորդ հարկի դահլիճում ու լայնարձակ ճեմասրահում էին պատրաստվում ցուցապաստառները: (Այդ հարցում մեզ օգնում էին գեղանկարիչներ Ալյոշա Բակունցը, Ռազմիկ Արզումանյանը, Մարտուն Զաքարյանը:)

Հանրահավաքներում ելույթ ունեցողների ասելիքը մեր կողմից չէր վերահսկվում: Սրտաբուխ ու անկաշկանդ խոսքի ասպարեզ էր բացվել: Ազատ արտահայտվելու իրավունք բոլորն ունեին: Այնուամենայնիվ, հետեւում էինք, որ հանկարծ ամբիոն չբարձրանան որոշ հարբեցողներ, ինչպես նաեւ քաղաքում «ճանաչված», խոսել սիրող, բայց իրականում ոչինչ չասող առանձին մարդիկ: Շարժումը ստեղծված իրավիճակով իրապես մտահոգ մարդկանց ասպարեզ էր, եւ չէր կարելի թույլ տալ, որ հանրահավաքը վերածվի զավեշտի:

Ժիրայրը, ինչպես նման դեպքերում ընդունված է ասել, իմ կողքին էր միշտ: Կազմակերպչական հարցերում անչափ օգտակար խորհրդատու էր, իսկ գործնական հարցերում` ճկուն ու նախաձեռնող:

Համարյա ամեն օր շրջկոմի ղեկավարները Ժիրայրին կանչում էին, կուսակցական քարոզներ կարդալով գլխին` սպառնում, որ կազատեն աշխատանքից, եթե հեռու չմնա հանրահավաքներից: ՊԱԿ-ն էլ չէր մոռանում նրան, կանչում էր, հարցաքննում, ձերբակալության սպառնալիքներ հնչեցնում: Ժիրայրը չքմեղ ձեւանալով` խուսանավում էր, արդարանալով այն պատճառաբանությամբ, որ ցուցարարներն ուժով են մտել մշակույթի տուն ու բռնագրավել իր աշխատասենյակը. իբր ինքը չի կարողացել ընդդիմանալ նրանց ներխուժմանը:

ՊԱԿ-ն ու գործող իշխանություններն ինձ չէին անհանգստացնում` լավ հասկանալով, որ այդ դեպքում գործ կունենան զայրացած ժողովրդի հետ: Անշուշտ, ինձ «խնայում էին» հանուն իրենց շատ թե քիչ «անվրդով» իշխանության:

Այդ օրերին հասարակ ժողովրդի բազում ներկայացուցիչներ էին այցելում մշակույթի տուն: Նրանք գալիս էին իրենց երախտագիտությունն ու հիացմունքը փոխանցելու մեզ: Շատերն էին շարժմանն իրենց ներդրումն ունենալու ցանկությունն ու պատրաստակամությունը հայտնում...

Մի բան աներկբայելի է` այն ամենը, ինչ տեղի է ունեցել Գորիսում փետրվարյան օրերին, մեր հերոսական ժողովրդի առնականությամբ էր շաղախված: Այդ օրերին ամբողջ քաղաքի վրա հայոց արիական ցեղի մոլեգնած ոգին էր թեւածում…

Հանուն արդարության, այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ Գորիսի մտավորականությունը հրապարակային ակտիվությամբ այդ օրերին պատշաճ բարձրության վրա չգտնվեց: Խորհրդային կրթահամակարգում աշխատող այդ մարդկանց զգուշավոր վարքագծին ընդհանուր առմամբ ես ըմբռնումով մոտեցա: Սակայն սիրտ խառնելու չափ հիասթափվեցի մի քանի այնպիսի մտավորականներից, ովքեր փետրվարի 21-ին` հայրենանվեր քրմերի կերպարանք ընդունած, մեր քաղաքի հրապարակում` պատերի տակ կանգնած, Ղարաբաղի հայկական անցյալի հազարամյակներից էին խոսում ու Ադրբեջանի կազմում հայտնվելու համար այնպես էին կսկծում եւ բորբոքվում, որ նայողին թվում էր, թե Ղարաբաղի ազատագրման համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Բայց այդ յոթ օրվա ընթացքում դրանցից ոչ մեկը քաջություն չունեցավ ամբիոն բարձրանալ ու Ղարաբաղի պատմական անցյալի ամբողջական պատկերը ներկայացնող գոնե մի քանի հիմնավոր նախադասություն հնչեցնել հրապարակում հավաքված ժողովրդի համար:

Վերոհիշյալ կարգի մի մտավորականից հանրահավաքները կազմակերպելու նախօրեին իմացա, որ մեր քաղաքում ճանաչված ուսուցիչ-արձակագիր Ալեքսանդր Հայրապետյանը ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտուղար, Ադրբեջանական իշխանությունների դրածո Բորիս Կեւորկովի ապազգային նկարագիրն ու նրա հակահայկական գործունեությունը ներկայացնող շատ լավ գրված հոդված ունի: Այդ մտավորականին, իմ ձերբակալվելու պարագայում անգամ, խոստանալով հույժ գաղտնիություն` խնդրեցի, որ հիշյալ հոդվածն ինչ-որ կերպ ինձ հասցնի, որպեսզի տղաներից որեւէ մեկը հանրահավաքի ժամանակ այն ընթերցի: Մեկ շաբաթ տեւած հանրահավաքներից ոչ մեկում այդ հոդվածն այդպես էլ հրապարակ չհասավ:

Այդ օրերի այս պատմության մեջ պարտավոր եմ խոսել մի այլ կարգի մտավորական մարդու մասին: Ընթերցողն, անշուշտ, հիշում է, որ հանրահավաքներ կազմակերպելու հենց առաջին օրը որոշեցինք ցույցերը սկսել կամ «Ավանգարդ» թաղամասից, որտեղ ինստիտուտն էր կամ «Վանքի տափ» թաղամասից, որտեղ գտնվում էին գյուղտեխնիկումն ու մանկավարժական ուսումնարանը: Ցույցերն ինստիտուտից սկսելու տարբերակը հիմնականն էինք համարում: Կազմակերպչական առումով այն շատ ավելի հեշտ էր իրականացնել: Այնտեղ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների մի շատ մեծ հատված կար, որը համաքաղաքային հանրահավաքների կազմակերպման տրամադրությամբ էր համակված: Բայց եթե հանկարծ ստացվեր այնպես, որ իշխանությունների դիմադրությունն ինստիտուտում չկարողանայինք հաղթահարել ու ցույց սկսել, ապա պետք է առաջինը ցույցի դուրս բերեինք կամ գյուղտեխնիկումի կամ ուսումնարանի ուսանողությանը:

Սակայն այդ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվներում տիրող տրամադրություններից ոչ մի տեղեկություն չունեինք: Այդ պատճառով էլ շատ հնարավոր էինք համարում, որ վերոնշյալ ուսումնական հաստատություններում ուսանողներին ցույցերի հանելու ժամանակ մեր տղաները հանդիպեին հիշյալ կոլեկտիվների ու նրանց ղեկավարության համառ դիմակայությանը:

Այս նկատառումներից ելնելով` կեսգիշերին մոտ որոշեցի գնալ գյուղտեխնիկումի ուսմասվար Լենդրոշ Բաբայանի տուն: Իմ շախմատային խաղի ջերմ երկրպագուներից էր նա: Այդ հենքի վրա էլ մեր միջեւ մարդկային բավականին մտերմիկ հարաբերություններ էին ձեւավորվել:

Առանց ներածական սեթեւեթանքների Լենդրոշ Բաբայանին միանգամից հայտնեցի համաքաղաքային հանրահավաքներ կազմակերպելու մեր որոշման մասին: Հետո կարեւորելով գյուղտեխնիկումի ուսանողության նշանակությունը ցույցերը սկսելու հարցում` ներկայացրի իմ այցելության նպատակը եւ ցանկացա իմանալ, թե արդյոք նա հանձն է առնում իր ուսանողներին ցույցերի դուրս բերելու ժամանակ չխանգարել մեր տղաներին: Իմ հարցադրումը նա որպես իր բարոյական նկարագրին ուղղված վիրավորանք ընդունեց ու Տեղ գյուղացիներին բնորոշ տղամարդկային խռովկան արժանապատվությամբ ինձ ամոթանք տվող հայացքով` վրդովված ասաց. «Առանց ինձ մոտ գալու էլ դու պիտի համոզված լինեիր, որ չեմ խանգարելու»: Շտապեցի ասել, որ եթե փոքր-ինչ կասկածեի` հաստատ չէի գա նրա մոտ, ավելացնելով, որ ինքը պիտի ըմբռնումով մոտենա իմ այցելությանը, քանի որ մեր ծրագրի յուրաքանչյուր դրվագի իրականացման համար մենք պետք է հուսալի, համոզված, հարյուր տոկոսին մոտ երաշխիք ունենանք: Իմ փաստարկները միանշանակ անվիճարկելի էին, ու նա աշխուժացած ասաց. «Տիգրա՛ն, Ստեփանակերտի կեսը մեր գյուղացիներ են, կինս էլ ղարաբաղցի է, բա ես ո՞նց կարող եմ նման բանին դեմ լինել: Համարիր, որ սա մի քիչ կատակով ու տնավարի եմ ասում: Իսկ եթե լուրջ խոսեմ, ապա պիտի ասեմ, որ Ղարաբաղի միանալը Հայաստանին իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկն է: Շատ լավ բան եք մտածել:

Ղարաբաղցիներին չի՛ կարելի մենակ թողնել: Ես ոչ միայն չեմ խանգարելու ուսանողների` ցույցերի դուրս գալուն, այլեւ մի քանի ոչ այնքան լավ սովորող, բայց վստահելի, ձիգ երիտասարդների ներքին կարգով քաջալերելու եմ, որ մասնակցեն էդ գործի կազմակերպմանը»:

Հրաժարվելով հյուրասիրությունից` իմ վստահությունն արդարացնելու համար շնորհակալություն հայտնեցի ու պատրաստվեցի հրաժեշտ տալ նրան: Դռան շեմին, երբ միմյանց ձեռք էինք սեղմում, նա կարծես ցանկանալով ինձ համար ամբողջովին ընկալելի դարձնել իր ռիսկի իրական չափն ու դրանից ենթադրվող հետեւանքները` ժպտալով ասաց. «Տիգրա՛ն ջան, գիտես չէ՞, թե շրջկոմն իմ գլխին ինչ կբերի, եթե իմանա մեր խոսակցության մասին»: Այստեղ արդեն ես վրդովված ասացի. «Ընկեր Բաբայա՛ն, հիմա էլ ե՞ս վիրավորվեմ: Այս խոսակցությունը միայն իմ ու քո մեջ է մնալու: Մի մազաչափ անգամ դրանում չկասկածեք»: Նա, մեղավորի տեսք ընդունած, ժպտաց: Մենք իրար բարի գիշեր մաղթեցինք, ու ես գնացի վաղվա օրվա հետ կապված, կիսատ մնացած գործերն ավարտելու…

Միայն խորհրդային համակարգում ապրած մարդիկ կարող են լիովին պատկերացնել, թե հանրահավաքի կազմակերպման ընթացքին տեղյակ լինելու եւ ցույցերին իր ուսանողների մասնակցությունը խրախուսելու մեջ մեղադրվող գյուղտեխնիկումի ուսմասվարի կյանքը կուսակցության շրջկոմն ինչպիսի դրամայի կարող էր վերածել...

Իսկ հրապարակավ ղարաբաղյան շարժումը հիմնականում հասարակ ժողովուրդն էր առաջ տանում:

Ծատուր Բաղդասարյանը տրիկոտաժի ֆաբրիկայում ձեւարար-վարպետ էր աշխատում: Երբ ցույցերն ու հանրահավաքները սկսվեցին, ֆաբրիկայի ղեկավարության շրջանում հարգանք ու հեղինակություն վայելող, տարիքն առած, աշխատավոր այդ մարդը դարձավ շարժման ամենաեռանդուն ակտիվիստներից մեկը: Պատանեկան ավյունով միացած երիտասարդներին` նա առաջիններից մեկն էր գործադուլների կոչ հնչեցնում եւ հանրահավաքներից խուսափող, վախեցած մարդկանց երեսին թուք ու մուր թափելով` մեր տղաների հետ ֆաբրիկայի աշխատողներին դուրս բերում ցույցերի:

Արտադրական բոլոր ձեռնարկություններում էլ այդպիսի վճռականությամբ տրամադրված ոչ միայն բազում կորովի տղամարդիկ են եղել, այլեւ շարժմանն ամբողջ էությամբ սատարող բազմաթիվ քաջասիրտ կանայք: Ժողովրդի հենց այսպիսի ընդգծված ներկայացուցիչների մոլեռանդ ու աննահանջ պահվածքի շնորհիվ էին իրականանում հանրահավաքները...

Ցուցարարների առաջին շարքերում միշտ մեր տղաներն էին: Իրենց ճակատագրի հետագա ընթացքի հնարավոր հետեւանքների շուրջ բացարձակապես չմտորելով` քաղաքի վերին հատվածներից ժողովրդական զանգվածների գլուխ անցած, նրանք էին հաղթահարում քայլերթի առաջընթացը կասեցնել փորձող կուսակցական ակտիվի ու միլիցիայի աշխատակիցների դիմադրությունը եւ առաջ տանում ցուցարարների ստվարացող շարքերը:

Անհնարին է չհիշել խեցեգործ-բրուտ Հրանտ Բաղդագյուլյանին, ով բազմահազարանոց հանրահավաքներից ոգեշնչված, առնական կեցվածքով կանգնած տրիբունայում` ազգային արժանապատվության գիտակցությամբ համակված ինքնագոհ ժպիտով ընբոշխնում էր պատմական պահի վսեմությունը…

Շարունակելի

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57