Կապանի նոր հոգեւոր հովիվը՝ տեր Խաչատուր քահանա Հայրապետյան

04.03.2021 13:00
7945

Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին տեր Վահան քահանա Հեբոյանի անժամանակ մահվանից հետո  հոգեւոր հովիվ չուներ: Փետրվարի 20-ին համայնքի հոգեւոր հովվությունը ստանձնել է տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը:

Ծնվել է 1982 թ. Սիսիանի Ույծ գյուղում, ծննդավայրում  ութամյա կրթություն է ստացել, 1997 թ. ուսումը շարունակել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում եւ ընծայարանում, ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք եւ իր հոգեւոր սպասավորությունն է բերել Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը 6-րդ դարի եկեղեցի է՝ կանգուն մինչեւ օրս: 2014 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերապատրաստվել է քահանայից պատրաստման լսարանում, որն ավարտելուց հետո վերադարձել է բնօրրան՝ Սիսիան, եւ  հոգեւոր սպասավորությունը շարունակել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

2020 թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ստացել է քահանայական աստիճան Արցախում՝ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Պատերազմից հետո կրկին վերադարձել է Սիսիան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ձեռնադրվելուց հետո Արցախում էր): Թեմական ժողովում որոշվեց, որ իր ծառայությունը պիտի շարունակի Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց  եկեղեցում, որտեղ առավոտյան եւ երեկոյան ժամերգություններ են կատարվում, կիրակի օրը՝ մատուցվում սուրբ եւ անմահ պատարագ: Տիրապետում է չորս լեզվի՝ անգլերեն, արաբերեն, եբրայերեն, ռուսերեն:

Տեր Խաչատուրն արդեն հասցրել է պատարագ մատուցել, եւ մեր հարցին, թե սակավամա՞րդ էր պատարագի ժամանակ, նա պատասխանեց, որ ամիսներ ի վեր Կապանը հոգեւոր հովիվ չէր ունեցել քահանա Վահան Հեբոյանի մահվանից հետո, գուցե այդ պատճառով պատարագին մասնակցող մարդկանց թիվը նվազել է, բայց հույս հայտնեց, որ կաշխուժանա հոգեւոր կյանքը մարզկենտրոնում, քանզի Կապանում տեսավ ջերմություն եւ մեծ հարգանքը Քրիստոսի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ներկայությամբ ու աղոթքով լցնում են եկեղեցին:

- Վստահաբար հոտը կավելանա, այդ նպատակով եմ այստեղ, ես էլ հնարավորը կանեմ, պատրաստ եմ իմ ծառայությունը բերելու  եկեղեցուն, քաղաքի ժողովրդին եւ մեր ազգի բոլոր զավակներին, - այսպիսի լավատեսությամբ է լցված տեր Խաչատուրը:

Այս համատեքստում չէինք կարող հարց չբարձրացնել աղանդավորության վերաբերյալ, որ շարունակում է մետաստազի նման իր շոշափուկները տարածել հասարակության մեջ:

- Ինչ որ պիտի անենք, միասին պետք է անենք, քահանան միայնակ չի կարող ոչինչ անել, բայց մենք ամբողջ քաղաքով միասնական պիտի լինենք եւ մեր ներկայությամբ աղոթենք իրենց համար, որ դառնան ճշմարիտ հավատքի, որպեսզի իրենց իմացածով չմեկնաբանեն Ավետարանը, - ասաց տեր Խաչատուրը:

«Եկեղեցական ծիսակատարությունները կատարվում են գրաբարով, որն ընկալելի չէ հավատացյալներին եւ ընդհանրապես եկեղեցի հաճախողների մեծամասնությանը» , - մեր հարցադրմանը հոգեւոր սպասավորը պատասխանեց, որ փորձում են որոշ ընթերցումներ կամ աղոթքներ կատարել աշխարհաբարով, բայց գրաբարը դուրս չենք կարող մղել եկեղեցական արարողություններից, այլապես չենք լինի մեր հայրերի հետեւորդները: «Ստիպված ենք գրաբարով կատարել մեր հոգեւոր արարողությունները, բոլոր ծիսակատարությունները, խնդրանքս է ամբողջ ազգին, իրենք էլ փորձեն սովորել, ուսումնասիրել հին հայերենը՝ գրաբարը, որ շատ քաղցր լեզու է»:

Փետրվարի 27-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում կայացած հայոց բանակին սատարող եւ վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին մասնակցում էին տեր Խաչատուրը եւ Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, ով ի դեպ, հանդես եկավ դատապարտող ելույթով:

«Որքանո՞վ է ընդունելի, որ եկեղեցու սպասավորները մասնակցում են հույժ քաղաքական միջոցառումներին, դեռ մի բան էլ քաղաքական դիրքորոշում հայտնում», - հետաքրքրվեցինք մեր զրուցակցից:

- Այո, ես ու տեր Ավետիքը ներկա գտնվեցինք, մեր նպատակն էր հանրահավաքին ներկա ժողովրդին ուղղորդելու լինել խաղաղության մեջ, եւ իզուր չէր, որ հանրահավաքը մենք աղոթքով սկսեցինք, որ խաղաղությամբ լիներ այն, ինչ լինելու էր, որ չլիներ որեւէ բախում կամ իրարանցում», - եղավ պատասխանը:

Իսկ որո՞նք կլինեն հոգեւոր հոր առաջին քայլերը. «Այցելություններ կունենամ ուսումնական հաստատություններ, որ զրուցեմ աշակերտների հետ, փորձեմ՝ որքան հնարավոր է գիտելիքներս փոխանցել նրանց. երբեմն երեխաներն այնպիսի հարցեր են տալիս, որ ուղղակի ապշել կարելի է: Բայց պատրաստ եմ իմ ներկայությամբ եւ գիտելիքներով օգտակար լինել ազգիս զավակներին: Նաեւ անպատճառ պիտի այցելեմ զոհվածների ընտանիքներին՝ հնարավորինս նրանց կողքին լինելու, նեցուկ դառնալու եւ անելու առավելը հնարավորից»:

Վերջում Կապանի հոգեւոր հովվից ցանկացանք լսել  համայնքի հավատավոր ժողովրդին ուղղված խոսքը. «Ժողովրդին կմաղթեմ առողջ լինել, ունենալ պայծառ միտք, միասնական ու սիրով լինել միմյանց հանդեպ, այցելել եկեղեցի, իրենց աղոթքն ունենալ հարազատ քաղաքի, իրենց ննջեցյալների եւ ապրող ժողովրդի համար, որպեսզի Տերն էլ մեզ երկնքից պատասխանի: Տիրոջ առաջնորդությամբ շարժվենք դեպի մեր նպատակների իրականացում, ունենանք Աստծո սերը մեր մեջ, որ խաղաղության մեջ լինենք եւ սիրով լցված՝ միմյանց նկատմամբ»:

 

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

 

 

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01