Տաթեւի արծիվները, որ նահատակվեցին հանուն հայրենիքի

14.12.2020 17:40
7033

Գյուղում հետաքրքիր ու գեղեցիկ մի ավանդույթ կա` չգիտեմ որ ժամանակներից, ու միշտ հնազանդ այդ ավանդույթին մեր տղերքին բանակ ենք ճանապարհում դեպի գյուղ բարձրացող շրջադարձից. ներքեւում` Տաթեւի վանքը, վերեւում ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։
  Հիմա այդ ճանապարհի վերեւում սեւ անգղի նման երկու սեւ ժապավեն է կախված, ու արդեն մեկ ամիս է` գյուղն այլեւս չի սպասում իր լավագույն երկու զավակին…
Հարութ 19, Լեւոն 19. գուժում են սեւ ժապավենները։
  Հարութի ծառայությանը հաշված օրեր էին մնացել։ «Բան չմնաց», - ասում էր քրոջը, - «կգամ ու քո դպրոցական վերջին զանգն անմոռաց կդարձնեմ»։
 Եկավ, ավելի ճիշտ բերեցին։ 
Անողորմ պատերազմը չխնայեց 19֊ամյա տղային։ 
Վեց ամիս Գյումրիում ծառայելուց հետո տեղափոխվել էր Մեղրի։ Ամեն ինչ լավ էր. ծառայությունը հիանալի էր անցնում։
  Հարութին, որպես ազնիվ, խելացի երիտասարդի, գիտեին   թե՛ ընկերները, թե՛ հրամանատարները։ Զանգում էր, խոսում, շատ էր սիրում քրոջ հոգու հետ խաղալ, բարկացնում էր, հետո ծիծաղում, ու ամեն ինչ հարթվում էր։
  Երբ սկսվեց պատերազմը` Հարութը Ջաբրայիլում էր։ Հրաշքով փրկվել ու նորից Մեղրի են վերադաձրել։ Ու թվում էր` վերջ, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց նրանց գունդը մասնակցեց Կովսականի համար մղվող մարտերին եւս։ Ու այդտեղ կատարվեց ամենաանդառնալին.   Հարութը զոհվեց։ 
Իսկ մայրը պատրաստվում էր որդու քսանամյակին. պիտի գնար որդու ծննդին…
  Մի քանի օր առաջ նշեցին տղայի քսանամյակը։ Նշեցին առանց Հարութի, նշեցին` շիրմի առջեւ խնկարկելով։
- Մենք կշարունակենք մեր կյանքը, - ասաց Հարութի հայրը, բայց չենք ապրի։
Խորտակված երազանքներ, փշրված հույսեր...

***

  Լեւոն Դանիելյանն ընդամենը ութ օր էր ծառայության անցել Գյումրիի ուսումնական գումարտակում, երբ հրամանատարն ասաց, թե նրան արձակուրդ են տալիս։ Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել։ Տագնապը սրտում նորակոչիկն ուղեւորվեց տուն։ Հայրը մահացել էր։ Հանկարծակի, սրտի նոպայից։ Հոր շիրմի առջեւ կանգնած՝ Լեւոնն ինքն իրեն խորհում էր. հիմա ինքն է տան հույսն ու սյունը։ Պետք է պատվով ծառայել ու վերադառնալ, ընտանիքին տիրություն անել… 
 Վեց ամսից տեղափոխեցին Հադրութ։ Կրտսեր սերժանտ Լեւոն Դանիելյանին ճանաչում եւ սիրում էին բոլորը՝ թե՛ հրամանատարները, թե՛ ծառայակիցները։ Գորիսեցի Լյովը. այսպես էին դիմում փոքրամարմին տղային, ով իր հոգում բարություն ու ազնվություն էր ամբարել։ 
  Սկսվեց պատերազմը։ Հարազատների հոգիները սարսափով լցվեցին. Լեւոնը… ի՞նչ կլինի։ Ամեն օր զանգահարում էր, ինքն էր հույս տալիս, ոգեւորված էր խոսում` կռվում են, հաղթելու են։ 
Ամբողջ մեկ օր  չորս հոգով բարձունք են պահել։ Հադրութից վերջին հեռացողներն էին…
Մի քանի օր Մարտունիում էին, հետո` Ասկերան։ 
Քրոջ հետ հեռախոսազրույցում ասաց, որ արժանացել է պատվոգրի, շքանշանի։ Հետո ասել էր, թե ամեն ինչ վերջացել է… Իրենց տեղափոխում են Հայաստան:
  Բայց ընդամենը կես ժամ հետո նորից զանգահարել էր քրոջն ու ասել, թե իրենց տարան Շուշի։ Նոյեմբերի 5-ն էր։ Ո՞վ փոխեց ծրագիրը, ինչո՞ւ նրանց տարան մահվան բերան, երբ Շուշին արդեն հանձնված էր…
  Վերջին զանգը նոյեմբերի 6֊ին էր։ Ասաց, որ թեթեւ վիրավորում է ստացել, շրջափակման մեջ են, շուտով կգան, կհանեն… Ո՞վ պետք է հաներ։ Հրամանատարը՝ Դավիթը, եթե ողջ լիներ, տիրություն կաներ իր զինվորներին։ Սպաները չկային, կրտսեր սերժանտ Լեւոն Դանիելյանն էր ռադիոկապով զինվորներին առաջնորդում։ 
 … Տասը օր շարունակ փնտրում էինք բոլորս. փնտրում էինք ողջերի մեջ, վիրավորների, անգամ գերիների ցուցակում։ 
Չէինք ուզում հավատալ, որ այլեւս չկա Լեւոնը։
Տասներորդ օրը գտան Լեւոնի անշնչացած մարմինը. դիպուկահարն ուղիղ սրտին էր խփել։ Այն փոքրիկ սրտին, որտեղ կար կարոտ, սեր եւ կյանքի ծարավ։ 
 … Մարեց օջախի լույսը, տապալվեց սյունը, որի վրա Լեւոնը տուն պիտի կառուցեր, որ հոր հիշատակն ու օջախի ծուխը վառ պահեր։
***
  Տաթեւի հողը միշտ էլ հերոսներ է ծնել։ Բայց մեզ կենդանի լեգենդներ էին պետք, մեզ դուք էիք պետք՝ Հարութ եւ Լեւոն։ Անհիշատակ, անմուրազ մեր լույս֊տղաներ։
 Ձեզ համար բարձր էր հայրենիքի պատիվը, հայ զինվորի պատիվը։ 
 Իսկ մենք՝ ապրողներս, այսքանից հետո ինչպե՞ս ենք   ապրելու…
Սփոփանքի ու մխիթարանքի ոչ մի խոսք չկա ասելու։ Ցավոք, Հայաստանը դարձել է սեւ ժապավենների երկիր։ 
 Լույս իջնի Ձեր շիրիմներին, մեր անմեռ, անմեղ զոհեր…

Նորվարդ Մովսիսյան,
Տաթեւի միջնակարգ դպրոցի տնօրեն

 

Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին

26.07.2026 18:41

Կարեն Լազարյանի դիմումը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝«Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության»

26.07.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

25.07.2026 21:08

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

25.07.2026 21:05

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

25.07.2026 15:56

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

25.07.2026 15:43

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

25.07.2026 11:31

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

24.07.2026 20:43

ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

24.07.2026 19:05

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

24.07.2026 17:05

Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24.07.2026 14:44

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

24.07.2026 14:30