Տիգրան Աթայան. «… Թատրոնը հարաճուն փոփոխվող օրգանիզմ է, և անընդհատ թարմ շունչ պիտի մտնի թատրոն»

23.09.2022 10:57
2420

Այցեքարտ

Տիգրան Աթայան ծնվել է 1988 թ մայիսի 11-ին, սովորել է Կապանի թիվ 13 և թիվ 7 միջն. դպրոցներում։

2005 թ ընդունվել է ԵԹԿՊԻ դերասանական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո նրան շնորհվել է արվեստագիտության բակալավրի աստիճան «Դերասանական արվեստ» մասնագիտությամբ։

2011 թ. դեկտեմբերից մինչև 2014 թ. հունվար աշխատել է «ԱՌՏ Շեյպինգ» ՍՊԸ տնօրենի պաշտոնում։ 2012 թ հոկտեմբերից մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը՝ «Վայբլ» ՍՊԸ-ի նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ։

2015 թ սեպտեմբերի 28-ից մինչև 2019 թ օգոստոսի 29-ը աշխատել է «Դասուգ» ՍՊԸ տնօրենի պաշտոնում։

2019 թ օգոստոսի 29-ից մինչև այսօր «Կապանի ԱլՇիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

- Պարոն Աթայան, երբ ստանձնեցիք Կապանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ի՞նչ ժառանգություն ստացաք, նման հարց սովորաբար տնտեսական ղեկավարներին ենք տալիս, բայց թատրոնն էլ, ըստ ամենայնի, տնտեսություն ունի՝ բեմական հնարավորություններ, ձայնային և լուսային համակարգեր, դերասանական կազմի սոցիալական վիճակ, հանդերձարան, փորձասենյակ և այլն: Չմոռանանք, որ թատրոնի մեծ վարպետ Ստանիսլավսկին ասում էր, որ թատրոնը սկսվում է հանդերձարանից:

- Եկեք ժառանգությունից չխոսենք: Մինչ իմ այստեղ գալն ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, այդ ամենի մեջ չեմ ուզում մտնել և ոչ էլ իմաստ եմ տեսնում: Դա այլ խոսակցության նյութ է, մի հարթություն, որի մեջ չեմ ուզում մտնել:

Սոցիալական առումով երևի մարդկանց մի քիչ վնաս եմ տվել, որովհետև պակասեցրել ենք հավելյալ կես դրույքները և այլն: Ըստ հաստիքների որոշակի փոփոխություններ են եղել: Սկզբնական փուլում (պաշտոնը ստանձնել է 2019 թ. օգոստոսի 29, խմբ.), ոչ մեկին չեմ տեղաշարժել: Այս փուլում է, որ մարդկանց փոխում եմ: Թատրոնն ի սկզբանե կար որպես այդպիսին, նույն մարդիկ կային, որոնց վրա հենվելով՝ փորձում եմ դրական փոփոխություններ կատարել:

- Իսկ սերնդափոխության խնդիրը հասունացե՞լ էր, երբ ստանձնեցիք պաշտոնը:

- Սերնդափոխության խնդիր, բնականաբար, կար: Շատ լուրջ խնդիր էր դա, հիմա էլ կա, միշտ էլ կլինի, քանի որ թատրոնը հարաճուն փոփոխվող օրգանիզմ է, այդ օրգանիզմին պարբերաբար թարմ արյուն պիտի ներարկել, յուրաքանչյուր տարի, եթե կուզեք՝ վեց ամիսը մեկ, պիտի նոր մարդիկ գան, պիտի թարմ շունչ մտնի թատրոն: Առանց այդ ամենի, որոշ ժամանակ անց թատրոնը պարզապես իր մահկանացուն կկնքի: Բարդ էր սկզբնական շրջանում, մարդիկ, երևի, ճիշտ չէին ընկալում: Բայց սերնդափոխությունը ոչ միայն կայացավ, այլև մեխանիզմի նման սկսել է աշխատել, այսինքն՝ դա պարբերաբար պիտի լինի:

- Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեր թերթին տված հարցազրույցում նշել է, որ Կապանի թատրոնում բավականին փոփոխություններ են տեղի ունենում, հետաքրքիր շունչ է եկել թատրոն: Կմանրամասնե՞ք նրա գնահատականը:

- Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի պարոն Ղազանչյանը: Եթե ընդհանուր փոփոխությունների մասին է խոսքը, բնական է՝ և՛ կոլեկտիվի աշխատաոճն է փոխվել, և՛ կադրային փոփոխություններ են եղել, աշխատանքների ուղղվածությունն է փոխվել, այսինքն՝ փոփոխություններ, որպես այդպիսին, շատ կան: Բեմը մեծացրել ենք, ներդրվել է լուսային նոր համակարգ, նոր ձայնային համակարգ, թատրոնում պարբերաբար նորոգումներ են կատարվում, գույքային թարմացումներ կան: Այդ խնդրում ունենք աջակցողներ, փոփոխությունները մեր թատրոնում, կարելի է ասել, իներցիոն բնույթ են կրում, շղթայական ռեակցիայի նման, չես կարող մի բան անել, միջին մասը թողնել, վերջից սկսել...

- Բեմն աղքատություն չի սիրում: Ներկայացումից առաջ կարողանու՞մ եք բեմն ապահովել անհրաժեշտ դեկորացիայով, դերասաններին՝ բեմական հագուստով, այլ պարագաներով:

- Բեմին տրված այդ բնորոշմանն այնքան էլ համամիտ չեմ, դատարկ բեմում դերասաններն այնպիսի խաղ կարող են ցուցադրել, որ երբեմն դեկորացիան ավելորդ է դառնում: Իսկ դեկորացիայի առումով առայժմ որևէ խնդիր չենք ունեցել, փառք Աստծո, նորմալ աշխատում ենք, արտաբյուջեն գոյանում է: Նման խնդիր չի ծագել:

- Որքանով տեղյակ ենք, երբ ստանձնեցիք տնօրենի պաշտոնը, հանդիսականի հոսք եղավ դեպի թատրոն, և դա այն դեպքում, երբ նաև Ձեր օրոք, ինչպես նկատեցինք, դադարեցրիք հրավիրատոմսեր հատկացնել:  

- Թող անհամեստություն չլինի, եթե ասեմ, որ ճանաչված մարդ եմ քաղաքում, և ով ինձ տեսնում է, պատկերացնում է, որ ինքը հրավիրատոմսով պիտի գա թատրոն: Հատկապես որոշեցի, որ ոչ մի պարագայում հրավիրատոմս չի տրվելու: Ինչ խոսք, բավականին նեղացած մարդիկ կային… Ես հրավիրատոմսը կնախընտրեմ տալ անապահով ընտանիքներին, նրան, ով ցանկանում է թատրոն հաճախել, բայց հնարավորություն չունի տոմս գնել: Բայց չտալ այն մարդկանց, ովքեր ի վիճակի են գնել ներկայացման այդ տոմսը, բայց սպասում են հրավիրատոմսի: Իհարկե, գիտակցում եմ, որ իրենք ուշադրության կարիք ունեն և ավելի շատ դրան են սպասում: Բայց, հարգելիներս, մեր թատրոնը 156 նստատեղ ունի: Այս քաղաքում մենք իրար ճանաչում ենք, և չեմ կարող բոլորին հրավիրատոմս հատկացնել: Դա չի լինելու: Տոմս գնեցեք և եկեք ներկայացման. դա նաև ձեր փոքրիկ ներդրումն է Կապանի թատրոնի զարգացման գործում: Ամեն գնված տոմսը որոշակի հարց է լուծում: Եթե մարդիկ ցանկանում են լինել թատրոնի կողքին, ինչ-որ չափով սատար լինել, դա է մեզ ուժ տալիս, որ մենք անդադար աշխատանքի մեջ լինենք: Ոչ մեկի ձեռքին չենք նայում, բայց եթե որոշ մարդիկ ուզում են թատրոնի կողքին մնալ, ինչ-որ բանով օգտակար լինել, դա մեծ ոգևորություն և հետագա գործունեության ազդակ է մեզ համար: Այո, բավականին մեծ էր հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն, բայց եղավ կորոնավիրուսի համավարակ և պատերազմ, որ բացասաբար անդրադարձան թատրոնի հաճախելիության վրա: Այս վերջին երեք ամսում հոսքը զգալիորեն նվազել է, ինչը խորհրդածությունների տեղիք է տվել: Գուցե ինչ-որ տեղ թերացել ենք, ինչ-որ բան սխալ ենք արել, որովհետև հետընթացն ակներև այլ հանգամանքի հետ հնարավոր չէ կապել: Կարծում եմ՝ դա ամեն դեպքում մեր խնդիրն է: Պիտի խորանանք երևույթի էության մեջ: Այսքանը: Նաև մինչև տարեվերջ նոր գեղարվեստական ղեկավար կունենանք: Այժմ բանակցություններ ենք վարում, կարծում եմ՝ դրական ավարտ կունենա:

- Շատ քիչ ժամանակ է մնացել թատերաշրջանի բացմանը, Կապանի թատրոնն առաջնախաղո՞վ կսկսի այն:

- Մեր թատրոնը շուտով կհամալրվի մի դերասանուհիով: Բեմադրությունը, որպես այդպիսին, արդեն պատրաստ է, մնում է, որ նոր դերասանուհին միանա կոլեկտիվին: Ներկայացումը՝ «Ձմեռը սեղանի տակ», բեմադրել է Երևանի թատերական ինստիտուտի դիպլոմնիկներից մեկը: Մենք առաջարկել էինք բուհի տնօրինությանը, որ ավարտական կուրսի դերասաններից որևէ մեկը մեր թատրոնում պաշտպանի դիպլոմային աշխատանքը: Մենք գործուղվածին սիրով պահել ենք, սիրով դիմավորել, չենք թողել նրա վրա ֆինանսական որևէ բեռ ընկնի: Բոլոր ծախսերը հոգացել ենք: Շատ բարդությունների միջով անցավ բեմադրությունը, բայց գործն ավարտին հասավ:

- Կապանի դրամատիկական թատրոնի բեմադրած «Ես դեռ հույս ունեմ» ներկայացումից ծնվեց երաժշտական մի ալբոմ, որ «Հույս» խորագիրն է կրում, վերջերս էլ Կապանի մշակույթի կենտրոնում Ձեր, դերասան, երգիչ Խորեն Լևոնյանի, Իշխան Ղարիբյանի և «Հ1» ալիքով հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդման երաժիշտների մասնակցությամբ ներկայացվեցին «Հույս» ալբոմում զետեղված երգերը: Մի քիչ այդ մասին:

- Նախ ասեմ, որ թատրոնի զարգացման ճանապարհը տեսանք մեր սեփական միջոցների ներդրման տեսքով: Առաջին օրվանից, ինչ Կապանի թատրոնում եմ, թատրոնին աջակցում է մեր ընտանեկան բիզնեսը՝ «Ֆենիքս» համալիրը:

Տեղեկացնեմ, որ մեր անձնական ձայնագրման ստուդիան ենք այստեղ բերել, և այդ ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի հետ, նա նաև երաժիշտ է, որոշեցինք թատրոնի ներկայացումները որոշակիորեն թեքել դեպի երաժշտական ոլորտը: Քանզի ունենք այդ հնարավորությունը: Նախ սկսեցինք մեր ներկայացումների երգերը գրել ինքներս, ասել է թե՝ դա թատրոնի սեփական արտադրությունն է, թե երաժշտական ձևավորման մեջ, նաև այն երգերը, որոնք հնչում են, մերն են: Թատրոնում գործում է «Դրամա գլիչ» ռոք խումբը, պատանիներ են խմբի երաժիշտները, ովքեր խմբի փորձերը թատրոնում են անում, նաև իրականացնում են մեր ներկայացումների երաժշտական ձևավորումները: Այդ պատանիներից ոմանց մեջ բավականին ներուժ կա, կարծում եմ՝ երաժշտական ձևավորման ոլորտում մի քանի տարի հետո լուրջ բազա կունենանք: Ինչ վերաբերում է «Հույս» ալբոմին, ապա դրանում զետեղված են 44-օրյա պատերազմի իրողություններով ծնված երգեր՝ Սյունիքում, մասնավորապես Կապանում:

- Այսօրվա դրությամբ ի՞նչ է ներկայացնում Կապանի պետթատրոնի խաղացանկը:

- Խաղացանկի խնդիրը կորոշակիանա հոկտեմբերի կեսերին: Սեպտեմբերին կունենանք նոր դերասաններ, ովքեր կներգրավվեն ներկայացումների մեջ: Արդեն կարելի կլինի վստահ խոսել խաղացանկի մասին: Այս պահին կա խնդիր, քանզի բավականին դերասանների ծառայություններից հրաժարվել ենք, չեն համապատասխանել թատրոնի պահանջներին. չեն ընդունել թատրոնի ռեժիմն ու կարգապահությունը: Միշտ կրկնել եմ՝ թատրոնն ինձ համար սկսվում է ցանկությունից, ազնվությունից: Եթե դու ազնիվ չես, իրավունք չունես բեմ բարձրանալ, որքան էլ դերասանը տաղանդ, ձիրք, աշխատասիրություն ունենա, առաջին պլանին պիտի ազնվությունը լինի: Ինձ համար թատրոնն ու եկեղեցին մի հարթությունում են, թատրոնում չի կարելի ստել, չի կարելի գողանալ, ինչը չի կարելի անել և եկեղեցում:

- Այնուամենայնիվ, ո՞րն է այսօր Կապանի թատրոնի ամենանեղ օղակը, որ ամենաշատն է մտահոգում Ձեզ:

- Թատրոնը, բնականաբար, խնդիրներ ունի, նախևառաջ  չունի իր ստուդիան, բավականին կապանցիներ ավարտում են Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը, և այլևս հետ չեն գալիս: Սա ամենամեծ խնդիրն է, և որպես կապանցի ու որպես թատրոնի տնօրեն, ինձ այս խնդիրը շատ է մտահոգում: Դա գոնե ինձ համար շատ անցանկալի երևույթ է, յուրաքանչյուր կապանցի այն գիտակցումն պիտի ունենա, որ ինքն իր քաղաքին պարտք ունի: Գնում են՝ մայրաքաղաքում սովորում, հարմարվում առանց հարազատների կյանքին, կողքից շատ բան ասող չկա, նկատողություն անող չկա: Բավականին թվով բժիշկներ, դերասաններ, մյուս ոլորտների մասնագետներ այլևս չեն վերադառնում իրենց հայրենի քաղաք: Եթե դա չլինի, մեր թատրոնը խնդիր չի ունենա, մնացյալը մեր աշխատանքով է պայմանավորված:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53