Յուրի Թունյան. «Արժանապատիվ ոչ մի սյունեցի այսօր չի կարող հեռանալ իր բնօրրանից, իսկ ովքեր հեռանում են՝ նրանք այլեւս ու ընդմիշտ  զրկվում են  Սյունիք վերադառնալու եւ սյունեցի կոչվելու բարոյական իրավունքից»

20.10.2020 12:20
10070

Սյունիքի մատույցներում տեղի ունեցող մարտական գործողությունների հաջողությունների գլխավոր երաշխիքներից մեկը մարզի բնակչության վիճակն է եւ մարդկանց գործողությունները՝ թիկունքն ամուր պահելու եւ կռվող տղերքին օգնելու ուղղությամբ:

Փա՜ռք Աստծո, Սյունիքում խուճապի որեւէ նշան չկա. այդպես էլ պետք է լիներ, քանզի բոլոր ժամանակներում սյունեցին տեր է կանգնել իր սրբազան հողին:

Եվ, այդուհանդերձ, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այսօր առավոտյան այցելեց Խնձորեսկ ու Ներքին Խնձորեսկ գյուղեր, որտեղից էլ քիչ առաջ վերադարձավ:

Մարդիկ իրենց առօրյա գործին էին, գիտակցում էին իրավիճակի ողջ լրջությունը,  հերոսական գյուղում խուճապի ոչ մի նշան, ինչպես եւ սպասում էինք:

Հանդիպեցինք վաստակավոր մանկավարժ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 80-ամյա խնձորեսկցի Յուրի Թունյանին, խնդրեցինք պատմել գյուղի առօրյայի եւ հատկապես պատերազմական այս օրերին գյուղի մարդկանց տրամադրության մասին:

Յուրի Թունյանի պատասխանները հուսադրող եւ բոցաշունչ էին…

-Պարոն Թունյան, ինչպիսի՞ն է թշնամու կողմից սանձազերծված պատերազմի՝ Ձեր  գնահատականը:

-Միանգամից ասեմ՝ մենք պատերազմում ենք ահաբեկչական պետություն Թուրքիայի դեմ. Ադրբեջանը նրա հաճկատարն է:

Պատերազմը կարելի է անվանել ադրբեջանաթուրքական, նաեւ հաշվի առնենք, որ նրանց անթաքույց միացել է Իսրայելը՝ ռազմական գերհզոր տեխնիկա սպասարկելով, միացել են սիրիական, արաբական երկրների վարձու ահաբեկիչներ:

Ստացվում է, որ հայ ժողովուրդն այսօր մեն-մենակ կռվում է միջազգային ահաբեկչական տերությունների կամ խմբավորումների դեմ, թեեւ մեզ սատարելու խոսքեր են հնչում աշխարհի շատ երկրներում:

Այս պատերազմը, կարծեք, էն գլխից՝ միտում ունի վերածվելու հայերի երկրորդ ցեղասպանության: Սա լուրջ հանցագործություն է ոչ միայն մեր, այլեւ ողջ մարդկության դեմ:

Չափազանց վրդովված եմ աշխարհի անտարբերությունից, հույս ունեմ՝ կսթափվեն, չեն թողնի այս պատերազմը շարունակվի:

Ինչպե՞ս կարելի է այդքան անզոր լինել, չկարողանալ ներազդել մեկ երկրի՝ Թուրքիայի  ամենաթող սանձարձակության վրա եւ կանխել նրա գործողությունները:

-Ի՞նչ եք կարծում՝ Արցախյան առաջին պատերազմի հերոսական ոգին այսօր պահպանվե՞լ է մեզանում:

-Ոչ միայն պահպանվել է, այլեւ այսօր այդ ոգին ավելի է հզորացել: Մեր ժողովուրդն առավել միասնական ու համախումբ է գործում, կռվող երիտասարդներն անօրինակ սխրանքներ են գործում: Ես ցավը տանեմ մեր 18-20 տարեկան երիտասարդների, բոլորը՝ անխտիր, հերոսներ են: Առանց չափազանցնելու՝ նրանք անցել են իրենց հայրերին ու պապերին, բոլորիս:

Սիրտս մղկտում է ամեն մի զինվորի նահատակության գույժը լսելիս…

Հրաշք, հրաշք երիտասարդներ ունենք: Փառք ու պատիվ նրանց, նաեւ հերոս նահատակներին:

Հպարտանում եմ նրանցով, սգում եմ յուրաքանչյուր զոհի համար, բայց սփոփվում եմ, որ նրանք հավերժ ապրող ազգի սրբերն են:

Խոնարհում եմ նրանց բոլորի առջեւ՝ անուն առ անուն…

Հայի ոգին, ազգային մտածողությունը նոր թափ են առել…

-Ի՞նչ կասեք թիկունքի մասին, արդյո՞ք նույն ոգեւորությունն է նաեւ մեր թիկունքում, գյուղի բնակչության մեջ:

-Թիկունքը ես եմ, համագյուղացիներս են, իմ ընտանիքն է: Հանուն բանակի ու մեր ազգի հաղթանակի՝ ամեն ինչի պատրաստ ենք՝ ե՛ւ մեծ օգնությունների ու զրկանքների, ե՛ւ սխրանքների ու զենք վերցնելու:

Ինչպես պատրաստ ենք եղել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, էլ ավելի մեծ նվիրումով ու վճռականությամբ պատրաստ ենք հիմա:

Գյուղի ոգին աննախադեպ բարձր է, ժողովուրդը կանգնած է մեկ մարդու պես, պատրաստակամ՝օգնելու Արցախին, մեր բանակին, հաղթահարելու ցանկացած դժվարություն:

Գյուղի երկրապահները պատերազմի առաջին օրից մեկնել են առաջնագիծ, շաբաթներ շարունակ կռվում էին թշնամու դեմ, պաշտպանում մեր սահմանները: 

Հինավուրց Խնձորեսկն իր փառավոր ավանդույթները սրբորեն պահպանում է:

-Գուցե հավաստի չէ, բայց տեղեկացել ենք, որ ստեղծված պատերազմական իրավիճակում, հատկապես՝ Ներքին Խնձորեսկից մարդիկ են ժամանակավոր դուրս գալիս, կամ՝տեղափոխվում, մեկնում ապահով բնակավայրեր: Արդյո՞ք դա ճշմարիտ է:

-Կան հատուկենտ դեպքեր, երբ ծծկեր երեխատերերը ժամանակավոր տեղափոխվել են այլ վայրեր, եւ ուրիշ ոչինչ. ես դա նորմալ եմ համարում, նույնիսկ՝ անհրաժեշտ, քանզի դժվարին այս ժամին եւս մենք պետք է մտածենք վաղվա օրվա ու ազգի ապագայի մասին:

Գյուղի որեւէ տղամարդ՝ թե Ներքին Խնձորեսկից, թե՝ Խնձորեսկից, չի բացակայել, այսօր էլ նրանք՝ ընտանիքներով, ապրում եւ շենացնում են գյուղը՝ նաեւ այդկերպ ոգեշնչում կրակագծում գտնվող տղաներին:

Իսկ մանկահասակ երեխաների տարհանման ներկայիս հատուկենտ դեպքերն ամենեւին էլ նորություն չեն.  այդպես է եղել նաև Արցախյան առաջին պատերազմի օրերին, 5-10 ծծկեր երեխայի մայրերը խելամտորեն դուրս են տարել իրենց զավակներին: Նույնիսկ այդպիսի հրաման էր եղել՝ մանուկներին դուրս հանել ճակատամերձ գոտուց:

Խնձորեսկցին ոչնչից վախ չունի, ո՛չ կռվելուց, ո՛չ էլ՝ մեռնելուց, գյուղը, ըստ էության, ամբողջական է, ոչ մեկիս մտքով չի էլ անցնում նույնիսկ ժամանակավոր լքել տները:

Ես եւ իմ բոլոր համագյուղացիները, անկախ տարիքից, վերստին անդամագրվում ենք գյուղի ինքնապաշտպանական ջոկատին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը…

Իսկ եթե մեր մարզի որեւէ գյուղում կա խուճապ եւ կա մարզից թիկունք փախչելու ու ապահով տեղում պատսպարվելու մարդ, ապա ես նրան հետեւյալը կասեմ՝ արժանապատիվ ոչ մի սյունեցի այսօր չի կարող հեռանալ իր բնօրրանից, իսկ ովքեր հեռանում են՝ նրանք այլեւս ու ընդմիշտ զրկվում են Սյունիք վերադառնալու եւ սյունեցի կոչվելու բարոյական իրավունքից:

Յուրաքանչյուր մարդ, ով այստեղ օրորոց ունի, նախնյաց ու մերձավորի գերեզման ունի, ծնվել, մեծացել է այստեղ, պարտք է այս հողին, օրորոցին, ուստի եւ պարտավոր է ամեն գնով տեր կանգնել այս հողին:

Եթե հայրենիքի օրհասական պահին դու լքում ես հայրենի հողդ, օրորոցդ, ուրեմն, դու ապերախտ ես եւ ապիկար. այսքանը կասեմ:

Վաղը նա ի՞նչ երեսով է նորից վերադառնալու…

Մենք՝ գյուղի, թե Սյունիքի բնակչությունս գնալու, տեղ չունենք, մեր տեղը մեր հայրենի հողն է, որտեղ ծնվել եւ ապրում ենք ու մեր սերունդներով դեռ ապրելու ենք հազարամյակներ շարունակ:

Այնպես որ՝ Սյունյաց աշխարհի ե՛ւ լավ, ե՛ւ վատ օրերը մերն են ու լինելու են մերը հավիտյան:

 

 

Հարցազրույցը՝ Սուսաննա Բաբաջանյանի եւ Սամվել Ալեքսանյանի

                                                                                                                     20 հոկտեբերի 2020թ.

 

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին

25.11.2024 10:56

Ըստ Ալիևի՝ նավթն ու գազն «Աստծո նվերն են». COP29-ն ավարտվեց նույնքան աղմուկով ու սկանդալային, որքան ընթացել էր

25.11.2024 10:50

Միակն ու անկրկնելին․ Ֆրանսիայի դեսպանի ազդանշանը՝ Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը

24.11.2024 21:32

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով

24.11.2024 18:03

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

24.11.2024 14:36

ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին հորդորում է նախքան սպառազինությունների ձեռքբերման մասին նյութեր հրապարակելը ճշտումներ կատարել գերատեսչության հետ

24.11.2024 14:09

Հանդիպում Արծվանիկի բնակիչների հետ

24.11.2024 11:03

Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

23.11.2024 19:50

Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

23.11.2024 19:43

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48