Սյունիքը Հայ առաքելական եկեղեցու և Հայոց նվիրապետի հետ է...

16.02.2024 12:44
1890

Նախ խոստովանենք և փաստենք՝ ամբողջական Սյունիքի անունից խոսելու իրավունք, ցավոք, որևէ մեկն այսօր չունի։ Ուստի և ներկայացվող խոսքը մեր անունից է ու մեր բազմահազարանոց լսարանի անունից...

Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, լրջագույն տարակույսների տեղիք է տալիս։ Պատերազմը մեր դուռն է ծեծում. դա խոստովանում, այդ մասին բարձրաձայնում են բոլորը՝ ՀՀ վարչապետից մինչև միջազգային կազմակերպությունների և աշխարհի ուժային կենտրոնների ներկայացուցիչներ։ Եվ բախտորոշ ու ճակատագրական այս ժամին, հայոց պետության ու պետականության պաշտպանության գործին ազգովի լծվելու, համախմբվելու և մեկ բռունցք դառնալու  փոխարեն, Հայ առաքելական եկեղեցու շուրջ խարդավանքներ ենք հյուսում՝ էլ ավելի մասնատելով մեր ազգը, կրկին ջուր լցնելով քարե դարի կանոններով առաջնորդվող թշնամու ջրաղացին։

Ստեղծված վիճակը Սյունիքում լրջագույն մտահոգությունների տեղիք է տվել...

Պատճառներից առաջինը, ինչպես նշեցինք, նոր պատերազմի սպառնալիքն է։

Մյուս պատճառը Սյունիքի պատմական պատասխանատվությունն է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Այո, Հայաստանում քրիստոնեության տարածման, քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում Սյունիքն առանձնահատուկ տեղ է ունեցել և ունի։

Այդ դիտարկումը հիմնավորել և ընթերցողին ենք ներկայացրել դեռևս 2018 թ. հուլիսի 28-ի մեր հրապարակման մեջ՝ «Սյունյաց թեմը, հիմնված Սուրբ Գրիգորի կողմից, չի կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Հայոց նվիրապետի շուրջ»։

Այսօր ստիպված ենք այդ հոդվածը կրկին դնել ընթերցողի սեղանին, քանզի չեն փոխվել ոչ ներկայացված փաստարկները, ոչ եզրակացությունները, ոչ էլ մեր դիրքորոշումը։ Ավելին, դրանք ավելի հրատապ են դարձել՝ պայմանավորված այն վտանգավոր զարգացումներով, որ տեղի են ունենում Սյունիքի շուրջ։

Ստորև՝ հիշատակված հոդվածն ամբողջությամբ։

 

***

Նորություն ասած չենք լինի, եթե հիշեցնենք, որ քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել առաքյալների ժամանակներում՝ կապված Թադեոս եւ հատկապես Բարդուղիմեոս առաքյալների հետ, ովքեր սուրբ Ավետարանի ճշմարիտ ուսմունքի քարոզումը սկսեցին Սյունիքից:

Ահա Ստեփանոս պատմիչի վկայությունը. «…Հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները, որոնք սուրբ Ավետարանին հնազանդվեցին Բարդուղիմեոս սուրբ առաքյալի միջոցով… Բարդուղիմեոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով եւ անցնելով Երասխ գետը՝ մտնում է Սիսականի սահմանները, սկսում է քարոզել Որդվատ գյուղում, Արեւիք գավառում, Բաղքում եւ Գողթնում: Սրանք, ընդունելով Ավետարանի քարոզությունը, լուսավորվեցին ավազանի մկրտությամբ…» (Սյունիքի պատմություն, Երեւան, 1986, էջ 76):

Այնուհետեւ՝ Սյունյաց մեծ իշխանը Թորգոմա տան ընտիր իշխանների, կուսակալների, կողմնակալների մեջ էր, որոնց հավաքեց աստվածապսակ Տրդատ թագավորը եւ ուղարկեց Կապուտկացոց կողմերը՝ Կեսարիա քաղաքը, որ հայերեն Մաժաք են կոչել, որպեսզի տանեն Գրիգորին ու Հայոց երկրի քահայանապետ ձեռնադրեն:

Վերադառնալիս Սյունյաց մեծ իշխանն առաջիններից էր, ով իր գնդով Եփրատում լուսավոր մկրտություն ստացավ:

Այնուհետեւ՝ մատենագրական վկայությունները եւ Ագաթանգեղոսի տվյալները հաստատում են, որ Լուսավորչի կողմից է հիմնվել Սյունյաց եպիսկոպոսությունը, որի անդրանիկ առաջնորդը երանելի Գրիգորիսն էր՝ ձեռնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից:

Սյունյաց Անդոկ իշխանն էլ (հայոց ուրիշ իշխանների գլուխ անցած) Ներսես Մեծին ուղեկցեց Կեսարիա՝  Եվսեբի հայրապետի մոտ՝ ձեռնադրվելու Ամենայն հայոց կաթողիկոս: Ապա մեծ ժողովով Սյունիքի եպիսկոպոսությունը հռչակվեց Սյունյաց մետրոպոլիտություն, Սյունիքը՝ պատրիարքի նախաթոռ, որ հունարեն լեզվով կոչվում է պրոտոֆրոնտես Մեծ Հայքի:

Եվ այդ կարգավիճակը շարունակվեց դարեր շարունակ:

Իսկ Սուրբ Սահակի եւ Մեսրոպի կողմից՝ Հայոց մեջ նախաթոռ վարդապետությունը, նաեւ գրքերի մեկնության ու թարգմանության իրավունքը միայն Սյունիքի մետրոպոլիտությանը շնորհվեց:

Հետագա դարերում էլ Սյունիքն անգերազանցելի դեր խաղաց ունիթորության, քաղկեդոնության դեմ պայքարում: Չլիներ Սուրբ Հովհան Որոտնեցու եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացու եռանդուն գործունեությունը, միգուցե եւ Հայ առաքելական եկեղեցին անդառնալի կորուստներ ունենար պապության նվաճողական ձգտումների օրերում:

Նույն չափ բացառիկ էր Սյունյաց աթոռի դերակատարությունը դեգերումների մեջ հայտնված Հայոց եկեղեցական աթոռն Էջմիածնում վերահաստատելու գործում: Սյունյաց եպիսկոպոսությունն էր, տիեզերահռչակ Գրիգոր Տաթեւացու գլխավորությամբ, որ պայքարում էր Վաղարշապատում վերականգված տեսնելու կաթողիկոսի գահը, ինչն էլ իրականացվեց եռամեծար փիլիսոփայի եւ աստվածաբանի աշակերտների կողմից՝ 1441-ին, որով եւ ավարտվեց Հայոց կաթողիկոսական աթոռի 1000-ամյա աստանդական ու դեգերումներով լեցուն շրջանը:

Ոչ պակաս հիշարժան է Սյունիքի դերը նաեւ 17-րդ դարասկզբին, երբ Մայր աթոռը կանգնած էր լինել-չլինելու ստույգ սպառնալիքի առջեւ: Եվ միայն Մովսես Տաթեւացի (Խոտանանցի) բարեփոխիչ կաթողիկոսի ջանքով չեզոքացվեց Հայ առաքելական եկեղեցու պառակտման վտանգը, աղբակույտերից մաքրվեց եւ վերաշինվեց Մայր աթոռը, վերջ դրվեց աթոռակից կաթողիկոսների արատավոր ավանդույթին:

Չենք խոսում աստվածության գանձարան, Սիսական տան բոլոր վանքերի գլուխ եւ շնորհաբաշխության աղբյուր Տաթեւի, ինչպես եւ Սյունյաց 49 վանքերի մասին, որոնք հարյուրավոր տարիներ շարունակ արթուն են պահել Քրիստոսի ուսմունքը ոչ միայն մեր լեռնաշխարհում, որոնցից (թեեւ մի մասն ավերված է) շարունակում է հորդալ հավատ եւ հույս մինչեւ այսօր:

Պատմական փաստարկների թվարկումը եւ Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ Սյունիքի դերակատարության ցուցանումը կարող ենք շարունակել, բայց, կարծում ենք, ասվածը բավական է մեր մտահոգությունները հիմնավորելու համար:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ մեր ասելիքի համար նախաբան կամ պատվանդան ընտրեցինք պատմական եղելություններից մի քանի դրվագ:

Դրանով, նախեւառաջ, կամեցանք վերստին հիշել ու հիշեցնել պատմական իրողությունը՝ Սյունիքն անգերազանցելի դեր է խաղացել Հայաստան աշխարհում քրիստոնեության տարածման, քրիստոնեական արժեքների սերմանման, Հայ առաքելական եկեղեցու լինելիության ապահովման, մեր դավանանքի անաղարտության պահպանման աստվածահաճո գործերում:

Ասվածով վերահաստատեցինք այսօրվա սերնդակիցներից շատերի  անքննելի, անսակարկելի հավատամքն ու վճռականությունը, որ տեր ենք մեր նախնիներից փոխանցված սրբազան ժառանգությանը, որ այդ ամենի հավատարիմ շարունակողն ենք:

Եվ այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայոց նվիրապետի շուրջ, դատապարտում ենք ամենայն խստությամբ ու անթույլատրելի համարում նմանատիպ գործողությունների հետագա կրկնումը:

Մենք ակնկալում ենք Հայոց պետությունից, երկրի բարձր իշխանությունից, որ խստագույնս կդատապարտեն տեղի ունեցած արգահատելի գործողությունները եւ ոչ մի պարագայում թույլ չեն տա նմանատիպ գործողությունների շարունակումը:

Մենք, իհարկե, չենք հերքում իրողությունը, որ Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքում, հոգեւոր բովանդակությանն առնչվող հարցերում կան բազում մտահոգություններ, որոնք ողջամիտ եւ քաղաքակիրթ քննարկման պետք ունեն. «Սյունյաց երկրի» խմբագրակազմն էլ, հարկ եղած դեպքում, հաճույքով կմասնակցի նման քննարկումներին եւ բանավեճերին:

Սյունյաց մեծերից մեկ ուրիշը՝ Նիկողայոս Ադոնցն էր ասում՝ «Դարեր շարունակ երկրի քաղաքական վիճակի փոփոխությունների հետ փոփոխվել է նաեւ հայ եկեղեցին՝ հարմարվելով նոր պայմաններին» (Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երեւան, 1987, էջ 359):

Առանց վերապահումի համաձայն ենք մեծ հայագետի հետ՝ ենթադրելով, անշուշտ, որ խոսքը դավանաբանական հարցերի մասին չէ, այլ գործելակերպի:

Մեծն Ադոնցի դիտարկումից բխեցնում ենք՝ աշխարհում, նաեւ մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ փոփոխությունները պիտի կատարել Հայ առաքելական եկեղեցում եւս:

Եթե կան հարցեր՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին առնչվող, դրանք նույնպես պետք է հիմնավոր պատասխան ստանան: Բայց այն մեթոդը, այն գործելակերպը, պայքարի այն եղանակը, որ ընտրել են ոմանք, ինչին եւ ականատես եղանք, մեծագույն վիրավորանք է նախեւառաջ մեր պետականությանն ու ինքնիշխանությանը, ապա եւ Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես եւ հավատավոր ամեն մի հայի:

Հայ առաքելական եկեղեցին բոլորինս է, յուրաքանչյուրինս է, նաեւ իմ ու ձեր նախնիներինն է, իմ ու ձեր զավակներինն ու թոռներինն է, այսօրվա ու վաղվա Հայաստանինն է, Արցախ աշխարհինն է, նաեւ սփյուռքահայությանը:

Եվ հանրության որեւէ խմբի քայլերը, եթե անգամ փաստարկված լինեն, ինքնիրավչություն են, անթույլատրելի արարքներ: Ավելին, նման քայլերով չենք կարող եկեղեցու առջեւ ծառացած որեւէ խնդիր լուծել:

Մի խոսքով՝ պետք չէ բանը հասցնել այնպիսի վտանգավոր հանգրվան, որ Հայաստանի տարբեր վայրերից հավատավորներն ու Հայ առաքելական եկեղեցու նվիրյալները հասնեն Սուրբ Էջմիածին եւ պաշտպան կանգնեն Հայոց նվիրապետին:

Սամվել Ալեքսանյան

 

 

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48